WhatsApp-ում թարգմանության գործառույթ է ավելացվել․ քանի՞ լեզվով է այն հասանելի

18 հուլիսի, 2024  17:05

WhatsApp-ը Android սարքերի համար իր վերջին թեստային թարմացման մեջ ներդրել է ավտոմատ թարգմանության հնարավորություն: Այս մասին հայտնում է WABetaInfo-ն։

Նոր տարբերակը թույլ է տալիս օգտվողներին թարգմանել ընտրված հաղորդագրությունները կամ ավտոմատացնել բոլոր նոր հաղորդագրությունների թարգմանությունը ընտրված լեզվով: Սա պահանջում է ներբեռնել համապատասխան լեզվի փաթեթը այն ընտրելուց հետո: Թարգմանություններն ամբողջությամբ կատարվում են սարքի վրա, ինչը երաշխավորում է թարգմանված տվյալների գաղտնիությունը:

Ներկայումս կա հետևյալ լեզուների աջակցությունը՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռուսերեն և հինդի: Նոր գործառույթը կարող է հատկապես օգտակար լինել նրանց համար, ովքեր հաճախ են շփվում տարբեր լեզուներով խոսող մարդկանց հետ։

Այն փորձարկելու համար օգտատերը պետք է Google Play-ից ներբեռնի 2.24.15.12 համարով մեսենջերի տարբերակը։ Հայտնի չէ, թե երբ ավտոմատ թարգմանությունը կհայտնվի ծրագրի հիմնական տարբերակում։

WhatsApp-ն աշխարհի ամենահայտնի մեսենջերներից մեկն է, որն օգտագործում է ավելի քան 2 մլրդ մարդ:


 
 
 
 
  • Արխիվ