1989 թվականի մարտին խորհրդային «Ֆոբոս-2» միջմոլորակային կայանն անսպասելիորեն դադարեցրել է կապը Երկրի հետ։ Դրանից քիչ առաջ ապարատը փոխանցել էր Մարսի Ֆոբոս արբանյակի վերջին լուսանկարները, որոնցից մի քանիսի վրա նկատել էին անսովոր ձգված ստվեր։ Այն առիթ է դարձել խոսակցությունների՝ առեղծվածային օբյեկտի և նույնիսկ ենթադրյալ այլմոլորակային նավի մասին, որն իբր ոչնչացրել էր խորհրդային զոնդը։

Սակայն տարօրինակ պատկերն ունի լիովին գիտական բացատրություն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ստվերի անսովոր ձևը կարող էր առաջանալ ապարատի ուղեծրի առանձնահատկությունների, նկարահանման ուղղության և դրա սկանավորող սարքի աշխատանքի պատճառով։ Իսկ ահա բուն «Ֆոբոս-2»-ի կորստի ճշգրիտ պատճառը մինչ օրս պարզված չէ, պատմում է Space.com-ը։

Խորհրդային մոլորակային ծրագրի վերջին խոշոր առաքելությունը

«Ֆոբոս-2»-ը մեկնարկել է 1988 թվականի հուլիսի 12-ին՝ Բայկոնուր տիեզերակայանից, «Պրոտոն» կրող հրթիռով։ Դրա գլխավոր նպատակը Մարսի և նրա խոշորագույն արբանյակի՝ Ֆոբոսի հետազոտությունն էր։ Ծրագիրը նախատեսում էր մոտեցում երկնային մարմնին և դրան իջեցնող ապարատների ուղարկում։

Խնդիրը հատկապես կարևոր էր նախորդի՝ «Ֆոբոս-1» կայանի անհաջողությունից հետո։ Այն կորցրել էր կապը Երկրի հետ 1988 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Երկրից ուղարկված հրամանների սխալ հաջորդականության պատճառով։ Արդյունքում «Ֆոբոս-2»-ը մնացել էր միակ ապարատը, որը կարող էր կատարել նախատեսված հետազոտական ծրագիրը։

1989 թվականի հունվարի 30-ին կայանը դուրս է եկել Մարսի ուղեծիր։ Սակայն շուտով հայտնաբերվել են տեխնիկական խնդիրներ. երեք բորտային պրոցեսորներից մեկն արդեն չէր աշխատում, իսկ երկրորդը նույնպես խափանումներ էր ցուցադրում։

Չնայած դրան՝ ապարատին հաջողվել է շարունակել աշխատանքը։ Հաջորդ շաբաթների ընթացքում այն փոխանցել է գիտական տվյալներ Մարսի և նրա շրջակա միջավայրի մասին, ինչպես նաև ստացել Ֆոբոսի ավելի քան երեք տասնյակ պատկեր։ Մինչև մարտ գիտական սարքավորումները, առկա տվյալներով, գործել են նորմալ, իսկ մնացած երկու պրոցեսորներն ապահովել են կայանի կառավարումը։

Բայց 1989 թվականի մարտի 27-ին՝ Ֆոբոսի հերթական նկարահանման նախապատրաստման ընթացքում, կապը հանկարծակի ընդհատվել է։

Ինչու է կայանը դադարել պատասխանել

Ֆոբոսի նավիգացիոն պատկերներ ստանալու համար ապարատը պետք է շրջվեր այնպես, որ դրա ալեհավաքները ժամանակավորապես ուղղված լինեին Երկրից հակառակ կողմ։ Դա նշանակում էր, որ նկարահանման ժամանակ կապի կորուստն ակնկալելի էր։

Սակայն մանևրի ավարտից հետո կապը վերականգնել չի հաջողվել։ Հաջորդ ժամերի ընթացքում ինժեներները ստացել են միայն մի քանի կարճատև ռադիոազդանշան։ Դրանք կարող էին վկայել այն մասին, որ կայանը սկսել է անվերահսկելիորեն պտտվել։

Եթե ապարատը կորցրել է կողմնորոշումը, այն կարող էր դադարել արևային մարտկոցներն ուղղել դեպի Արեգակը։ Նման դեպքում էներգիայի պաշարներն աստիճանաբար կսպառվեին, և Երկրի հետ կապն անհնար կդառնար։

Առավել հավանական բացատրություն մասնագետները համարում են կառավարման բորտային հաշվողական համակարգի խափանումը։ Մեկ պրոցեսոր շարքից դուրս էր եկել դեռևս դրանից առաջ, երկրորդը խնդիրներ ուներ։ Եթե այն վերջնականապես խափանվել է Ֆոբոսին մոտենալու ժամանակ, մնացած պրոցեսորը կարող էր անբավարար լինել կայանի լիարժեք կառավարման համար։

Լրացուցիչ գործոն կարող էր դառնալ էլեկտրաէներգիայի կորուստը։ Ապարատը չուներ հուսալի համակարգ, որը լիցքի կրիտիկական նվազման դեպքում կանջատեր երկրորդական սարքավորումները՝ պահպանելով հիմնական համակարգերի սնուցումը։

Դիտարկվում էր նաև Ֆոբոսի մոտ գտնվող մասնիկների կամ բեկորների հետ բախման վարկածը։ Սակայն խորհրդային մասնագետների և NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ամերիկացի հետազոտողների հետագա մոդելավորումը չի հաստատել այդ հիպոթեզը։

Իրադարձությունների ճշգրիտ հաջորդականությունն այդպես էլ մնացել է անհայտ։ Մի քանի կարճատև կապերից հետո կայանն այլևս կապի դուրս չի եկել։

Որտեղից է հայտնվել առեղծվածային ստվերը լուսանկարներում

«Ֆոբոս-2»-ի կողմից կապի կորստից առաջ փոխանցված անսովոր պատկերները դարձել են այս պատմության առանձին մասը։ Որոշ լուսանկարներում՝ ապարատի տակ կամ Ֆոբոսի մոտ, նշմարվում էր ձգված մուգ ֆիգուր, որը հիշեցնում էր սիգարանման օբյեկտ։

1990-ականների սկզբին այս առանձնահատկությունը գրավել է Մարինա Պոպովիչի ուշադրությունը՝ խորհրդային փորձարկող օդաչուի, առաջին կնոջ ԽՍՀՄ-ում, որը հաղթահարել էր ձայնային պատնեշը։ 1991 թվականի դեկտեմբերին նա լուսանկարները ներկայացրել է Սան Ֆրանցիսկոյում կայացած մամուլի ասուլիսում և հայտարարել, որ դրանց վրա, հնարավոր է, պատկերված է անհայտ օբյեկտ՝ մարսյան արբանյակի մոտ։ Պոպովիչը ենթադրել է, որ դա կարող էր լինել այլմոլորակային նավ։

Նրա հայտնիությունը ավիացիոն և տիեզերական շրջանակներում լրացուցիչ հրապարակայնություն է հաղորդել այս վարկածին։ Սակայն նման օբյեկտի գոյության համոզիչ գիտական ապացույցներ ի հայտ չեն եկել։

Անսովոր ստվերի բացատրությունը կապված է դիտարկումների առանձնահատկությունների հետ։ Նկարահանման պահին «Ֆոբոս-2»-ն ու նրա արբանյակը գտնվում էին գրեթե նույն ուղեծրում և շարժվում էին մոտ արագություններով։ Termoskan բազմասպեկտրալ սկանավորող սարքը նկարահանում էր ոչ միայն բուն արբանյակը, այլև դրա ստվերը՝ Մարսի մակերևույթին։

Դիտարկումների երկրաչափության պատճառով ստվերը կարող էր երևալ որպես ձգված մուգ շերտ։ Կարևոր դեր էին խաղում նաև նկարահանման ուղղությունը և սկաների աշխատանքի առանձնահատկությունները։ Բացի այդ, հետազոտողները ենթադրել են, որ բուն ապարատն այդ պահին կարող էր թեթևակի ճոճվել։

1991 թվականին NASA-ի ղեկավարությամբ մասնագետների խումբը վերլուծել է Termoskan-ի դիտարկումները և եկել այն եզրակացության, որ պատկերի անսովոր ձևը, ամենայն հավանականությամբ, բացատրվում է այս գործոնների համադրությամբ։

Կա նաև անկախ հաստատում այն բանի, որ Ֆոբոսի ձգված ստվերը լիովին սովորական երևույթ է։ 2005 թվականին եվրոպական Mars Express ապարատը ստացել է համանման ստվերի պատկերներ՝ Մարսի մակերևույթին։ Այն նույնպես ուներ նկատելիորեն երկարացված ձև՝ պայմանավորված արևային լույսի անկման անկյունով և դիտարկման երկրաչափությամբ։

Այսպիսով, «Ֆոբոս-2»-ի լուսանկարների վրայի առեղծվածային «օբյեկտը» արտաերկրային տեխնոլոգիաների օգնությամբ բացատրելու կարիք չունի։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերել է մարսյան արբանյակի ստվերին՝ աղավաղված նկարահանման պայմաններով։

Ինչ է հասցրել բացահայտել «Ֆոբոս-2»-ը

Չնայած առաքելության վաղաժամ ավարտին՝ ապարատը փոխանցել է գիտական տեղեկատվության զգալի ծավալ։ Պաոլո Ուլիվիի և Դևիդ Հարլանդի գնահատականով՝ «Ֆոբոս» ծրագրի երկու կայանների ստացած տվյալներն իրենց ծավալով գերազանցել են Մարս ուղղված նախորդ բոլոր խորհրդային առաքելությունների արդյունքները։

Սակայն ապարատի կորուստն ունեցել է հետևանքներ ոչ միայն գիտական ծրագրի համար։ Նախագծին մասնակցում էին ավելի քան մեկ տասնյակ երկրների մասնագետներ, որոնք տրամադրել էին սարքավորումներ և միլիոնավոր դոլարների ֆինանսավորում։ Անհաջողությունը լուրջ հարված դարձավ միջազգային համագործակցության համար՝ Խորհրդային Միությունում ընթացող մասշտաբային քաղաքական և տնտեսական փոփոխությունների պայմաններում։

«Ֆոբոս-2»-ի պատմությունը մնում է անսովոր նույնիսկ տասնամյակներ անց։ Մի կողմից՝ գիտնականներին հաջողվել է բավական համոզիչ բացատրել վերջին լուսանկարների վրայի առեղծվածային ստվերը։ Մյուս կողմից՝ կայանի կորստի տեխնիկական պատճառն այդպես էլ վերջնականապես չի պարզվել։

Արդյունքում այլ մոլորակներ ուղղված վերջին խոշոր խորհրդային առաքելություններից մեկն իրենից հետո թողել է և՛ արժեքավոր գիտական տվյալներ, և՛ չլուծված ինժեներական առեղծված։ Եվ թեև այլմոլորակային նավի մասին պատմությունը հաստատում չի ստացել, բուն ապարատի ճակատագիրն իսկապես մնում է անհայտ։