Հայ ինժեներներն ու դիզայներները ստեղծել են անդամահատված անձանց պրոթեզների պատյաններ

19 դեկտեմբերի, 2023  09:53

EngineerX-ը, «ՕԳՆԻ» ՀԿ-ն, «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը օրերս կազմակերպել էին արդյունաբերական դիզայն հաքաթոն՝ դիզայնաթոն, որի շրջանակում հայ ինժեներներն ու դիզայներները ստեղծել են անդամահատված անձանց պրոթեզների պատյաններ:

Մրցույթի աջակից գործընկերներն էին FabLab-ը, SOLIDWORKS օգտագործողների խմբի հայկական մասնաճյուղը (Armenia SWUG), ինչպես նաև STRIVE նախագիծը:

«ՕԳՆԻ»-ն հասարակական բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել անդամահատված անձանց՝ ստեղծելով և անվճար տրամադրելով պրոթեզների պատյաններ, ինչպես նաև անդամահատվածներին առաջարկելով ֆիզիկական ու հոգեբանական բարեկեցության լուծումներ:

EngineerX 1.jpg (219 KB)

Այս մրցույթն ազատ ստեղծագործելու հնարավորություն էր տալիս ինդուստրիալ դիզայներներին և ինժեներներին, որում կարելի էր կիրառել սեփական դիզայնը, 3D մոդելավորումը և ստեղծագործական հմտությունները՝ Հայաստանում և ողջ աշխարհում անդամահատված անձանց աջակցելու համար։ Մասնակիցները կարողացան հաղթահարել մրցույթի մարտահրավերը, իսկ հաղթողները պարգևատրվեցին իրենց նորարար գաղափարներով ստեղծած էսթետիկ պրոթեզային պատյանների համար։ Առաջին հորիզոնականում Արեգ Խալաթյանի և Էլեն Գրիգորյանի գաղափարն էր։

Cover.jpg (172 KB)

Ի դեպ, EngineerX-ը վերջերս հայտարարել է 3D դիզայնի, ճարտարագիտության և ծրագրային ապահովման արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար Dassault Systèmes SolidWorks-ի հետ իր նոր համագործակցության մասին։ Դրա շնորհիվ EngineerX-ը դարձել է SolidWorks-ի առաջին գործընկերը Հայաստանում` աշխարհի լավագույն դիզայնի և ինժեներական գործիքները հասանելի դարձնելով Հայաստանի բիզնեսների և ինժեներների համար:

EngineerX 2.jpg (187 KB)

«Մենք շատ ոգևորված ենք SolidWorks-ի հետ համագործակցելու և նրանց նորագույն տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու համար»,- նշում է EngineerX-ի հիմնադիր Վահե Նիկողոսյանը: «Այս համագործակցությունը հայ ճարտարագետներին և գործարարներին հնարավորություն կտա ստեղծել նորարարական արտադրություն և ծառայություններ` Հայաստանում ինժեներական ոլորտը դարձնելով մրցակցային համաշխարհային շուկայում»:

02.jpg (150 KB)

Dassault Systèmes SolidWorks-ը համաշխարհային առաջատարն է 3D դիզայնի, ճարտարագիտության և ծրագրային ապահովման արտադրության ոլորտում: Ընկերությունը տրամադրում է ապրանքների և ծառայությունների համապարփակ գործիքակազմ, որն օգնում է բոլոր չափերի բիզնեսներին նախագծել, զարգացնել և արտադրել նորարարական ապրանքներ: Այն օգտագործվում է ավելի քան 3 միլիոն ինժեներների և դիզայներների կողմից ավելի քան 160 երկրներում:

Cover1.png (702 KB)


 
 
 
 
  • Արխիվ