Ճապոնացի գիտնականները ստեղծել են բջիջներ, որոնք միավորում են կենդանիների և ջրիմուռների գենետիկական նյութը։ Planimal cells («պլանիմալ բջիջներ») անվանումը ստացած հիբրիդները պահպանում են օտարածին ԴՆԹ-ն ավելի քան 150 սերունդ շարունակ և շարունակում են նորմալ կիսվել։ Սա առաջին հաստատված դեպքն է, երբ էվոլյուցիոն առումով այսքան հեռու օրգանիզմների գեներն հաջողվել է միավորել մեկ բջջում և ապահովել դրանց կայուն պահպանումը։
Այս հայտնագործությունը կարող է կարևոր քայլ դառնալ այնպիսի բջջային համակարգերի ստեղծման ճանապարհին, որոնք ընդունակ են օգտագործել բուսական օրգանիզմների առանձին առավելությունները. օրինակ՝ ֆոտոսինթեզի հաշվին թթվածին արտադրել, շրջակա միջավայրից ինքնուրույն ստանալ ազոտ և սինթեզել օգտակար նյութեր։ Հեռանկարում նման տեխնոլոգիաները կարող են փոխել դեղամիջոցների և այլ կենսաբանական արտադրանքների արտադրությունը, ինչպես նաև նվազեցնել բջջային արտադրությունների ծախսերն ու բնապահպանական ծանրաբեռնվածությունը։
Հետազոտությունն իրականացրել է գիտնականների միջազգային խումբը՝ Տոկիոյի համալսարանի, Տոկիոյի գիտության համալսարանի, Կինդայի համալսարանի և ճապոնական այլ գիտական հաստատությունների մասնագետների մասնակցությամբ։ Արդյունքները հրապարակվել են 2026 թվականի նոյեմբերի 12-ին Nature Communications ամսագրում։
Ինչպես հաջողվեց միավորել երկու գենոմները
Փորձի համար հետազոտողներն օգտագործել են Cyanidioschyzon merolae միաբջիջ կարմիր ջրիմուռը և հաբստերի կուլտիվացվող բջիջները։ Այս օրգանիզմները պատկանում են էվոլյուցիոն տարբեր ճյուղերի, ուստի նրանց գենետիկական համակարգերը զգալիորեն տարբերվում են։
Գիտնականները միավորել են ջրիմուռը կենդանական բջիջների հետ, իսկ այնուհետև հետևել, թե ինչ է տեղի ունենում գենետիկական նյութի հետ միաձուլումից հետո։ ԴՆԹ-ի բարձր ճշգրտության հաջորդականության (սեքվենավորման) միջոցով նրանք պարզել են, որ ջրիմուռի գենետիկական նյութն անմիջապես ներդրվել է կենդանական բջջի քրոմոսոմների մեջ։ Այլ կերպ ասած՝ օտարածին ԴՆԹ-ն պարզապես ժամանակավորապես առկա չէր բջջի ներսում, այլ դարձել էր դրա քրոմոսոմային նյութի մաս։
Hատկապես կարևորվեց այն հանգամանքը, որ ստացված հիբրիդային բջիջները շարունակում էին նորմալ կիսվել ավելի քան 150 սերունդների ընթացքում։ Յուրաքանչյուր բաժանման ժամանակ նրանք սերունդներին էին փոխանցում ջրիմուռի ԴՆԹ-ն։ Սա սկզբունքորեն տարբերում է արդյունքը առանձին գեների կարճատև տեղափոխությունից, որոնք կարող են անհետանալ բջջային բաժանման մի քանի ցիկլից հետո։
Սակայն հետազոտողները հայտնաբերել են ևս մեկ հետաքրքիր մեխանիզմ, որը բացատրում է, թե ինչպես է կենդանական բջիջը կարողացել ընդունել օտարածին գենետիկական տեղեկատվության այդպիսի մեծ ծավալ։ Պարզվել է, որ հիբրիդային բջջում ջրիմուռի գեների ավելի քան 95%-ը մնացել է անակտիվ։ Կենդանական բջիջն իրականում ճնշել է դրանց աշխատանքը էպիգենետիկական մեխանիզմների միջոցով. օտարածին ԴՆԹ-ի վրա հայտնվել են քիմիական նշաններ, մասնավորապես՝ մեթիլային խմբեր, որոնք նպաստել են դրա խտացմանը և արգելափակել գենետիկական տեղեկատվության ընթերցումը։
Գիտնականներն այս մեխանիզմն անվանել են էպիգենետիկական վերահսկողություն կամ յուրօրինակ «անցագրային մեխանիզմ»։ Այն թույլ է տալիս բջջին պահպանել օտարածին ԴՆԹ-ն՝ միաժամանակ սահմանափակելով դրա ակտիվությունը։ Փորձերը այն բջիջների հետ, որոնք զուրկ էին ԴՆԹ-ի մեթիլացմանը մասնակցող որոշակի ֆերմենտից, հաստատեցին այս գործընթացի կարևորությունը. առանց դրա հիբրիդային բջիջների ստացման արդյունավետությունը կտրուկ նվազում էր, իսկ տեղափոխված ԴՆԹ-ն աստիճանաբար կորչում էր։
Այս հայտնագործությունը կարևոր է ոչ միայն անսովոր հիբրիդային բջիջներ ստեղծելու համար։ Այն օգնում է հասկանալ, թե սկզբունքորեն ինչպես կարող է տեղի ունենալ գենետիկական նյութի մեծ հատվածների տեղափոխությունը էվոլյուցիոն հեռու օրգանիզմների միջև և ինչպես է բջիջը հարմարվում օտարածին ԴՆԹ-ի հայտնվելուն։
Ինչու են կենդանական բջիջներին պետք բուսական կարողությունները
Այս տեխնոլոգիայի գլխավոր հեռանկարը կապված է կենդանական բջիջները այնպիսի գործառույթներով օժտելու հնարավորության հետ, որոնք բննության մեջ բնորոշ են բույսերին և ջրիմուռներին։
Բույսերը կարող են օգտագործել արևի լույսը, ջուրը և ածխաթթու գազը օրգանական նյութեր արտադրելու համար։ Կենդանական բջիջներն այլ կերպ են կառուցված. անհրաժեշտ օրգանական միացությունները նրանք ստանում են արտաքին միջավայրից։ Եթե գիտնականներին հաջողվի կենդանական բջիջներ տեղափոխել և աշխատեցնել բուսական առանձին կենսաքիմիական մեխանիզմներ, դա էականորեն կընդլայնի բջջային ճարտարագիտության հնարավորությունները։
Ամենահետաքրքրական ուղղություններից մեկը ֆոտոսինթեզն է։ Հեռանկարում կենդանական բջիջները կկարողանան օգտագործել լուսային էներգիան և ածխաթթու գազը օրգանական նյութերի արտադրության որոշակի գործընթացների համար։ Բացի այդ, ֆոտոսինթեզն ուղեկցվում է թթվածնի արտազատմամբ, ինչը հնարավորություններ է բացում այնպիսի բջջային համակարգերի մշակման համար, որոնք ընդունակ են ինքնուրույն ապահովել իրենց թթվածնով։
Օրինակ՝ հետազոտողները դիտարկում են բժշկական կիրառման համար բջիջների ստեղծման հեռանկարը, որոնք կարող են թթվածին արտադրել անմիջապես դրա անբավարարության պայմաններում։ Սա պոտենցիալ հետաքրքրություն է ներկայացնում վնասված հյուսվածքների բուժման նոր մոտեցումների մշակման համար, որտեղ թթվածնամատակարարումը սահմանափակ է։ Սակայն խոսքը դեռևս ապագա հետազոտությունների ուղղության մասին է, այլ ոչ թե պատրաստի բժշկական տեխնոլոգիայի։
Եվս մեկ հեռանկարային ուղղություն է ազոտֆիքսումը։ Որոշ միկրոօրգանիզմներ ընդունակ են մթնոլորտային ազոտը, որն անհասանելի է կենդանի բջիջների մեծ մասի անմիջական օգտագործման համար, վերածել այնպիսի միացությունների, որոնք կարող են ներառվել կենսաբանական գործընթացների մեջ։ Համապատասխան գենետիկական մեխանիզմների տեղափոխումը կարող է ընդլայնել բջջային արտադրությունների հնարավորությունները և նվազեցնել արտաքին սննդարար որոշ բաղադրիչների պահանջարկը։
Վերջապես, գիտնականներն ակնկալում են տեխնոլոգիան օգտագործել օգտակար նյութերի արտադրության համար։ Եթե հաջողվի տեղափոխել և ակտիվացնել գեների անհրաժեշտ խմբերը, բջիջները կկարողանան սինթեզել այնպիսի միացություններ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում բժշկության, դեղագործության և կենսատեխնոլոգիական արդյունաբերության համար։
Բժշկության և էկոլոգիական արտադրությունների պոտենցիալը
Գործնական նշանակությունն այս հայտնագործության դուրս է գալիս հիմնարար կենսաբանության սահմաններից։ Այսօր լաբորատոր պայմաններում բջիջների աճեցումն օգտագործվում է պատվաստանյութերի, դեղամիջոցների, հակամարմինների, ֆերմենտների և այլ կենսաբանական արտադրանքների արտադրության համար։ Սակայն նման գործընթացները պահանջում են վերահսկվող միջավայր, սննդարար նյութեր, թթվածին և զգալի էներգետիկ ծախսեր։
Նոր նյութափոխանակային հնարավորություններով բջիջների ստեղծումը պոտենցիալ թույլ կտա փոխել այս մոդելը։ Օրինակ՝ եթե հետազոտողները սովորեն դրանցում ներառել ֆոտոսինթեզի մեխանիզմները, բջիջները կկարողանան օգտագործել լույսը և ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ միացությունների մի մասը ստանալու համար։ Սա կարող է նվազեցնել սննդարար միջավայրի որոշ բաղադրիչների արտաքին աղբյուրներից կախվածությունը և փոքրացնել կենսատեխնոլոգիական արտադրությունների բնապահպանական ծանրաբեռնվածությունը։
Ազոտֆիքսող մեխանիզմներն օգտագործելու հնարավորությունը նույնպես հետաքրքրություն է ներկայացնում. այն կարող է օգնել մշակել այնպիսի բջջային համակարգեր, որոնք կպահանջեն ավելի քիչ պատրաստի ազոտ պարունակող սննդարար միացություններ։
Երկարաժամկետ հեռանկարում նման տեխնոլոգիաները կարող են կիրառություն գտնել դեղագործական պատրաստուկների, կենսանյութերի և բջջային կուլտուրաների միջոցով ստացվող այլ նյութերի արտադրության մեջ։ Ճապոնացի հետազոտողներն ուղղակիորեն կապում են տեխնոլոգիայի հետագա զարգացումը բջջային կուլտիվացման արժեքի նվազեցման, ածխաթթու գազի արտանետումների կրճատման և օգտակար նյութերի արտադրության եղանակների ընդլայնման հետ։
Այնուամենայնիվ, մինչև գործնական կիրառումը դեռ երկար ճանապարհ կա։ Ստեղծված բջիջները դեռևս լիարժեք ֆոտոսինթեզ չեն իրականացնում, չեն ֆիքսում մթնոլորտային ազոտը և ձեռք չեն բերել ջրիմուռների այլ ֆունկցիոնալ հնարավորություններ։ Այս փուլում գիտնականներն ապացուցել են, որ հնարավոր է օտարածին գենետիկական տեղեկատվության մեծ ծավալ ներդնել կենդանական բջջի քրոմոսոմների մեջ և ապահովել դրա կայուն պահպանումը։ Հաջորդ խնդիրն է՝ սովորել ընտրողաբար ակտիվացնել անհրաժեշտ գեները՝ առանց խախտելու բջջի նորմալ աշխատանքը։










