Hexact ընկերությունը գործարկեց իր էկոհամակարգի չորրորդ պրոդուկտը՝ Hexospark-ը, որն էլեկտրոնային փոստի ավտոմատացման և հաճախորդների կառավարման համակարգի (CRM) հարթակ է: Այն մեկ կենտրոնացված հարթակում հնարավորություն է տալիս անհատականացնել էլեկտրոնային նամակները, ավտոմատացնել հետագա քայլերը և ավելացնել վաճառքները։ 

«Մեր նոր պրոդուկտը հնարավորություն է տալիս, օրինակ, LinkedIn-ում որոնել պոտենցիալ հաճախորդների, ներբեռնել այդ տվյալները CRM համակարգ, մշակել անհատականացված արշավ էլեկտրոնային նամակներով, պլանավորել և ավտոմատացնել հետագա քայլերը: Ընդ որում, այս ամենն անել գրեթե անսահմանափակ ծավալներով», - NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը: 

Stepan-Aslanyan

Hexospark-ը նույնպես ինտեգրված է ընկերության գլխավոր պրոդուկտին՝ Hexomatic-ին, ի լրումն Hexowatch-ի: Նոր հարթակը մարքեթոլոգների համար նոր գործիք է, որով կարելի է lead-ը՝ հետաքրքրվող մարդուն, հաճախորդ դարձնել։ 

Մարքեթոլոգներն իրենց պրոդուկտն առաջ տանելու համար շատ դեպքերում գրում են հազարավոր, տասնյակ-հազարավոր պոտենցիալ հաճախորդների: Առանձին-առանձին բոլորին գրելը ժամանակատար է: Hexospark-ն այդ ժամանակի խնայողությունն է անում՝ հնարավորություն տալով ավտոմատ կերպով ուղարկել նամակները հազարավոր պոտենցիալ հաճախորդների և քայլ առ քայլ առանձնացնել իրական հաճախորդներին:

Hexpspark-Frame

Hexospark-ի միջոցով email campaign-ներ սկսելու համար պետք է ունենալ պոտենցիալ հաճախորդների բազա, ներբեռնել տվյալները հարթակ և կարգավորումների միջոցով կազմակերպել էլեկտրոնային նամակների հաղորդակցությունը․ լրացնել, թե ինչ նշվի առաջին նամակում, երբ ուղարկվեն հաջորդ նամակները, որերորդ նամակում ընդգրկել հղումներ, լուսանկարներ և այլն։ 

Ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց Hexaсt-ի Ծրագրերի ղեկավար Լուսինե Դանիելյանը, հարթակից օգտվելու համար տեխնիկական կրթություն պետք չէ ունենալ, նույնիսկ հաճախորդների բազա ունենալը պարտադիր չէ․

«Եթե չունեք, խնդիր չէ, քանի որ մենք տալիս ենք հնարավորություն այդ տվյալները «քերել»-ստանալ scraping-ի միջոցով։ Դրա համար հարթակին կցված է հատուկ գործիք, որի համար հավելյալ վճար չի պահանջվում։ Այդ extension-ի միջոցով կարելի է ցանկացած հրապարակային հասանելիության կոնտակները հանել scraping-ով, ավտոմատացված կերպով ներբեռնել Hexospark-ի մեյլերի քո CRM բազա և կազմել տարբեր արշավներ»։

Lusine-Danielyan

Դանիելյանն ավելացրեց, որ հնարավորություն կա ստեղծելու էլհասցեների թիրախավորված խմբեր, որն ավելի կհեշտացնի կոնկրետ արշավների կազմակերպումը։ 

Hexospark-ն ավտոմատացման գործիք է, բայց նաև անհատականացնելու հնարավորություն ունի։

