Համաշխարհային տիեզերական և էներգետիկ արդյունաբերության ակնառու ձեռնարկատերերից մեկի՝ Քամ Ղաֆարիանի անունն այսուհետ հավերժացված է Երևանի Տեխնոլոգիական լեգենդների փառքի ծառուղում։ Այսօր ամերիկացի ձեռնարկատերը դարձավ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի (Global IT Award) դափնեկիր, իսկ Ինժեներական քաղաքի տարածքում տեղի ունեցավ նրա պատվին խորհրդանշական աստղի բացումը։

«Եկեք աշխատենք միասին և փոխենք աշխարհը դեպի լավը»

Ելույթ ունենալով հանդիսավոր արարողության ժամանակ՝ Քամ Ղաֆարիանը կոչ արեց միավորել ջանքերը հանուն աշխարհում պոզիտիվ փոփոխությունների և նոր սերնդին ոգեշնչել նոր ձեռքբերումների։

«Եկեք աշխատենք միասին և փոխենք աշխարհը դեպի լավը։ Հենց սրանում է իմ հույսը։ Եվ եկեք ոգեշնչենք մեր հաջորդ սերնդին շարժվել դեպի այդ նպատակը», —ասել է Ղաֆարիանը։

Նա նաև երախտագիտություն է հայտնել ցուցաբերված ուշադրության համար՝ նշելով, որ վերջին օրերը հագեցած էին իր համար հատուկ իրադարձություններով՝ մրցանակի հանձնմամբ և պատվավոր դոկտորի կոչման շնորհմամբ։

«Ես սիրում եմ Հայաստանը։ Ինձ նույնպես շատ է դուր գալիս այս մրցանակը, բոլոր արարողությունները և բուն ծրագիրը։ Անչափ շնորհակալ եմ այս անհավանական ճանաչման համար», — նշել է ձեռնարկատերը։

Խորհրդանշական ճանաչման սահմաններից դուրս

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հույս է հայտնել, որ Քամ Ղաֆարիանի այցը կդառնա երկարատև և արգասաբեր համագործակցության սկիզբ։

«Ձեր անցած կյանքի ուղին և այն, ինչին հասել եք, իսկապես ոգեշնչող են։ Մենք շատ ուրախ ենք տեսնել Ձեզ այստեղ և, համարձակվում եմ ասել, կարծում եմ, որ սա մեր համատեղ աշխատանքի միայն սկիզբն է», — արարողության ընթացքում դիմել է նախարարը ձեռնարկատիրոջը։

Թադևոսյանն ընդգծել է, որ Ղաֆարիանի այցը Հայաստանի համար ունի ոչ միայն իմիջային, այլև գործնական նշանակություն՝ ավելացնելով, որ կողմերն արդեն աշխատում են համապատասխան ուղղությամբ, որի մանրամասները դեռևս չեն կարող բացահայտվել։

Լրագրողների հետ զրույցում Թադևոսյանը նշել է, որ նոյեմբերին Հայաստանում անցկացվող տեխնոլոգիականմիջոցառումները օգնում են միաժամանակ մոտեցնել համաշխարհային տեխնոլոգիական արդյունաբերությունը երկրին և բացահայտել Հայաստանը միջազգային հանրության համար։ Նրա խոսքով՝ նման ձևաչափը հատկապես կարևոր է երիտասարդ սերնդի համար. այն թույլ է տալիս հաղթահարել այն պատկերացումը, թե միջազգային հաջողության հասնելու համար պարտադիր է հեռանալ երկրից։

Փառքի ծառուղին կմիավորի Global IT Award-ի դափնեկիրներին

Ինչպես պարզաբանել է Global IT Award մրցանակի կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող «Synopsys Armenia» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Քամ Ղաֆարիանի աստղի տեղադրումը դարձել է Ինժեներական քաղաքում Տեխնոլոգիական լեգենդների փառքի ծառուղու ստեղծման նախաձեռնության շարունակությունը։ Այն կմիավորի Global IT Award միջազգային մրցանակի դափնեկիրներին, որը 2010 թվականից շնորհվում է համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներին՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում բացառիկ ներդրման համար։

Մրցանակի գոյության տարիների ընթացքում դրա մրցանակակիրներն են դարձել Apple-ի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը, միկրոպրոցեսորի գյուտարար Ֆեդերիկո Ֆաջինը, Nest Labs-ի հիմնադիր Թոնի Ֆադելը, Infosys-ի համահիմնադիր Նարայանա Մուրտին և ոլորտի այլ հայտնի ներկայացուցիչներ։

Ծառուղու առաջին աստղը բացվել էր անցյալ տարի՝ ի պատիվ Analog Devices-ի ղեկավար Վինսենթ Ռոշի։ Այժմ դրան միացավ Քամ Ղաֆարիանի աստղը։ Մուսայելյանի խոսքով՝ հաջորդ տարի նախատեսվում է բացել ևս ութ աստղ, որպեսզի ծառուղում ներկայացվեն նախորդ տարիների մրցանակի դափնեկիրները։

Մուսայելյանն ընդգծել է, որ Global IT Award-ը հատուկ նշանակություն ունի ոչ միայն տեխնոլոգիական համայնքի, այլև Հայաստանի միջազգային ճանաչելիության համար, քանի որ հնարավորություն է տալիս տեղական գիտակրթական միջավայրին և ուսանողներին ծանոթացնել համաշխարհային առաջատար տեխնոլոգիական առաջնորդների հետ։

Ներդրում Հայաստանի ապագայում

Մրցանակի գլխավոր գործընկեր Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը Քամ Ղաֆարիանի աստղի բացումն անվանել է մտածողության համարձակության, հայացքների լայնության և հնարավորի սովորական սահմաններից դուրս գալու պատրաստակամության խորհրդանիշ։

Նրա խոսքով՝ աստղը հատկապես խորհրդանշական է, քանի որ նվիրված է մի մարդու, ում գործունեությունն ու հավակնությունները կապված են Տիեզերքի մասշտաբների հետ։

Ավետիսյանը նշել է, որ Viva ընկերությունն արդեն 17 տարի աջակցում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակի հետ կապված միջոցառումներին։ Նա ընդգծել է, որ պարգևը ոչ միայն ճանաչում է համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդների վաստակը, այլև կարևոր խթան է հանդիսանում նոր սերնդի համար՝ ցույց տալով, որ նույնիսկ անհասանելի թվացող նպատակները կարող են իրականություն դառնալ։

«Մեզ համար սա ընկալվում է որպես յուրօրինակ ներդրում Հայաստանի ապագայում», — ընդգծել է Viva-ի ղեկավարը։