Twitter-ի 1000 խոշոր գովազդատուների կեսից ավելին լքել է սոցհարթակը, իսկ նախկին աշխատողները մրցակից հարթակներ են ստեղծում

14 փետրվարի, 2023  14:03

Այս տարվա հունվարի դրությամբ Twitter-ի 1000 խոշոր գովազդատուների կեսից ավելին դադարեցրել են իրենց գովազդները սոցհարթակում։ Միևնույն ժամանակ Twitter-ի մի շարք նախկին աշխատողներ Twitter մրցակից սոցհարթակներ են ստեղծում։

Գովազդատուների արտահոսք

Ըստ Pathmatics-ի տվյալների՝ Twitter-ի 1000 լավագույն գովազդատուներից մոտ 625-ը, ներառյալ խոշոր բրենդները, ինչպիսիք են Coca-Cola-ն, Unilever-ը, Jeep-ը, Wells Fargo-ն և Merck-ը, հունվարի դրությամբ դադարեցրել էին գովազդն այս սոցհարթակում։

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Գովազդատուների հեռանալու հետևանքով գովազդից ստացվող ամսական եկամուտը հոկտեմբերից մինչև հունվարի 25-ը նվազել է ավելի քան 60%-ով՝ շուրջ 127 մլն դոլարից մինչև 48 մլն դոլար։ Նախկինում Twitter-ը գովազդից տարեկան ստանում էր մոտ 4.5 մլրդ դոլարի եկամուտ։

twitter advertisers.JPG (32 KB)

Փորձագետների կարծիքով՝ գովազդատուների հեռանալու պատճառներից է ինչպես սոցհարթակի նկատմամբ վստահության պակասը, այնպես էլ Twitter-ում աշխատողների զանգվածային կրճատումները (ժամանակին ընկերությունն ուներ ավելի քան 7500 աշխատակից, այժմ մնացել է մոտ 2300-ը), ինչի պատճառով շատ գովազդատուներ կորցրել են իրենց կոնտակտային անձանց ընկերությունում և բախվել մի շարք դժվարությունների։ Կան նաև տեխնիկական խնդիրներ, որոնք, իհարկե, նույնպես վանել են գովազդատուներին:

twitter remaining advertizers .JPG (27 KB)

Սակայն, Financial Times-ի փորձագետները կարծում են, որ խոշոր գովազդատուների հեռանալու հիմնական պատճառը ո՛չ տեխնիկական խնդիրներն են և ո՛չ էլ նույնիսկ մարդկանց պակասը, ում հետ այդ ընկերությունները սովոր էին աշխատել, այլ Իլոն Մասկի անձը, որը, պարբերականի տվյալներով, անձամբ է զանգահարել որոշ ընկերությունների ղեկավարների և «նախատել» նրանց ու կոնֆլիկտներ ունեցել նրանց հետ։

Twitter-ը մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել գովազդատուների զանգվածային արտահոսքը դադարեցնելու և նրանց հետ բերելու համար: Օրինակ՝ սոցցանցը գովազդատուներին առաջարկել է անվճար գովազդ, ավելի բարենպաստ պայմաններ, վերացրել է քաղաքական գովազդի արգելքը, որը գործում էր 2019-ից, նաև ընկերություններին ավելի մեծ վերահսկողություն է տվել իրենց գովազդի տեղադրման հարցում։ 2022-ի դեկտեմբերին Apple-ը և Amazon-ը վերսկսել են գովազդը Twitter-ում։

Twitter-ի նախկին աշխատողները մրցակից հարթակներ են ստեղծում

Twitter-ից հեռացած մի շարք աշխատողներ նոր սոցհարթակներ են ստեղծել, որոնք պոտենցիալ մրցակիցներ կարող են լինել Twitter-ին։ Twitter-ի նախկին աշխատակից Սառա Օհը միացել է իր ընկերոջ՝ նախկինում Twitter-ում և Google-ում աշխատած Գաբոր Չելեին, և միասին նոր սոցցանց են ստեղծել։ T2 անունով սոցցանցը, շատ առումներով նման է Twitter-ին, սակայն, ըստ Սառա Ohի, անվտանգությունն իրենց համար կարևորագույն բանն է։

«Մենք իսկապես ցանկանում ենք ստեղծել մի փորձառություն, որը թույլ կտա մարդկանց տարածել այն, ինչ ուզում են՝ չվախենալով չարաշահումների և ոտնձգությունների վտանգից, և մենք զգում ենք, որ իսկապես լավ դիրքավորված են դա անելու համար»,- ասել է Օհը։

Twitter-ի նախկին աշխատակիցներն են ստեղծել նաև Spill սոցցանցը, ինչպես նաև մի ստարտափ, որին աջակցում է Twitter-ի ներդրողներից մեկը։ Այս շարքին է պատկանում նաև ծառայությունը, որն ստեղծել է Twitter-ի նախկին գլխավոր գործադիր տնօրենը Ջեք Դորսին։

Այդուհանդերձ, ըստ CNN-ի, այդքան էլ հեշտ չէ փոխարինելը Twitter-ին, որից օրական 200 մլն մարդ է օգտվում։ Օրինակ՝ Mastodon-ը, որը վերջերս համարվում է Twitter-ի ամենահայտնի մրցակիցը, 2022-ի նոյեմբերի ցուցանիշներով ունեցել է 2,5 միլիոն օգտատեր, թեև այդ թիվն այնուհետև նվազել է մինչև 1,4 միլիոնի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