«Մեր հաջորդ քայլը լինելու է էլեկտրոնային նամակներն անհատականացնելը։ Օրինակ՝ սուրճի գովազդային արշավ ես սկսում, հատուկ բաժակ ունես, որի պատկերը նամակում ես տեղադրում, հարթակի միջոցով կկարողանաս կոնկրետ մարդուն ուղարկվող նամակում բաժակի վրա հենց ստացողի անունը պատկերել։ Սա գովազդային կամ մարքեթինգային արշավն ավելի «մտերիմ» կդարձնի, նաև տպավորություն չի ստեղծի, որ քեզ հետ արհեստական բանականությունն է «շփվում»։ Միևնույն ժամանակ աշխատանքը կլինի ավտոմատացված՝ խնայելով մեծ ժամանակ», - նշեց Դանիելյանը:

Նա ավելացրեց, որ աշխատատար մասն արշավի ծրագրավորման փուլն է, իսկ հետո նոր հարթակն ապահովում է նամակների follow-up-ը՝ երկրորդ, երրորդ նամակն ուղարկելը, հետևում, թե երբ կարիք չկա պատասխանելու, երբ է պետք արդեն ուղիղ կապվել հաճախորդի հետ։ 

Hexospark-ը նաև ապահովում է վիճակագրություն, թե քանի նամակ է ուղարկվել, քանիսն է ձախողվել, քանիսն ու որոնք են բացվել, հղումներից քանիսն է բացվել, քանիսին է պատասխան եկել և այլն։ 

Hexospark-ի կայքում նաև ուղեցույցներ ու խորհուրդներ են հրապարկվում պրոդուկն ամբողջ արդյունավետությամբ օգտագործելու և արշավներն ավելի հաջող կազմակերպելու համար։ Դրանք հիմնականում նախապատրաստում է Hexact-ի Մարքեթինգի մասնագետ Սիրանուշ Ջիվանյանը, ով կազմել է էլեկտրոնային նամակների լավագույն 50 subject line-երի՝ վերնագրերի ցանկը։ Նա խորհուրդ է տալիս, օգտագործել subject-ներ, որոնք արագ քայլերի են դրդում, կամ որ ազդեցիկ բառեր են պարունակում, որոնք արժեքավոր առաջարկներ են պարունակում, պրոդուկտի թարմացումների վերաբերյալ, որոնք հաճախորդի նկատմամբ հատուկ վերաբերմունք են ցուցաբերում, հիշեցումներ․

«Էլեկտրոնային նամակը կատարյալ միջոց է ձեր ապրանքանիշի ու հաճախորդի միջև փոխվստահություն կառուցելու համար։ Առաջին բանը, որին ձեր հասցեատերերն ուշադրություն են դարձնում ձեր էլեկտրոնային նամակներում, վերնագիրն է՝ subject line-ը։ Լավ կլինի ընտրել գրավիչ ու «աշխատող» վերնագրեր, որոնք կստիպեն հասցեատերերին հետաքրքությամբ ու անհամբերությամբ սպասել ձեր հետագա նամակներին», - նշեց Ջիվանյանը։ 

Siranush-Jivanyan

Օգտատերերի գործը հեշտացնելու և ժամանակ խնայելու համար նաև մարքեթինգային արշավների պատրաստի template-ներ են կազմվել, որոնք նախատեսում են կցել լուսանկարներ, պատկերներ, file-եր, հասցեատիրոջ վրա ավելի լավ տպավորություն թողնելու համար: 

Hexact-ի պրոդուկտները կայուն շարունակական աճ ու հաջողություններ են գրանցում: Այս տարի Hexact-ի օգտատերերի թիվը 2,5 անգամ ավելացել է՝ գերազանցելով 100,000-ը: Hexowatch-ն առաջին հորիզոնականն է զբաղեցրել GetApp 2022 տվյալների վերլուծության ծրագրային ապահովման վարկանիշում՝ ստանալով առավելագույն 100 միավոր: Իսկ Hexomatic-ն առաջատարներից է Software Advise-ի վարկանիշում: