Ինչպե՞ս են միմյանց հետ կապված տեսակների անհետացումը, դեղամիջոցներն ու մեր սեղանին դրված սնունդը։ Ինչո՞ւ բնապահպանական պատասխանատվությունը միայն գիտնականների գործը չէ, և ինչպե՞ս կարող է բիզնեսը շահույթ ստանալ՝ միաժամանակ պահպանելով բնությունը։ Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները աշխատարանի մասնակիցներին օգնեց գտնել «Կենսաբազմազանության որմնանկար» ինտերակտիվ աշխատարանը (workshop), որը COP17-ի շրջանակում կազմակերպել էր Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ)։
Պասիվդասախոսությունների փոխարեն մասնակիցներին առաջարկվեց ինքնուրույն բացահայտել բնության ներսում առկա փոխկապակցված շղթաները, ստեղծագործական աշխատանքի միջոցով ամրապնդել ստացած գիտելիքներն ու քննարկել, թե ինչ գործնական քայլեր կարելի է ձեռնարկել իրավիճակը փոխելու համար։ Այս մոտեցման նպատակն է ցույց տալ, որ կենսաբազմազանությունը լոկ կենսաբանների և բնապահպանների համար նախատեսված վերացական թեմա չէ, այլ ոլորտ, որն առնչվում է մեզանից յուրաքանչյուրի առօրյային։

Կենսաբազմազանությունը միայն ծառերն ու կենդանիները չեն
«Կենսաբազմազանության որմնանկարը» Ֆրանսիայում մշակված կրթական աշխատարան է, որի հիմքում ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի (IPBES) գիտական նյութերն են։ Հայաստանում այն վարում է ֆրանսահայ Արթուր Կարապետյանը, որը 2025 թվականի սեպտեմբերից բնակվում է հայրենիքում։
NEWS.am Tech-ի հետ զրույցում նա պատմեց, որ աշխատարանի նպատակն է օգնել մասնակիցներին հասկանալ, թե ինչպես են կառուցված էկոհամակարգերը, ինչ կապեր կան դրանց բաղադրիչների միջև, և ինչ հետևանքների է հանգեցնում կենսաբազմազանության կորուստը։

Աշխատանքն ընթանում է երեք փուլով։ Սկզբում մասնակիցները հատուկ քարտերի օգնությամբ վերականգնում են բնության տարբեր տարրերի միջև եղած կապերը՝ փորձելով հասկանալ տեսակների անհետացման պատճառներն ու հետևանքները։ Այնուհետև սկսվում է ստեղծագործական փուլը. արվեստի միջոցով մասնակիցներն արտահայտում են այն հույզերը, որոնք առաջանում են բնապահպանական խնդիրների ծավալները գիտակցելիս։ Եվ վերջում խումբը քննարկում է հնարավոր լուծումները՝ անհատական քայլերից մինչև համատեղ նախաձեռնություններ։
Կարապետյանի կարծիքով՝ այս աշխատարանն օգնում է բնապահպանական կրթությունն ավելի հասանելի դարձնել լայն հանրության համար և թեմայի նկատմամբ ծագած հետաքրքրությունը վերածել ինքնուրույն ուսումնասիրության։
«Ինչո՞ւ է սա անհրաժեշտ։ Հարցի պատասխանն ավելի պարզ է դառնում, երբ տեսնում ենք, թե որքան սերտ է մարդու կյանքը կապված տեսակների բազմազանության հետ։ Գյուղատնտեսությունը կախված է բույսերից ու կենդանիներից, մարդկանց բնական ռեսուրսներ են պետք նյութեր և հագուստ արտադրելու համար, իսկ բազմաթիվ դեղամիջոցներ ստացվում են բնական աղբյուրներից։ Մինչդեռ մարդու տնտեսական գործունեությունը սպառում է կենսաբազմազանությունն ու թուլացնում էկոհամակարգերի՝ հասարակությանը անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու կարողությունը»,— նշեց նա։

Կարապետյանի խոսքով՝ բնապահպանական իրազեկումը պետք է դառնա ժամանակակից հասարակության առաջնահերթություններից մեկը։ Դա անհրաժեշտ է ոչ միայն անհատական սովորությունները փոխելու, այլև այն բանի համար, որ մարդիկ քվեարկելիս, հանրային որոշումներ կայացնելիս և տնտեսության զարգացման ուղղություններն ընտրելիս հաշվի առնեն նաև բնապահպանական հետևանքները։
«Մարդիկ գոյատևման մասին են մտածում». ինչո՞ւ բնապահպանական օրակարգը Հայաստանում դեռ առաջնահերթություն չի դարձել
Բնապահպանական կրթությունը չպետք է սահմանափակվի միայն մասնագիտական ֆակուլտետների ուսանողներով. կենսաբազմազանությունը վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ նրա ապագա մասնագիտությունից։ NEWS.am Tech-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին՝ անդրադառնալով COP17-ին բուհերի մասնակցությանը։
Նրա գնահատմամբ՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերը դեռևս չեն մտնում հայ երիտասարդության զգալի մասի և առհասարակ հասարակության գլխավոր առաջնահերթությունների մեջ։ Պատճառը հասկանալու համար պետք է հաշվի առնել այն պայմանները, որոնցում ապրում է երկիրը. պատերազմից հետո և խաղաղության ձգտման ֆոնին շատերի համար առաջին տեղում շարունակում են մնալ անվտանգությունն ու առօրյա գոյատևումը, իսկ մյուս հարցերը մղվում են երկրորդ պլան։

Ուստի, ռեկտորի կարծիքով, անարդար կլիներ հայ հասարակությունից ակնկալել բնապահպանական մտահոգության նույն մակարդակը, ինչ այն երկրներում, որտեղ այս օրակարգը վաղուց արդեն լայն տարածում է գտել։
Խոսելով Հայաստանի և Եվրոպայի երիտասարդների տարբերությունների մասին՝ ռեկտորը նշեց, որ եվրոպական երկրներում կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածությունն ավելի բարձր է, քան Հայաստանում։ Միևնույն ժամանակ նա նկատում է, որ հայաստանցի ուսանողների շրջանում աստիճանաբար աճում է հետաքրքրությունը շրջակա միջավայրի աղտոտման, կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության հետ կապված հիմնախնդիրների նկատմամբ։
Ավելի քան 200 երիտասարդ դեսպան և բուհերի մասնակցությունը COP17-ին
Հայաստանում ֆրանսիական համալսարանը COP17-ի նախապատրաստական աշխատանքներին ներգրավվել էր դեռ մարտին՝ միանալով Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի շուրջ համախմբելու նախաձեռնությանը։ Ինչպես ներկայացրեց համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի դեկան՝ Նաիրա Հայրապետյանը, համալսարանը մասնակցել է աշխատանքային հանդիպումներին ու քննարկումներին, կազմակերպել սեփական կրթական միջոցառումները և ուսանողներին ներգրավել համաժողովի աշխատանքներում։
Ընդ որում, համալսարանն անմիջականորեն կենսաբազմազանության կամ կլիմայական կայունության ուղղությամբ մասնագիտացած առանձին ֆակուլտետներ չունի։ Սակայն, Նաիրա Հայրապետյանի կարծիքով, դա բնապահպանական օրակարգին մասնակցելու խոչընդոտ չէ, չէ՞ որ ապագա կառավարիչների, մարքեթոլոգների, ֆինանսիստների և իրավաբանների որոշումները նույնպես ազդում են շրջակա միջավայրի վիճակի վրա։

