Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում, և թե՛ Հայաստան, թե՛ այլ երկրներ այցելելուս գլխավոր նպատակը հաջորդ սերնդին ոգեշնչելն է։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիանը։

«Մենք տիեզերքի մի փոքրիկ մասնիկն ենք։ 6 տարեկանում երազում էի իմանալ, թե ինչ է կատարվում մեր մոլորակի սահմաններից դուրս, հասկանալ աստղերի բնույթը, պարզել, թե ինչ կա Մարսից կամ Արեգակից այն կողմ, ըմբռնել ողջ տիեզերական համակարգը։ Այս ոլորտի բոլոր ընկերությունները հենց դրանով են զբաղվում»,- նշեց նա։

Ղաֆարիանը պարզաբանեց, որ իր հիմնադրած մասնավոր ընկերությունը զբաղվում է լուսնային բազայի ստեղծմամբ, և դա առաջնահերթություն է։ «Դրանից հետո մենք կկարողանանք ասել, որ ոչ թե Նյու Յորքից ենք կամ Երևանից, այլ Լուսնից»,- ասաց նա։

Ղաֆարիանը հայտնեց, որ իր ընկերության ստեղծած սարքավորումը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել Լուսնի վրա։

«Այժմ մենք ստեղծում ենք ևս 6 այդպիսի սարք և հպարտանում ենք դրանով։ Մինչ օրս ես տիեզերք եմ ուղարկել 12 տիեզերագնացի, որոնք 21 րոպեն մեկ պտտվել են մոլորակի շուրջը և ամեն 45 րոպեն մեկ տեսել արևամուտը՝ դիտելով մեր հրաշագեղ մոլորակը։ Նրանք չեն տեսել պետություններ, սահմաններ ու կրոններ։ Նրանք տեսել են միայն մեր գեղեցիկ մոլորակն ու մեր ընդհանուր տունը։ Դա հնարավորություն է տալիս վերաիմաստավորել ու հասկանալ, որ մենք բոլորս միասնական ենք, և տիեզերքը միավորում է բոլորիս։

2050 թվականին մենք վայրէջք կկատարենք լուսնային բազայում, բայց դա կլինի ոչ թե պարզապես բազա, այլ տիեզերական քաղաք, որտեղ մարդիկ կկարողանան ապրել ու աշխատել, ինչը բացառիկ արդյունաբերական հնարավորություններ կստեղծի։ Մենք կկարողանանք տիեզերքում արդյունաբերություն ծավալել, ուսումնասիրել մարդու օրգանիզմը և, գուցե, նույնիսկ տիեզերքում մարդկային ԴՆԹ ստեղծել։

Մենք կկարողանանք ամենօրյա վայրէջքներ կատարել Լուսնի վրա, որտեղ համապատասխան հարթակներ կլինեն»,- ասաց Ղաֆարիանը։

Նա պատմեց նաև իր նոր նախագծի մասին, որի նպատակն է միջմոլորակային զոնդ ուղարկել դեպի Արեգակնային համակարգին ամենամոտ գտնվող աստղը՝ Պրոքսիմա Կենտավրոս։ Այն նախատեսվում է արձակել մինչև 2028–2029 թվականները։ Այսօր գոյություն ունեցող տեխնոլոգիաների կիրառմամբ սարքը նպատակակետին կհասնի մոտ 80 000 տարում։

Ղաֆարիանը հավելեց, որ անկեղծորեն հույս ունի մի օր ոգեշնչել որևէ մեկին Հայաստանում կամ ցանկացած այլ երկրում, որպեսզի այդ մարդը որոշի գիտնական դառնալ և զբաղվել Լուսնի ուսումնասիրությամբ։

«Իմ գլխավոր նպատակն ու առաքելությունը մարդկանց ոգեշնչելն ու նրանց գիտակցության մակարդակը բարձրացնելն է, որպեսզի հասկանանք՝ մենք իսկապես միասնական ենք։ Մենք միասնական ենք մեր մոլորակի, մեր օվկիանոսների, բոլոր լեռների և այն ողջ կյանքի հետ, որ գոյություն ունի Երկրի վրա, մեր Արեգակնային համակարգում և Տիեզերքում։ Կարևոր է գիտակցել ու հասկանալ, որ, ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը տիեզերքի մի մասնիկն է՝ տիեզերական էակ»,- ընդգծեց նա։

1:24 PMhas context menu