Արհեստական բանականության (ԱԲ) գործարանների զարգացումն արդեն իսկ փոխում է Հայաստանի էներգետիկ հաշվեկշիռը, նախադրյալներ է ստեղծում պետական բյուջեի եկամուտների զգալի աճի համար և երկիրը դուրս է բերում բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ուշադրության կենտրոն։ Այս մասին այսօր DigiConf համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԲ գործարանները զգալի մուտքեր կապահովեն բյուջե և կդառնան «Խաղաղության խաչմերուկի» մաս

Նրա խոսքով՝ ընդամենը ութ ամիս առաջ Հայաստանը բախվում էր էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկի խնդրին և փնտրում էր արտահանման հնարավորություններ, մինչդեռ հիմա արդեն դիտարկում է ներկրման տարբերակներ։

«Սա իսկապես Հայաստանի տրանսֆորմացիան է, ինչի մասին մենք հիմա այդքան շատ ենք խոսում։ Ընդամենը, ասենք, ութ ամիս առաջ Հայաստանում կար էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկ, և մենք մտածում էինք՝ ուր արտահանել այն։ Իսկ հիմա մտածում ենք՝ որտեղից ներկրել էլեկտրաէներգիա, և սա, իհարկե, կապված է արհեստական բանականության գործարանների, Firebird նախագծի, Երևանի պետական համալսարանի և Elevate ընկերության ներդրումների հետ։ Եվ ամենակարևորը՝ սա դեռ սկիզբն է, քանի որ ներդրումների հիմնական մասը դեռ առջևում է», - հայտարարել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ ԱԲ ենթակառուցվածքների զարգացումը կարևոր է ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի, այլև պետական բյուջեի ապագա մուտքերի տեսանկյունից։ Փաշինյանը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձնում հենց բյուջեի եկամուտներին, քանի որ արհեստական բանականության գործարանները դառնալու են խոշոր հարկատուներ։

«ԱԲ գործարանները հարկատուներ են և իրոք հսկայական հարկեր են վճարելու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Եվ, իհարկե, դրանք ուղղվելու են Հայաստանի Հանրապետության կարիքներին՝ սկսած առողջապահական ապահովագրությունից մինչև ենթակառուցվածքների վրա կատարվող կապիտալ ծախսեր և այլն։ Եվ, անշուշտ, սա նաև ենթակառուցվածք է ստեղծում», - ասել է նա։

Փաշինյանը ԱԲ ոլորտի զարգացումը կապել է նաև Հայաստանի միջազգային և տարածաշրջանային ենթակառուցվածքային հավակնությունների, այդ թվում՝ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ։ «Երբ մենք ստեղծում էինք այս նախագիծը, մենք մտքներովս անգամ չէինք անցկացնում ԱԲ գործարանների մասին։ Բայց այսօր ԱԲ-ն դառնում է այս նախագծի շատ կարևոր մասը, քանի որ հիմա Հայաստանը մատուցելու է միջազգային և տարածաշրջանային ԱԲ ծառայություններ, որոնք փոխանցվելու են մալուխների միջոցով և այլն, իսկ դա իրական, շոշափելի ենթակառուցվածք է», - նշել է վարչապետը։

ԱԲ-ն կարող է նոր աշխատատեղեր ստեղծել

Փաշինյանը նաև ընդգծել է, որ այսօր շատերը ավելի շուտ վախեցած են ԱԲ զարգացման մասշտաբներից, սակայն այդ վախը մեծապես կապված է տեղեկատվության պակասի և այն բանի չգիտակցման հետ, թե ինչպես ԱԲ-ն կարող է բարելավել առօրյա կյանքը, ամրապնդել տնտեսությունը, բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը և ուժեղացնել երկիրը։

Վարչապետն անդրադարձել է աշխատաշուկայի վրա արհեստական բանականության ազդեցության հետ կապված մտահոգություններին։ Նա ընդունել է, որ որոշակի կատեգորիայի՝ առաջին հերթին ցածր որակավորում ունեցող աշխատատեղերի կրճատման ռիսկ կա, սակայն ուշադրություն է հրավիրել նաև այն կանխատեսումների վրա, ըստ որոնց՝ ԱԲ զարգացումը, ընդհակառակը, կարող է խթան դառնալ նոր մասնագիտությունների և աշխատատեղերի ստեղծման համար, այդ թվում՝ այնպիսիք, որոնք այսօր դժվար է կանխատեսել։

Նրա խոսքով՝ տեխնոլոգիական փոփոխությունների հետևանքները մեծապես կախված են լինելու պետության քաղաքականությունից և նրանից, թե որքան արդյունավետ կհաջողվի իրացնել նոր հնարավորությունները։ Փաշինյանն ընդգծել է, որ ոլորտի հետ կառավարության համագործակցության կենտրոնում պետք է մնան քաղաքացիների, ինչպես նաև գործնական նպատակներով Հայաստան ժամանող մարդկանց կարիքները, որպեսզի նրանք ավելի անմիջական հասանելիություն ունենան արհեստական բանականությանը և ԱԲ ծառայություններին։ Վարչապետը շեշտել է, որ բավարար չէ պարզապես խոսել դրա պոտենցիալ օգուտի մասին. անհրաժեշտ է բացատրել տարբեր ոլորտներում տեխնոլոգիայի ներդրման կոնկրետ մեխանիզմները։

