Նոյեմբերի 3-ին Երևանում կայացած Silicon Mountains 2026 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել գագաթնաժողովին և ցուցահանդեսին նվիրված երկկողմանի փոստային բացիկի մարման հանդիսավոր արարողություն: Բացիկը թողարկվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից 500 օրինակ տպաքանակով և ունի ֆիլատելիստական արժեք:

Փոստային բացիկի հանդիսավոր մարումն արդեն դարձել է Silicon Mountains-ի ամենամյա ավանդույթը: Ինչպես նշեց Հայաստանի ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, նման թողարկումները ոչ միայն խորհրդանշական նշանակություն ունեն, այլև հետաքրքրություն են ներկայացնում հավաքորդների համար՝ համալրելով տարբեր ֆիլատելիստական հավաքածուներ:

Նրա խոսքով՝ առանձնահատուկ կարևորություն ունի նաև այն, որ կարևոր իրադարձություններին նվիրված բացիկների, նամականիշերի և հատուկ ծրարների թողարկումը ներառվում է ամենամյա պետական ծրագրում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքում գործում է հատուկ հանձնաժողով, որը որոշում է համապատասխան ծրագիրը: Այսպիսով, Հայաստանի նշանակալից իրադարձություններն իրենց արտացոլումն են գտնում ոչ միայն միջոցառումների շրջանակում, այլև պետական փոստային արտադրանքի վրա:

Արարողությանը մասնակցել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UEICT) գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Շուշան Ալեքսանյանն ընդգծեց, որ «Հայփոստի» մասնակցությունը Silicon Mountains-ին դարձել է գեղեցիկ ամենամյա ավանդույթ, որը թույլ է տալիս յուրովի նշել Հայաստանի տեխնոլոգիական զարգացումն ու ձեռքբերումները: Միևնույն ժամանակ նա ուշադրություն հրավիրեց թողարկման գործնական նշանակության վրա. բացիկը հանդիսանում է լիարժեք փոստային առաքանի՝ փոստային վճարման պետական նշանով:

«Ձեռք բերելով այս բացիկը՝ դուք կարող եք այն ուղարկել «Հայփոստի» ցանկացած բաժանմունքից աշխարհի ցանկացած կետ, ցանկացած հասցեով՝ գրելով մաղթանք, հաղորդագրություն կամ նույնիսկ թողնելով այն առանց տեքստի, և պատմել այս կարևոր միջոցառման մասին», - նշեց ընկերության ղեկավարը: Նրա խոսքով՝ բացիկը տպագրվել է սահմանափակ տպաքանակով՝ ընդամենը 500 օրինակ, և ենթակա չէ կրկնակի տպագրման:

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշեց փոստային արտադրանքի խորհրդանշական դերը երկիրն արտասահմանում ներկայացնելու գործում: Նա զուգահեռ անցկացրեց անձնագրի, որը մարդկանց թույլ է տալիս ճանապարհորդել աշխարհով մեկ, և փոստային նամականիշերի միջև, որոնց շնորհիվ «ճանապարհորդելու» հնարավորություն է ստանում հենց ինքը՝ երկիրը: «Մենք ունենք անձնագիր, որի օգնությամբ կարող ենք պտտվել աշխարհով մեկ, և նամականիշեր, որոնց օգնությամբ մեր երկիրը նույնպես կարող է ճանապարհորդել աշխարհով մեկ», - ասաց Յիրիկյանը՝ ուրախություն և հպարտություն հայտնելով արարողության անցկացման կապակցությամբ:

Բացիկի դիմերեսին հայերեն և անգլերեն լեզուներով տեղադրված են «Silicon Mountains 2026» և «Տեխնոլոգիական գագաթնաժողով և ցուցահանդես» գրությունները: Դարձերեսին ներկայացված է 2025 թվականին Հայաստանում անցկացված Silicon Mountains գագաթնաժողովից լուսանկար:

Արարողության ավարտին մասնակիցներին առաջարկվեց ստորագրել հատուկ ծրարների վրա, որոնք կդառնան հուշանվերային ֆիլատելիստական թողարկման մաս: