ՀՀ Կառավարության ներկայացրած 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը լուրջ մտահոգություններ է առաջացրել գիտական համայնքում, քանի որ այն չի ապահովում այս տարի ավելի վաղ ընդունված Գիտության զարգացման ռազմավարությամբ նախատեսված ֆինանսավորման աճը։

NEWS.am Tech-ը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Պավել Ավետիսյանի հետ զրուցել է Հայաստանում գիտության զարգացման վրա ֆինանսավորման ներկայիս քաղաքականության հնարավոր ազդեցության, ինչպես նաև գիտնականների, մասնավորապես՝ Գիտությունների ազգային ակադեմիայի հետագա քայլերի մասին։

Պարոն Ավետիսյան, կառավարության 2027 թվականի բյուջեի նախագիծը լուրջ մտահոգություններ է առաջացրել գիտական հանրության մոտ, քանի որ այն չի նախատեսում գիտության ֆինանսավորման խոստացված աճը։ Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ են շատերը կարծում, որ կառավարությունը հրաժարվում է գիտության զարգացման իր իսկ մշակած ռազմավարությունից։

Վերջին տարիներին բավական կարևոր փոփոխություններ կատարվեցին Հայաստանում գիտության զարգացման ուղղությամբ՝ ֆինանսավորման աննախադեպ աճ, գիտաշխատողների վարձատրության բարձրացում, գիտական ենթակառուցվածքների և սարքավորումների ֆինանսավորում, նոր դրամաշնորհային մեխանիզմների կիրառում։ Այս ամենը խոսում էր գիտության հետագա զարգացման լրջագույն նախադրյալների ու դրական դինամիկայի մասին։

Բայց այսօր հարցն այն է՝ արդյոք այդ դրական դինամիկան շարունակվելու՞ է այն տեմպով, որը անհրաժեշտ է պետության կողմից ընդամենը վերջերս ընդունված գիտության զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար։ Նման հարցը դառնում է օրակարգային, քանի որ 2027 թ․ բյուջեով ֆինանսավորման նախատեսվող աճը չի համապատասխանում ռազմավարության իրականացման համար նախատեսված տեմպին։

Կարծում եմ գիտական հանրության մտահոգությունը տեսանելի է երեք հիմնական ասպեկտներով։

Նախ՝ վերջին տարիներին ձեռք բերված դրական արդյունքները չպետք է կորցնել։ Երկրորդ՝ գիտության ֆինանսավորման խնդիրը ոչ միայն փողի, այլ կանխատեսելիության և շարունակականության խնդիր է։ Երրորդ՝ 2027 թվականի բյուջեն պետք է գնահատել ոչ թե մեկ տարվա թվերով, այլ այն հարցով, թե արդյոք այն մեզ տանում է դեպի 2030 թվականի ռազմավարական նպատակները, թե այդ ճանապարհի վրա առաջանում է ֆինանսական ճեղք։

Մենք ունենք մինչև 2030 թվականը գիտության պետական ֆինանսավորումը ՀՆԱ-ի 0.75 տոկոսին հասցնելու ռազմավարական նպատակ։ Սա պարզապես ցանկություն չէ։ Դա պետության կողմից ընդունված ռազմավարական թիրախ է։ Բայց ռազմավարական թիրախը ինքն իրեն չի իրականանում։ Դրան պետք է տանող ֆինանսավորման ճանապարհ լինի՝ 2027, 2028, 2029 թվականների հստակ քայլերով։

Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ այդ առումով լուրջ անհամապատասխանություն կա։ Ռազմավարության իրականացման և 2027 թվականին բյուջեի նախագծով նախատեսվող ֆինանսավորման աճի միջև էական տարբերություն կա։

Այնուհանդերձ ես չէի շտապի ասել, որ կառավարությունը հրաժարվել է իր ռազմավարությունից։ Այդպիսի պաշտոնական որոշում չկա։ Բայց բյուջեի նախագիծը շատ լուրջ հարց է առաջացնում․ եթե մենք ունենք հավակնոտ ռազմավարություն, ապա որտե՞ղ է դրա ֆինանսական ճանապարհային քարտեզը։

