4 տեխնոլոգիա, որոնք ապագայում ակտիվորեն կկիրառվեն շինարարության ոլորտում

28 մարտի, 2023  12:19

Ժամանակակից տեխնոլոգիաներն այսօր արդեն շատ են փոխում շինարարության ոլորտը, և ոչ հեռու ապագայում դրանց ազդեցությունն էլ ավելի նկատելի կդառնա։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս տեխնոլոգիաներից մի քանիսը.

1. Դրոններ

Դրոնները կարող են տեղանքը նկարահանել ավելի արագ և ճշգրիտ, քան երկրի վրա գտնվող ցանկացած անձնակազմ։ Բացի դրանից, անօդաչու սարքերի նկարահանումներն ավելի էժան են, քան աերոնկարահանումները: Այդ իսկ պատճառով դրոններն ավելի ու ավելի են օգտագործվում շինարարության ոլորտում, իսկ ապագայում դրանց դերը կշարունակի աճել։

Դրոնների տեսախցիկներով ստացված տվյալների միջոցով կարող են ստեղծվել ինտերակտիվ 3D կամ տեղագրական քարտեզներ և մոդելներ, ինչպես նաև իրականացվել ծավալային չափումներ։ Բացի դրանից, դրոնների օգնությամբ կարելի է ապահով կերպով զննել դժվարամատչելի վայրերը, ինչպիսիք են կամուրջները: Անօդաչու սարքերը կարող են օգտագործվել նաև շինհրապարակում աշխատանքի առաջընթացին հետևելու և աշխատողներին վերահսկելու համար:

2. Վիրտուալ իրականություն

Վիրտուալ իրականության տեխնոլոգիան կարող է օգնել ավելի լավ հասկանալու բարդ նախագծերը: Կարելի է, օրինակ, ստեղծել շենքի մոդել՝ օգտագործելով BIM-ը (Building information modeling, կառույցի ինֆորմացիոն մոդելավորում), ապա «անցնել» դրա միջով՝ օգտագործելով վիրտուալ իրականությունը:

Նման «զբոսանքի» շնորհիվ և՛ շինարարական թիմը, և՛ հաճախորդը ավելի լավ պատկերացում կունենա այն մասին, թե ինչ տեսք կունենա նախագիծը դրա ավարտից հետո: Ընդ որում, նախագծում անհրաժեշտ փոփոխությունների մեծ մասը կարող է կատարվել այս փուլում, այլ ոչ թե դրա իրականացման ընթացքում։

3. Արհեստական բանականություն

Արհեստական ​​բանականությունը շատ բան կարող է տալ շինարարական նախագծերին. այն կարող է օգնել բարձրացնելու անվտանգության մակարդակը, բարելավելու բազմաթիվ աշխատանքային գործընթացներ և օգնել, որպեսզի ձեր աշխատանքն ավելի արագ և ավելի լավ կատարեք:

Շինարարական որոշ խոշոր ընկերություններ վերջերս սկսել են ստեղծել արհեստական ​բանականության վրա հիմնված իրենց սեփական ծրագրերն ու հավելվածները, որոնք կարող են օգնել ներքին որոշումների կայացման գործընթացներին և տարբեր գործառնությունների իրականացման հարցում: Հետագայում նման ծրագրերը (սեփական արտադրության, կամ արդեն պատրաստի), ավելի հաճախ կկիրառվեն։

4. 3D տպագրություն

3D տպագրությունը կարող է օգտագործվել անմիջապես տեղում արտադրելու համար որոշ մասեր և նյութեր, որոնք անհրաժեշտ են շինհրապարակում, ինչը թույլ կտա խնայել առաքման և պահպանման ծախսերը:

Ճիշտ է, մեծ քանակությամբ ինչ-որ բան տպելը դեռ խնդրահարույց է։ Իհարկե, կան 3D տպիչներ, որոնք կարող են տպել մեծ մասշտաբներով, բայց դրանք շատ թանկ արժեն, և դրանց օգտագործումը շինարարության մեջ լիովին արդարացված չէ, թեև ապագայում իրավիճակը կարող է փոխվել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