Ձգողականությունը թվում է այնքան սովորական մի բան, որ մենք գրեթե չենք նկատում դրա գոյությունը։ Սակայն հենց դա է Երկրի մակերևույթին պահում մարդկանց, շենքերը, օվկիանոսները և նույնիսկ մթնոլորտը։ Այդ պատճառով հարցը, թե ինչ տեղի կունենա, եթե ձգողականությունն անհետանա թեկուզ մեկ վայրկյանով, վաղուց հետաքրքրում է ոչ միայն գիտական ֆանտաստիկայի սիրահարներին, այլև ֆիզիկոսներին։

Իհարկ է՝ նման սցենարն անհնար է։ NASA-ի տվյալներով՝ ձգողականությունը «անջատել» հնարավոր չէ. այն որոշվում է մոլորակի զանգվածով։ Որպեսզի Երկիրը դադարի ձգել օբյեկտները, այն պետք է ակնթարթորեն զրկվի իր գրեթե ողջ զանգվածից։ Բայց եթե պատկերացնենք նման իրավիճակ մտովի, հետևանքները կլինեն աղետալի, գրում է The Day-ը։

Առաջին վայրկյան. ամեն ինչ սկսում է «թռչել» 

Քանի դեռ ձգողականությունը գործում է, այն պահում է բոլոր օբյեկտները մոլորակի մակերևույթին։ Եթե ձգողականությունն անհետանա, մարդիկ, մեքենաները, կենդանիները, լճերի ու գետերի ջուրը, ինչպես նաև ցանկացած չամրացված առարկա կշարունակեն շարժվել իներցիայով և բառացիորեն կպոկվեն Երկրից։ Պատճառն այն է, որ մոլորակն իր առանցքի շուրջ պտտվում է հասարակածում մինչև 465 մետր/վայրկյան արագությամբ։ Առանց ձգողականության ուժի բոլոր օբյեկտները կշարժվեն շոշափողով՝ ասես պարսատիկից պոկված քար։ Մեկ վայրկյանում մարդիկ և առարկաները կհասցնեն բարձրանալ մոտ հինգ մետր։

Ձգողականության վերադարձը 

Ամենավտանգավոր իրադարձությունները կսկսվեն այն պահին, երբ ձգողականությունը նորից «միանա»։ Այն ամենը, ինչ հասցրել էր բարձրանալ, կսկսի ընկնել հետ՝ ազատ անկման արագացմամբ։ Մարդու համար նման հարվածը համեմատելի կլինի մի քանի հարկանի բարձրությունից ընկնելու հետ։ Համատարած ավերածությունների կթիրախավորվեն շենքերը, կամուրջները և այլ ինժեներական կառույցները, որոնք նախատեսված չեն նման արտասովոր ծանրաբեռնվածության համար։

Մթնոլորտն ու օվկիանոսները նույնպես շարժման մեջ կդրվեն 

Հետևանքները կվերաբերեն ոչ միայն մարդկանց։ Ձգողականության բացակայության ընթացքում մթնոլորտի վերին շերտերը կսկսեն ընդարձակվել և տեղաշարժվել դեպի տիեզերք։ Ձգողականության ուժի վերադարձից հետո օդը հետ կսլանա, ինչը կարող է հզոր հարվածային ալիք և մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներ առաջացնել։ Ոչ պակաս դրամատիկ պատկեր է սպասվում օվկիանոսներին։ Ջրի հսկայական զանգվածները կարճ ժամանակով կկորցնեն կապը Երկրի մակերևույթի հետ, իսկ հետո վիթխարի ուժով հետ կժայթքեն։ 

Գիտնականների գնահատականներով՝ սա կարող է հանգեցնել ալիքների առաջացման, որոնք իրենց մասշտաբներով համեմատելի կլինեն խոշորագույն ցունամիների հետ։ Ձգողականությունն ազդում է ոչ միայն մոլորակի մակերևույթի, այլև երկրակեղևի ներսում ծանրաբեռնվածության բաշխման վրա։ Դրա հանկարծակի անհետացումը կխախտեր ձևավորված հավասարակշռությունը, ինչը տեսականորեն կարող էր հրահրել լայնամասշտաբ սեյսմիկ ակտիվություն միանգամից աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում։