WhatsApp-ը կուժեղացնի անվտանգությունը. կենսաչափական նույնականացման նոր համակարգը ճանապարհին է

10 օգոստոսի, 2023  14:35

WhatsApp-ը շուտով կունենա նույնականացման նոր համակարգ՝ հիմնված մուտքի կենսաչափական բանալիների վրա։ Նման համակարգը օգտատերերի համար խոստանում է պաշտպանության և անվտանգության լրացուցիչ շերտ:

WABetaInfo պորտալը կիսվել է այս նոր գործառույթի մասին մանրամասներով, որը հայտնաբերվել է Android սարքերի համար WhatsApp-ի 2.23.17.5 բետա տարբերակում:

Նորամուծության էությունն այն է, որ օգտատերերը կկարողանան մուտք գործել WhatsApp-ի իրենց հաշիվները տարբեր սարքերում՝ օգտագործելով մուտքի հատուկ կենսաչափական բանալիներ։ Այս բանալիները կարող են լինել որպես թվերի կամ տառերի կարճ համակցություններ: Դրանք պահելու համար մշակողները առաջարկում են օգտագործել Google-ի գաղտնաբառերի կառավարիչը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն դրանք հիշել:

whatsapp-new-identification.jpg (81 KB)

Նույնականացման համար հնարավոր կլինի նաև օգտագործել էկրանի կողպման կոդ կամ կենսաչափական տվյալներ, ինչպիսիք են մատնահետքը կամ դեմքի ճանաչումը: Այս քայլերն ուղղված են օգտատիրոջ ինքնության լրացուցիչ հաստատմանը՝ նախքան հաշիվ մուտք գործելը:

Նոր համակարգի հիմնական նպատակը օգտատերերի համար անվտանգության և գաղտնիության ավելի բարձր մակարդակի ապահովումն է։ Դեռևս պարզ չէ, թե երբ նույնականացման նոր համակարգը հասանելի կլինի WhatsApp-ի կայուն տարբերակների բոլոր օգտատերերին Android և iOS հարթակներում։ Այն ներկայումս մշակման և փորձարկման փուլում է, և ակնկալվում է, որ կներդրվի մոտ ապագայում:


 
 
 
 
  • Արխիվ