Աշխատանքի ուղղություններից մեկը դարձել են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն էր ցույց տալ կենսաբազմազանության կապը տնտեսության, բիզնեսի և իրավունքի հետ։
Հոկտեմբերի 15-ին ՀՖՀՀ-ն կազմակերպել է բիզնեսի, մարդու իրավունքների և կենսաբազմազանության փոխհարաբերություններին նվիրված համաժողով։ Մասնակիցները քննարկել են, թե ինչպես կարող են ձեռնարկությունները նվազեցնել բնության վրա իրենց բացասական ազդեցությունը, պահպանել բնական ռեսուրսները և նպաստել էկոհամակարգերի վերականգնմանը՝ այդպիսով պաշտպանելով մարդու՝ առողջ միջավայրում ապրելու հիմնարար իրավունքը։ Քննարկումներին մասնակցում էին տարբեր ոլորտների՝ կանաչ ֆինանսավորման, լայն սպառման ապրանքերի արտադրության, գինեգործության, շինարարության, զբոսաշրջության ներկայացուցիչներ և փորձագետներ, ինչպես նաև էկոլոգիական իրավունքի փորձագետներ։
Ինչպես նշեց Նաիրա Հայրապետյանը, համաժողովի մասնակիցները ձգտում էին ոչ միայն վեր հանել առկա խնդիրները, այլև քննարկել հնարավոր լուծումները ։ Մասնավորապես՝ անդրադարձ եղավ ապրանքների արտադրության ու փաթեթավորման բնապահպանական կողմերին, շինարաության և զբոսաշրջության բնապահպանական արդի մարտահրավերներին, խաղողագործությունում կենսաբաղզմազնության պահպանության հնարավորություններին և փորձին, իրավական հարցերին և մարդու իրավունքների հետ կենսաբազմազանության կապին։
Համալսարանի աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է դարձել COP17-ի համար երիտասարդ դեսպանների և կամավորների հավաքագրումը։ ՀՖՀՀ-ի ավելի քան 40 ուսանող անցել է հատուկ վերապատրաստում և ներգրավվել համաժողովի աշխատանքներում։ Նրանցից մեկը ուսանողուհի, կենսաբազմազանության դեսպան Լիլի Հակոբյանն է։

NEWS.am Tech-ի հետ զրույցում նա պատմեց, որ կենսաբազմազանության դեսպանի (որոնց ընդհանուր թիվը 200-ից ավել է) առաքելությանը պատրաստվելու շրջանակում ինքն ու մյուս ուսանողները մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հատուկ դասընթացներին, ուսումնասիրել կենսաբազմազանության հարցերը և պատրաստվել դրանք ներկայացնելու այցելուներին։
Առանձնակի տեղ էր հատկացված գործնական աշխատանքին՝ միջոցառումների համակարգմանը, մասնակիցների հետ հաղորդակցմանը, հյուրերին աջակցելուն, տեղեկատվական նյութերի պատրաստմանն ու իրադարձությունների լուսաբանմանը։ Որոշ դեսպաններ նաև տեղեկություններ էին հավաքում COP17-ի կանաչ և կապույտ գոտիներում անցկացվող միջոցառումների մասին, որպեսզի հետագայում դրանք մշակեն և հասանելի դարձնեն ավելի լայն լսարանի համար։
«Նախկինում էկոհամակարգերի մասին գրեթե ոչինչ չգիտեի»
Վերադառնալով «Կենսաբազմազանության որմնանկար» աշխատարանին՝ որոշ ուսանողների համար դրան մասնակցությունը կենսաբազմազանության թեմային համակարգված ծանոթանալու առաջին փորձն էր։
Հայաստանում ֆրանսիական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհիներ Կարինե Գոմցյանը և Իզաբելլա Գևորգյանը պատմեցին, որ դասընթացին եկել են բնապահպանական խնդիրներն ավելի լավ հասկանալու և պարզելու համար, թե ինչ ներդրում կարող են ունենալ դրանց լուծման գործում։
Գոմցյանը խոստովանեց, որ մինչև սեմինարը էկոհամակարգերի կառուցվածքի մասին գրեթե պատկերացում չուներ։ Գևորգյանը թեմային մի փոքր ավելի ծանոթ էր, սակայն հանդիպումը նրան թույլ տվեց ընդհանուր դատողություններից անցնել կոնկրետ օրինակների և փորձել ստացած գիտելիքները կիրառել հայաստանյան իրականության մեջ։

