WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացել, որն աշխատում է առանց ինտերնետ կապի

23 հուլիսի, 2024  20:09

iPhone-ի համար WhatsApp-ի բետա տարբերակում նոր գործառույթ է ավելացել, որը թույլ է տալիս ֆայլեր փոխանակել մոտակայքում գտնվող մարդկանց հետ՝ առանց ինտերնետից օգտվելու: Այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։

Նորամուծությունը նկատել են iOS-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 24.15.10.70 համար ներքո, որը կարելի է ներբեռնել TestFlight-ում։ Նմանատիպ գործառույթ, որը թույլ է տալիս փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր և այլ ֆայլեր փոխանցել մոտակայքում գտնվող սարքերի միջև, նախկինում հայտնվել էր Android-ի մեսենջերի թեստային տարբերակում:

Այնուամենայնիվ, ի տարբերություն Android-ի տարբերակի, որն օգտագործում է ավտոմատ հայտնաբերման մեթոդ մոտակա սարքերը գտնելու համար, iOS-ի տարբերակը ֆայլերը կիսելու համար պահանջում է QR կոդ սկանավորել:

Ակնկալվում է, որ նորամուծությունը զգալիորեն կհեշտացնի մեծ ֆայլերի, ինչպիսիք են լուսանկարներն ու տեսանյութերը, բարձր լուծաչափով փոխանցելու գործընթացը, որը կգնահատեն անկայուն կամ թանկ ինտերնետ կապ ունեցող օգտատերերը։

Գործառույթը հասանելի կլինի Android-ում և iOS-ում և կունենա ծայրից ծայր գաղտնագրում՝ փոխանցվող տվյալները պաշտպանելու համար: Նորարարությունը դեռ զարգացման վաղ փուլում է, ուստի չի նշվում, թե երբ այն կհայտնվի մեսենջերի կայուն տարբերակներում։


 
 
 
 
  • Արխիվ