Եվ սա, իմ կարծիքով, այս ամբողջ քննարկման առանցքային հարցն է։ Որովհետև գիտության ռազմավարությունը նպատակների ցանկ չէ։ Այն պետք է լինի նաև պետության երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների ճանապարհային քարտեզը։ Այս իմաստով 2027 թվականի բյուջեն պարզապես մեկ տարվա բյուջե չէ։ Այն ազդանշան է տալիս, թե պետությունն ինչպիսի՞ արագությամբ է պատրաստվում շարժվել դեպի իր իսկ սահմանած նպատակները։

Ի՞նչ վտանգներ է պարունակում առաջարկվող բյուջեն ընթացիկ կամ ծրագրված դրամաշնորհային ծրագրերի, գիտության երիտասարդացման ու ընդհանուր առմամբ գիտության ոլորտի այն բարեփոխումների համար, որոնք իրականացվում էին վերջին տարիներին։

Ձեր հարցին պատասխանելուց առաջ շեշտադրենք գերկարևոր մի հանգամանք։ Գիտական համակարգը պետք է ոչ միայն պահպանի արդեն գոյություն ունեցողը։ Այն պետք է անընդհատ ստեղծի նոր գիտական խմբեր, նոր հետազոտական ուղղություններ, նոր մասնագետներ։ Եթե ֆինանսավորումը չի աճում այնպես, ինչպես նախատեսված է ռազմավարությամբ, առաջին հերթին սահմանափակվում է հենց այդ հնարավորությունը։

Հիմա վտանգների մասին։ Այստեղ ես մի քանի մակարդակի վտանգներ եմ տեսնում․

Առաջինը՝ գործող ծրագրերի շարունակականության խնդիրն է։ Եթե նախագծված ծրագրերի ֆինանսավորումը բավարար չափով ապահովված չէ, գիտական խումբը չի կարողանում բնականոն կերպով պլանավորել իր աշխատանքը։ Գիտական հետազոտությունը մեկ տարվա գործունեություն չէ. շատ ծրագրեր պահանջում են մի քանի տարվա շարունակականություն։

Երկրորդը՝ նոր հետազոտությունների և նոր գիտական խմբերի ձևավորման խնդիրն է։ Եթե հետազոտական դրամաշնորհների ֆինանսավորումը չի աճում, ապա առաջին հերթին սահմանափակվում է նոր գիտական գաղափարների մրցակցային ֆինանսավորման հնարավորությունը։ Իսկ դա հատկապես վտանգավոր է երիտասարդ գիտնականների համար։ Մենք վերջին տարիներին գիտության երիտասարդացման մասին շատ ենք խոսել։ Բայց երիտասարդացումը միայն երիտասարդներին գիտական համակարգ աշխատանքի ընդունելը չէ։ Երիտասարդ գիտնականը պետք է հնարավորություն ունենա ձևավորելու սեփական հետազոտական խումբ, ստանալու դրամաշնորհ, աշխատելու սարքավորումներով և ունենալու առնվազն մի քանի տարվա մասնագիտական հեռանկար։ Եթե այդ հնարավորությունը չկա, մենք կարող ենք ունենալ հակառակ գործընթացը՝ երիտասարդների արտահոսք։

Երրորդ խնդիրը համակարգի երկարաժամկետ վստահությունն է։ Գիտնականը և հատկապես երիտասարդ գիտնականը պետք է իմանա, որ եթե այսօր սկսում է հետազոտական ծրագիր, վաղը դրա շարունակության համար գոյություն ունի կանխատեսելի ֆինանսական միջավայր։ Հետևաբար այստեղ խոսքը միայն մեկ տարվա բյուջեի մասին չէ։ Խոսքը վերջին տարիներին սկսված գիտության երիտասարդացման և համակարգի վերափոխման գործընթացի շարունակականության մասին է։

Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեության վրա։

Այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանի գիտական համակարգում տեղի է ունեցել կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն։ Նոր համակարգում գիտական կազմակերպությունները գիտությունների ազգային ակադեմիայի կազմում չեն, և Ակադեմիան չի հավակնում խոսել նրանց փոխարեն։ Բայց Ակադեմիան ունի և՛ իրավասություն, և՛ պատասխանատվություն՝ որպես գիտական քաղաքականության և փորձագիտական քննարկումների ազգային հարթակ, հասկանալու գիտական կազմակերպությունների դիրքորոշումները և, անհրաժեշտության դեպքում, դրանց հիման վրա ձևավորելու միասնական մասնագիտական դիրքորոշում։

Ակադեմիայի խնդիրն ըստ իս Հայաստանի գիտության կարողության պահպանման և զարգացման մասին խոսելն է։ Դրա համար մենք նախ պետք է լսենք հենց գիտական կազմակերպություններին։

Ի՞նչ են նրանք տեսնում 2027 թվականի բյուջեի նախագծում։ Ո՞ր ծրագրերի շարունակականությունն է վտանգված։ Ի՞նչ է դա նշանակում դրամաշնորհների համար։ Ի՞նչ է նշանակում երիտասարդ գիտնականների համար։ Ի՞նչ է նշանակում գիտական սարքավորումների և ենթակառուցվածքների զարգացման համար։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ միջազգային համագործակցության վրա։

Այս հարցերի պատասխանները պետք է ստանանք հենց գիտական կազմակերպություններից։ Եվ այստեղ Ակադեմիայի դերը կարող է լինել շատ կարևոր։ Ոչ թե խոսել նրանց փոխարեն, այլ լսել, համադրել և, եթե ընդհանուր խնդիրներ ու գնահատականներ կան, դրանց հիման վրա ձևավորել միասնական մասնագիտական դիրքորոշում։

Ի՞նչ է մտադիր անել Ակադեմիան իրավիճակը շտկելու համար, քանի դեռ 2027 թվականի բյուջեն չի ընդունվել։

Առաջին և ամենակարևոր բանն այն է, որ բյուջեն դեռ ընդունված չէ։ Այսինքն՝ քննարկման և առաջարկությունների համար ժամանակ կա։ Ես կարծում եմ՝ այս փուլում պետք է աշխատել շատ կոնկրետ հարցերի շուրջ։ Քանի որ գիտական կազմակերպություններն այլևս Ակադեմիայի կազմում չեն, մենք պետք է ուղղակիորեն հասկանանք նրանց դիրքորոշումը։ Պետք է ոչ թե ենթադրել, թե ինչ խնդիրներ ունեն, այլ հարցնել նրանց՝ այս բյուջեն ինչ ազդեցություն է ունենալու իրենց գործունեության վրա։ Կարծում եմ կարևոր է հասկանալ, թե որ ծրագրերն են վտանգվում, ինչ նոր ծրագրեր չեն կարող իրականացվել, ինչ ազդեցություն է լինելու երիտասարդ գիտնականների վրա, ինչ ենթակառուցվածքային խնդիրներ են առաջանալու և ամենակարևորը՝ որ ռազմավարական նպատակներն են վտանգվում տվյալ ֆինանսավորման պայմաններում։

Դրանից հետո, եթե գիտական կազմակերպությունների և գիտությունների ազգային ակադեմիայի գնահատականների միջև ձևավորվի ընդհանուր դիրքորոշում, կարծում եմ՝ այդ միասնական մասնագիտական դիրքորոշմամբ պետք է դիմել պատկան մարմիններին՝ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներին։ Կարևոր է հիմնավորված ներկայացնել, թե ինչ է տեղի ունենալու գիտության հետ այդ ֆինանսավորման պայմաններում, որ ռազմավարական նպատակներն են դառնալու անհասանելի, և ինչ նվազագույն ֆինանսական պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի վերջին տարիներին սկսված բարեփոխումների գործընթացը չընդհատվի։

Կարծում եմ՝ սա ամենակառուցողական ճանապարհն է։

Անահիտ Սարգսյան