Արհեստական բանականությունը դառնում է նոր սպառնալիքների աղբյուր, սակայն ԱԲ-ի տարածումն ունի նաև մի շարք դրական կողմեր՝ համաշխարհային մրցակցությունն ավելի բաց դարձնելով և ավելի մեծ թվով մասնակիցների թույլ տալով շուկա մուտք գործել։ Սա հատկապես կարևոր հնարավորություններ է ստեղծում փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, որը էլեկտրաէներգիայի, սարքավորումների և ծրագրային լուծումների հասանելիության շնորհիվ կարող է դառնալ համաշխարհային շուկայի համար հաշվարկային հզորություններ արտադրող։ Այս մասին DigiConf-ում ելույթ ունենալիս հայտարարել է Netris-ի գլխավոր տնօրեն Ալեքս Սարոյանը։
«Մեկի խնդիրը մյուսի հնարավորությունն է դառնում։ Ինչ-որ մեկը ԱԲ-ն կօգտագործի բացասական որևէ բան ստեղծելու համար, և դա, անկասկած, տեղի կունենա։ Բայց շատ ուրիշներ կօգտվեն արհեստական բանականության հնարավորություններից՝ նույն խնդիրը լուծելու համար։ Ի վերջո աշխարհը հավասարակշռության կհասնի», - նշել է նա։
ԱԲ-ն՝ որպես երկրների հնարավորությունները հավասարեցնող գործիք
Սարոյանը կարծում է, որ ԱԲ-ն դառնում է հնարավորությունները հավասարեցնող հզոր գործիք։ Այն ավելի մեծ թվով երկրների ու ստեղծողների թույլ է տալիս իրականացնել նախագծեր, որոնք նախկինում անհասանելի էին նրանց, և լուծումներ գտնել ամենատարբեր խնդիրների համար։
Սարոյանը բացատրել է, որ ԱԲ գործարանները փոխում են երկրների միջև մրցակցության բուն մոդելը։ Նա այս ոլորտում Հայաստանի հնարավորությունները համեմատել է համաշխարհային ավիաշինական շուկա դուրս գալու փորձի հետ․ փոքր պետության համար զգալիորեն ավելի բարդ է մրցակցել Boeing-ի նման հսկաների հետ, քանի որ դրա համար անհրաժեշտ են հսկայական արտադրական ու տեխնոլոգիական ռեսուրսներ։
ԱԲ-ի ոլորտում իրավիճակն այլ է։ Էլեկտրաէներգիա ունեցող երկիրը կարող է տվյալների կենտրոններ կառուցել, հասանելիություն ստանալ անհրաժեշտ սարքավորումներին և կիրառել ծրագրային լուծումներ, որոնք ապահովում են ամբողջ ենթակառուցվածքի աշխատանքը։ Այս գործընթացին մասնակցում են միջազգային տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում՝ Dell-ը, Schneider-ը և Netris-ը։
«ԱԲ գործարանը փոխում է խաղի կանոնները յուրաքանչյուր երկրի համար։ Եթե էներգիան ձեզ հասանելի է, կարող եք տվյալների կենտրոններ կառուցել, ձեռք բերել սարքավորումներ և անհրաժեշտ ծրագրային ապահովում։ Իսկ արդյունքում՝ թոքեններ արտադրել», - նշել է Սարոյանը։
Սարոյանի խոսքով՝ հենց սա է Հայաստանին միջազգային մակարդակում մրցակցելու հնարավորություն տալիս։ Սակայն էներգիայի հասանելիությունն ինքնին հաջողություն չի երաշխավորում․ երկիրը պետք է ճիշտ ձևավորի ենթակառուցվածքի մյուս տարրերը և ապահովի համագործակցությունը տեխնոլոգիական գործընկերների հետ։
«Երբ ձեզ հասանելի է հիմնարար ռեսուրսը՝ էներգիան, դա մրցակցային առավելություն է տալիս։ Պայմանով, որ մյուս բոլոր բաղադրիչները ճիշտ են կառուցված», — եզրափակել է Netris-ի ղեկավարը։
Ինչ մասնագետներ պետք է պատրաստի Հայաստանը
Քննարկելով նոր տեխնոլոգիական ճյուղի համար կադրերի պատրաստումը՝ Սարոյանն առաջարկել է կենտրոնանալ ոչ միայն նեղ կիրառական մասնագիտությունների, այլև առաջին հերթին հիմնարար գիտելիքների և ինժեներական կրթության վրա։ Սարոյանի խոսքով՝ ուսումնական կենտրոններում մասնագետներ պատրաստելու համար կարևոր է զարգացնել ինժեներական մտածողությունը լայն իմաստով՝ ներառելով համակարգչային գիտությունները, մաթեմատիկան և հիմնարար բնագիտական առարկաները։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն ավանդաբար ուժեղ է մաթեմատիկայի և հիմնարար գիտությունների ոլորտում, իսկ հենց այդպիսի պատրաստվածությունն է ընկած բազմաթիվ տեխնոլոգիական նվաճումների հիմքում։
Որպես օրինակ նա նշել է Netris-ի տեխնոլոգիաների բարդ բաղադրիչները մշակող մասնագետներին։ Թեև ընկերությունը չի զբաղվում ԱԲ մոդելների ստեղծմամբ, նրա մասնագետները մշակում են ցանցային լուծումներ և ալգորիթմներ։ Ամենաբարդ և փակ տեխնոլոգիական բաղադրիչներից մի քանիսը ստեղծել են հայ ինժեներները, մյուսները՝ ԱՄՆ-ում աշխատող ամերիկացի գործընկերները։ «Այս մարդկանց ընդհանրությունը շատ ուժեղ հիմնարար պատրաստվածությունն է։ Նրանք լավ գիտեն համակարգչային գիտությունները, հասկանում են, թե ինչպես են աշխատում բիթերն ու բայթերը, կարողանում են տեսնել ընդհանուր պատկերը և գիտությունը կապել բիզնեսի հետ», - պարզաբանել է Սարոյանը։
Նա ընդգծել է, որ ինժեներական աշխատանքը սկսվում է պատվիրատուի իրական կարիքը հասկանալուց։ Օրինակ՝ եթե հաճախորդը ցանկանում է թոքեններ վաճառել իր օգտատերերին, մշակողները պետք է հասկանան բիզնես խնդիրը, ապա այն վերածեն կոնկրետ տեխնոլոգիական լուծումների։ Դրա համար անհրաժեշտ են միաժամանակ և՛ բիզնեսի խորքային ընկալում, և՛ տեխնոլոգիաների լուրջ իմացություն։ Սարոյանի գնահատմամբ՝ հիմնարար գիտությունը բիզնեսի գործնական խնդիրների հետ կապելու կարողությունն ամենաարժեքավոր հմտություններից է, որի զարգացման մեջ Հայաստանին արժե ներդրումներ կատարել։
Էներգիան՝ որպես Հայաստանի մրցակցային առավելություն
ԱԲ ենթակառուցվածքի զարգացման ևս մեկ կարևորագույն պայման Սարոյանը համարել է էլեկտրաէներգիայի հասանելիությունը։ Նրա խոսքով՝ 60 կլաստերների հետ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ նոր ամպային հարթակների մեծ մասի համար հենց էներգետիկ ռեսուրսներն են դառնում ամենասակավ և ամենադժվար հասանելի ռեսուրսներից մեկը։ Այս համատեքստում Հայաստանում էներգիայի հասանելիության ավելի բարենպաստ պայմանները կարող են լուրջ առավելություն դառնալ։
Նա ընդգծել է, որ խոսքը նոր թվային արտադրանքի արտադրության մասին է, որը կարելի է համեմատել ֆիզիկական ապրանքների թողարկման հետ։ Էլեկտրաէներգիան, սարքավորումներն ու ծրագրային ապահովումը վերածվում են հաշվարկային հզորությունների, որոնց աշխատանքի արդյունքը թոքեններն են։ Ընդ որում, իրացման շուկան չի սահմանափակվում ներքին սպառմամբ․ արտադրված արտադրանքը կարող է պահանջարկ ունենալ ամբողջ աշխարհի օգտատերերի շրջանում։










