WhatsApp-ը դադարել է աշխատել Nokia-ի որոշ հեռախոսների վրա

17 հուլիսի, 2024  10:14

WhatsApp-ը դադարել է աշխատել KaiOS 2.5.4 և օպերացիոն համակարգի ավելի թարմ տարբերակով աշխատող որոշ սարքերի վրա, պարզել են Reddit-ի օգտատերերը: Nokia 6300 4G օգտագործողներից մեկը հայտնել է, որ մեսենջերը դադարել է աշխատել իր հեռախոսում (հավելվածի տարբերակը՝ 2.2329.13; KaiOS 2.5.4)։ Հեռախոսը գործարանային վիճակի բերելու և հավելվածները վերատեղադրելու փորձերը չեն օգնել:

Պարզվել է, որ խնդիրը զանգվածային բնույթ ունի. WhatsApp-ի 2.2329.13 տարբերակը KaiOS-ով աշխատող սարքերում տեղադրելուց հետո օգտատերերը զրկվել են իրենց օգտահաշիվներ մուտք գործելու հնարավորությունից. հավելվածը, առանց լրացուցիչ մանրամասների, տեղեկացնում է, որ ինչ-որ սխալ է տեղի ունեցել: Հետագայում պարզվել է, որ խնդիրը վերաբերում է հիմնականում նոր օգտատերերին, մինչդեռ նախկին օգտատերերը շարունակում են օգտվել մեսենջերից։

Ոմանք փորձել են խնդիրը լուծել՝ տեղադրելով WhatsApp 2.2329.10-ի ավելի հին տարբերակը, որը պահանջում է հեռախոսի ամսաթիվը փոխել հունիսի 28-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օր, մուտք գործել KaiStore և ներբեռնել հավելվածի վերջին տարբերակը: Սակայն հեռախոսահամարը ստուգելիս հավելվածը ստուգում է ժամանակը և տարբերակը, ինչի արդյունքում առաջանում է «կրիտիկական սխալ», որը թույլ չի տալիս մուտք գործել հավելված:

Օգտատերերից մեկին հաջողվել է պատասխան ստանալ KaiOS-ի աջակցության ծառայությունից։ Պարզվել է, որ WhatsApp-ից կարող են օգտվել միայն նրանք, ովքեր մուտք են գործել մինչև 2024-ի հունիսի 25-ը. նրանց համար հավելվածը կդադարի աշխատել 2025-ի սկզբին։ WhatsApp-ի թարմացումները KaiOS-ի համար այլևս չեն թողարկվի, իսկ մեսենջերը հեռացվել է KaiOS հավելվածների խանութից, այն այլևս հնարավոր չի լինի տեղադրել։ Համապատասխան հայտարարությունն ավելի ուշ հայտնվել է հարթակի պաշտոնական կայքում։

WhatsApp-ի անջատումն ազդել է JioPhone, JioPhone 2, Nokia 800 Tough, Nokia 2720 Flip, Nokia 2760 Flip, Nokia 2780 Flip, Nokia 6300 4G, Nokia 8000 4G և Nokia 8110 4G հեռախոսների և Engier Alcatel-ի որոշ մոդելների վրա: Մեսենջերը նաև կդադարի աշխատել KaiOS 3.0-ի վրա, սակայն մինչև 2025-ի փետրվար դրանից կկարողանան օգտվել նրանք, ովքեր արդեն մուտք են գործել իրենց օգտահաշիվ։ WhatsApp-ը խնդրի մասին հայտարարություն չի արել։


 
 
 
 
  • Արխիվ