Ուսանողուհիների խոսքով՝ աշխատարանինմասնակցությունն իրենց օգնեց այլ աչքով նայել համաշխարհային բնապահպանական խնդիրների լուծման գործում սեփական դերակատարմանը։ Նրանք նշում են, որ փոքր երկրի բնակիչներին համաշխարհային բնապահպանական մարտահրավերների ֆոնին իրենց ներդրումը կարող է աննշան թվալ, սակայն թեմային ծանոթանալը ստիպում է մտածել անձնական պատասխանատվության և համատեղ նախաձեռնություններին մասնակցելու հնարավորությունների մասին։
Երկու ուսանողուհիների համար էլ բնապահպանական իրազեկվածությունը կարևոր է նաև ապագա կարիերայի տեսանկյունից։ Նրանցից մեկը դիտարկում է դիվանագիտական ոլորտում աշխատելու հնարավորությունը, մյուսը հետաքրքրված է կառավարմամբ և մարդկային ռեսուրսներով։ Նրանց կարծիքով՝ բնապահպանական խնդիրների իմացությունը կարող է պետք գալ մասնագիտական որոշումներ կայացնելիս՝ նույնիսկ եթե աշխատանքն ուղղակիորեն կապված չլինի բնապահպանության ոլորտի հետ։

Անձնական սովորություններից մինչև պետական մակարդակի որոշումներ
Աշխատարանի կազմակերպիչները կարծում են, որ բնապահպանական կրթությունը պետք է ուղեկցվի տարբեր մակարդակներում իրականացվող գործողություններով։
Անհատի մակարդակում դա կարող է լինել ավելի պատասխանատու սպառումը և տեղական նախաձեռնություններին մասնակցությունը։ Ուսումնական հաստատություններն ու ընկերությունները կարող են վերանայել էներգիայի և ջրի օգտագործման, ռեսուրսների կառավարման և իրենց գործունեության կազմակերպման մոտեցումները։

Սակայն, Արթուր Կարապետյանի կարծիքով, հատկապես կարևոր են պետական մակարդակով կայացվող որոշումները։ Հենց դրանցից է կախված, թե ինչ առաջնահերթություններով կուղղորդվի հասարակության զարգացումը, ինչպես կկարգավորվի տնտեսական գործունեությունը, և որքանով հետևողականորեն բնապահպանական խնդիրները հաշվի կառնվեն քաղաքականության մեջ։
Ուստի աշխատաժողովի խնդիրը չի սահմանափակվում մասնակիցներին միայն աղբը տեսակավորելու կամ բնության նկատմամբ ավելի խնամքով վարվելու հարցում համոզելով։ Դրա նպատակն է ցույց տալ, թե ինչպես է կենսաբազմազանության պահպանումը կապված պարենային անվտանգության, տնտեսության, առողջության, արտադրության և հասարակության ապագայի հետ։

COP17-ին բուհերի մասնակցությունը թույլ է տալիս այս զրույցը սկսել այն երիտասարդների հետ, որոնք շուտով իրենք են որոշումներ կայացնելու բիզնեսում, պետական կառավարման համակարգում և այլ ոլորտներում։ Թե որքան կայուն կլինի արդյունքը, կախված է նրանից՝ արդյոք աշխատարանիընթացքում ձևավորված հետաքրքրությունը կշարունակվի նաև դրանից դուրս։
Ի վերջո, բնապահպանական պատասխանատվությունը սկսվում է խնդրի գիտակցումից, բայց դրանով չի ավարտվում։ Կենսաբազմազանությունը պահպանելու համար բավական չէ միայն իմանալ, թե ինչու է այն կարևոր. անհրաժեշտ է դրա արժեքը հաշվի առնել առօրյա, մասնագիտական և քաղաքական որոշումներ կայացնելիս։ Կազմակերպիչները հենց այս մոտեցումն են փորձում փոխանցել ուսանողներին՝ բնության մասին ընդհանուր խոսակցություններից անցնել այն հստակ գիտակցմանը, թե ինչպես է գործում բնությունն ու ինչ է պետք այն պահպանելու համար։
/