Ճանապարհային երթևեկության կարգավորումից մինչև կրթություն

Որպես օրինակ նա բերել է ճանապարհային երթևեկության կառավարումը և Երևանի խցանումների խնդիրը, որը, նրա խոսքով, դարձել է մայրաքաղաքի բնակիչների համար ամենասուր թեմաներից մեկը։ Փաշինյանը նշել է, որ տեսականորեն այս խնդրի լուծման համար ԱԲ հնարավորություններն ակնհայտ են, սակայն շատ ավելի կարևոր է հասկանալ, թե կոնկրետ ինչպես կարելի է կիրառել տեխնոլոգիան, ով պետք է զբաղվի դրա ներդրմամբ և ինչ մասնագետների հետ կառավարությունը պետք է քննարկի կոնկրետ լուծումները։

Միևնույն ժամանակ վարչապետը նախանշել է նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում կառավարության քաղաքական մոտեցումը. արհեստական բանականությունը չպետք է դառնա մարդկանց փոխարինելու գործիք։ «Մեր նպատակն ու խնդիրն է՝ օգտագործել ԱԲ-ն մարդկանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Եվ իհարկե, առաջին հերթին, մեր տեսանկյունից, խոսքը հանրային ծառայության մասին է», - հայտարարել է Փաշինյանը։

Որպես արհեստական բանականության կիրառման ուղղություններից մեկը՝ Փաշինյանը նշել է կրթությունը։ Նա ընդգծել է անհատականացված կրթական ծրագրերի կարևորությունը, որոնք թույլ են տալիս հաշվի առնել յուրաքանչյուր երեխայի ունակություններն ու կարիքները։ «Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդավոր է։ Բայց կրթական համակարգի խնդիրը՝ և ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում, այն է, որ երբեմն, իսկ գուցե և հաճախ, կրթական համակարգն ի վիճակի չէ բացահայտել և զարգացնել յուրաքանչյուր երեխայի տաղանդը», - հայտարարել է նա։

Վարչապետը դպրոցական կրթության գործող մոդելը համեմատել է գործարանային հոսքագծի (կոնվեյերի) հետ, որի միջով անցնում են երեխաները։ Նրա խոսքով՝ 30-40 աշակերտին բաժին ընկնող մեկ ուսուցչի պայմաններում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցում ապահովելը գործնականում անհնար է։ Որպես պատճառներից մեկը նա նշել է ուսուցիչների պակասը, ինչի հետևանքով կրթական համակարգը չի կարող լիարժեք իրականացնել անհատականացված ուսուցում, և այստեղ ԱԲ-ն կարող է չափազանց օգտակար լինել՝ բնականաբար ուսուցչի համակարգմամբ (մոդերացիայով), ընդգծել է վարչապետը։

Ընդհանուր դատողություններից գործնական արդյունքների անցնելու համար վարչապետն առաջարկել է կոնկրետ աշխատանք հանձնարարել Հայաստանի նորարարական հիմնադրամին, որը ստեղծվել է անցյալ տարի մասնավոր ՏՏ ոլորտի հետ համատեղ՝ բիզնեսի և կառավարության միջև փոխգործակցություն հաստատելու նպատակով։

«Անհրաժեշտ է աշխատել և բացատրել յուրաքանչյուր նախարարությանը. սկզբի համար եկեք սկսենք կառավարությունից։ Բացատրել, իհարկե, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ԱԲ նախարարության ղեկավարությամբ, բացատրել յուրաքանչյուր նախարարությանը, թե ինչպես կարելի է օգտագործել ԱԲ-ն, որպեսզի յուրաքանչյուր նախարարության գործունեությունը լինի առավելագույնս արդյունավետ։ Իսկ դրանից հետո մենք այդ տեղեկատվությունը կտարածենք նաև մասնավոր ընկերությունների շրջանում», - պարզաբանել է նա։

Փաշինյանը ԱԲ գործարանների վնասակարության մասին լուրերը որակել է հիբրիդային հարձակում Հայաստանի դեմ

Եզրափակելով խոսքը՝ վարչապետն ուշադրություն է հրավիրել ԱԲ ոլորտի զարգացման տեղեկատվական ուղեկցման վրա։ Նրա խոսքով՝ ոչ բոլորն են շահագրգռված, որ Հայաստանն օգտվի բացված տեխնոլոգիական հնարավորություններից և բարձրացնի իր զարգացման մակարդակն այս ոլորտում։

Փաշինյանը հայտարարել է ԱԲ ոլորտի կողմից հանրության հետ արդյունավետ կապեր (PR) կառուցելու և բիզնեսի ու կառավարության սերտ փոխգործակցության անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, նա հիշատակել է շրջանառվող պնդումներն այն մասին, թե արհեստական բանականությունը աղտոտում է ջուրը, վնաս է հասցնում բնությանը և հանգեցնում կենդանիների անկման։

«Ես պետք է խոստովանեմ, որ ոչ բոլորն են ուրախ նրանով, որ Հայաստանն օգտվում է այս հնարավորությունից և օգտագործում է այն մեր երկրում տեխնոլոգիական մակարդակը բարձրացնելու համար։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է՝ և ես դա նշել եմ ձեզ հետ զրույցում, որպեսզի ԱԲ ոլորտն ունենա հանրության հետ լավ կապեր (PR)։ Որովհետև հիմա լուրեր են պտտվում, թե իբր արհեստական բանականությունը աղտոտում է ջուրը և այլն, բնությունն ու կենդանիները ոչնչանում են և նման բաներ։ Բնականաբար, սա սովորական ֆեյք-նյուզ է, իսկ դա նշանակում է՝ հիբրիդային հարձակում Հայաստանի և ոլորտի զարգացման դեմ», - եզրափակել է վարչապետը։