Meta-ն այս շաբաթ ծրագրում է ամենախոշոր կրճատումներն իր 18-ամյա պատմության մեջ. ինչո՞ւ են ընկերությունում դժվարություններ առաջացել

7 նոյեմբերի, 2022  10:30

Այս շաբաթ Meta կորպորացիան մտադիր է սկսել աշխատակիցների զանգվածային կրճատումներ։ Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, դրանք կլինեն ընկերության 18-ամյա պատմության մեջ ամենախոշոր կրճատումները: Ավելին, դրանք կարող են լինել նաև այս ինդուստրիայում ամենախոշոր կրճատումները սոցիալական ցանցերում ճգնաժամի սկսվելուց ի վեր:

Վկայակոչելով իր աղբյուրները՝ պարբերականը նշում է, որ կրճատումների մասին նախատեսվում է հայտարարել նոյեմբերի 9-ին։ Սակայն աշխատակիցներին արդեն ասվել է, որ չեղարկեն ցանկացած ուղևորություն:

Կրճատումներ Meta-ում և Twitter-ում

Իլոն Մասկը, որը վերջերս է ստանձնել Twitter-ի միանձնյա կառավարումը, նույնպես ծրագրում է զանգվածային կրճատումներ անել ընկերությունում: Լրատվամիջոցների տվյալներով՝ ծախսերը կրճատելու համար նա նախատեսում է կրճատել 3700 աշխատատեղ, այսինքն՝ ընկերության անձնակազմի կեսը։  

Meta-ում կրճատումները կվերաբերեն աշխատակիցների ավելի փոքր մասին, բայց բացարձակ թվով դրանց թիվն ավելի մեծ կլինի, քան Twitter-ում, քանի որ Meta-ում շատ ավելի շատ մարդ է աշխատում՝ ավելի քան 87,000: Իհարկե, դեռ հայտնի չէ, թե նրանցից քանիսին կկրճատեն։ Ինքը՝ Մարկ Ցուկերբերգը, ընկերության երրորդ եռամսյակի եկամուտների մասին հաշվետվության ժամանակ, ասել է, որ հաջորդ տարի որոշ բաժիններ կաճեն, իսկ մյուսները կմնան նույն մակարդակում կամ կնվազեն։ Ընդ որում, 2023-ի վերջում ընկերությունը կա՛մ կունենա նույնքան մարդ, որքան հիմա, կա՛մ մի փոքր ավելի քիչ։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ վերջերս Մետան դադարեցրել է նոր աշխատակիցների աշխատանքի ընդունելու գործընթացը և կրճատել բյուջեն։ Իսկ մինչ այդ՝ 2022 թ․ սեպտեմբերին, լուծարվել էր Facebook-ի Responsible Innovation բաժինը, որի աշխատակիցներին փորձել են տեղափոխել այլ բաժիններում։

Ի՞նչ խնդիրների է բախվել Meta-ն

Կորոնավիրուսային համաճարակի ընթացքում և դրանից հետո Meta-ն, ինչպես և շատ այլ ՏՏ ընկերություններ, ընդլայնել է իր աշխատակազմը։ 2020 և 2021 թվականներին կորպորացիան ընդունել է մոտ 27,000 նոր աշխատակից, իսկ 2022 թ․ առաջին ինն ամիսներին՝ 15,334 աշխատակից։

Այդուհանդերձ, այսօր Meta-ի գործերը լավ չեն ընթանում: Ընկերության բաժնետոմսերի գինն այսօր մոտ 70%-ով ցածր է, քան այս տարվա հունվարին էր։ Բաժնետոմսերի գների անկման պատճառները, ըստ փորձագետների, ոչ միայն մակրոտնտեսական բացասական միտումներն են, այլ նաև սոցիալական մեդիայի ինդուստրիայում առկա խնդիրները և կատաղի մրցակցությունը (այսօր Meta-ն մրցում է չինական TikTok-ի, Apple-ի, Google-ի և շատ ուրիշների հետ): Վերջին շրջանում զգալիորեն դանդաղել է նաև ընկերության ծառայություններից և հավելվածներից նոր օգտվողների թվի աճը։

Altimeter Capital ներդրումային ընկերության ղեկավար Բրեդ Գերսթները, որը նաև Meta-ի ներդրողներից է, հոկտեմբերին բաց նամակով ներկայացրել էր Meta-ի խնդիրների պատճառների վերաբերյալ իր տեսլականը։ Նրա կարծիքով՝ Ցուկերբերգը շտապել է, այսպես կոչված, մետավերսի հարցում։ Նա խորհուրդ էր տվել մետավերսում (Reality Labs) ներդրումները կրճատել տարեկան առավելագույնը մինչև 5 միլիարդ դոլարով: Նա նաև խորհուրդ էր տվել տարեկան կապիտալ ծախսերը կրճատել առնվազն 5 միլիարդ դոլարով՝ 30 միլիարդ դոլարից հասնելով 25 միլիարդ դոլարի, իսկ անձնակազմը կրճատել առնվազն 20 տոկոսով։

Շատ փորձագետներ հաստատում են, որ Meta-ն մեծ գումարներ է ծախսում մետավերսի վրա. ԶԼՄ-ների տվյալներով՝ անցյալ տարվա սկզբից դրա հետ կապված հետազոտությունների և զարգացման մեջ արդեն ներդրվել է 36 միլիարդ դոլար, իսկ անցյալ տարվա սկզբից՝ մետավերսով զբաղվող Reality Labs-ում 15 միլիարդ դոլար ներդրում է արվել:

Այնուամենայնիվ, մետավերսը չի արդարացնում սպասելիքները: Horizon Worlds-ը՝ ընկերության առաջատար նախագիծը, առանձնապես հետաքրքիր չէ օգտատերերին, նույնիսկ ընկերության աշխատակիցներն իրենք գրեթե չեն օգտվում դրանից։ Սկզբում ընկերությունը նախատեսում էր մինչև 2022 թ․ վերջ ունենալ 500,000 ակտիվ օգտատեր, սակայն հետագայում ստիպված եղան իջեցնել նշաձողը մինչև 280,000, քանի որ հասկացան, որ այդքան օգտատեր չեն ունենա։ Ինչևէ, այսօրվա դրությամբ՝ Horizon Worlds աշխարհների միայն 9%-ն է օրական առնվազն 50 այցելու ունենում։

Այլ ընկերություններ ավելի քիչ են ծախսում հետազոտությունների և մշակումների (R&D) վրա և ավելի շատ եկամուտ են ստանում դրանից: Օրինակ՝ Sony-ն տարեկան 5 միլիարդ դոլար է հատկացնում R&D-ի համար (ոչ միայն PlayStation-ի և վիրտուալ իրականության, այլ նաև այլ ոլորտների համար), մինչդեռ տեսախաղերից տարեկան 15,5 միլիարդ դոլար է աշխատում։ Նույնիսկ Apple-ը, որը համարվում է աշխարհի ամենաթանկ ընկերությունը, 2021 թ․ R&D-ի վրա ծախսել է ընդամենը 22 միլիարդ դոլար։

Շատ փորձագետների կարծիքով՝ հենց մետավերսն է ընկերության ամենամեծ սխալ հաշվարկը, քանի որ այս նախագծում հսկայական ներդրումներ են արվում, որոնք չեն վերադարձվում։ Եվ եթե ընկերությունն իսկապես սկսի ավելի քիչ ներդրումներ անել մետավերսում և կենտրոնանա Facebook-ի, WhatsApp-ի և Instagram-ի զարգացման վրա, իրավիճակը կարող է փոխվել դեպի լավը:

Մետավերսի գաղափարն իրականում շատ խոստումնալից է, և հնարավոր է, որ ապագայում իսկապես հաջող նախագիծ ստացվի: Պարզապես նախագիծը պետք է իրականացվի ճիշտ ձևով և ճիշտ ժամանակին։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