ԱԲ ենթակառուցվածքի զարգացումը պահանջում է ոչ միայն էլեկտրաէներգիայի և ֆինանսավորման հասանելիություն, այլև ցանցերի թողունակության խնդիրների լուծում, ժամանակակից ինժեներական ենթակառուցվածքի ստեղծում և մասնագետների պատրաստում։ Այս մասին DigiConf-ում ելույթ ունենալիս հայտարարել է Schneider Electric-ի ավագ փոխնախագահ Դամիեն Դելլեմը։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիական վերափոխումը պետք է միաժամանակ ընդգրկի էներգետիկ, ինժեներական և թվային կարողությունները, իսկ դրա արդյունքները պետք է հասանելի լինեն ողջ հասարակությանը։

Էներգիան և ֆինանսավորումը՝ ԱԲ-ի զարգացման մեկնակետ

Դելլեմը նշել է, որ այսօր ԱԲ ենթակառուցվածքների զարգացման քննարկումներում առանցքային հարցերից մեկը արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացման համար էլեկտրաէներգիայի հասանելիությունն է։ Նրա խոսքով՝ նախքան հաշվողական հզորությունների ստեղծումն ու ԱԲ-ի ներդրումը քննարկելը, անհրաժեշտ է պատասխանել մի քանի հիմնարար հարցի․ արդյո՞ք երկիրն ունի բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա, ինչպիսի՞ն է նրա էներգետիկ հաշվեկշռի կառուցվածքը և որքանո՞վ է հուսալի էներգամատակարարումը։ «Եթե էլեկտրաէներգիա չունեք, նույնիսկ քննարկում սկսելը իմաստ չունի», — ընդգծել է նա։

Միաժամանակ Schneider Electric-ի ավագ փոխնախագահն ուշադրություն է հրավիրել նաև ֆինանսավորման կարևորության վրա, որը, նրա կարծիքով, պետք է դիտարկվի որպես նման նախագծերի իրականացման նախնական պայմաններից մեկը։ Մեկ այլ լուրջ սահմանափակում նա համարել է էներգետիկ ցանցերի թողունակությունը։ Դելլեմի խոսքով՝ հենց էներգետիկ ռեսուրսներն ու ցանցային ենթակառուցվածքի սահմանափակումներն են այսօր դառնում ԱԲ-ի զարգացման հնարավորությունները որոշող գլխավոր գործոններից։

Կարևոր է մեծացնել ընդհանուր տնտեսական ներուժը

Խոսելով ոլորտի զարգացման սկզբունքների մասին՝ Դելլեմն ընդգծել է դրա բոլոր բաղադրիչների համաժամանակյա աշխատանքի անհրաժեշտությունը։ Նա այս գործընթացը համեմատել է նվագախմբի հետ, որտեղ յուրաքանչյուր գործիք պետք է ներդաշնակ հնչի մյուսների հետ։ Եթե համակարգի թեկուզ մեկ տարրը պատշաճ չի գործում, ընդհանուր արդյունքի հասնելն անհնար է։

Միաժամանակ տեխնոլոգիական զարգացման վերջնական նպատակը պետք է մնա մարդկության իրական խնդիրների լուծումը։ «Այս կարկանդակը պետք է բոլորի համար լինի։ Ոչ ոք չպետք է հետ մնա։ Խոսքն այն մասին չէ, թե ինչպես կարկանդակը բաժանել կտորների, այլ այն մասին, թե որքան մեծ կարող ենք դարձնել հենց կարկանդակը։ Հենց սա է նոր շուկաներ ստեղծում», — պարզաբանել է նա։

Նրա կարծիքով՝ նման մոտեցումը հատկապես կարևոր է զարգացող տեխնոլոգիական շուկաների համար, որոնք պետք է ոչ միայն մրցակցեն առկա ռեսուրսների համար, այլև ստեղծեն նոր տնտեսական հնարավորություններ։

ԱԲ ենթակառուցվածքին անհրաժեշտ են ոչ միայն ծրագրավորողներ, այլև էլեկտրիկներ, սանտեխնիկներ ու ինժեներներ

Դելլեմն առանձին անդրադարձել է կադրային հարցին՝ ընդգծելով, որ ԱԲ ենթակառուցվածքի զարգացումն անհնար է առանց ինժեներական ամենատարբեր ուղղությունների մասնագետների։ Որպես օրինակ՝ նա ներկայացրել է իրավիճակն ԱՄՆ-ում և Ավստրալիայում, որտեղ տվյալների մշակման կենտրոնների օբյեկտներում աշխատող էլեկտրիկները կարող են բարձր աշխատավարձ ստանալ։ Նրա խոսքով՝ սա պայմանավորված է նաև որակավորված կադրերի, գործնական հմտությունների և մասնագիտական գիտելիքների պակասով։

Դելլեմը կոչ է արել չմոռանալ տեխնոլոգիական ենթակառուցվածքի ստեղծման համար անհրաժեշտ հիմնարար մասնագիտությունների մասին։ «Գագաթին հասնելու համար նախ պետք է հիմք կառուցել։ Մեզ անհրաժեշտ են էներգիա և ենթակառուցվածք, իսկ դրա համար որոշակի հմտություններ են պետք», — ընդգծել է նա։ Նրա խոսքով՝ փոխվում է նաև ինժեներական աշխատանքի բնույթը։ Նախկինում էլեկտրական և մեխանիկական համակարգերը կարող էին նախագծվել և ստեղծվել առանձին, իսկ իրերի ինտերնետի (IoT) և թվային լուծումների ինտեգրումն իրականացվում էր արդեն հաջորդ փուլերում։