Պարամետրերը տարբերվում են հայտարարվածից. ի՞նչ էր Apple-ը թաքցնում Vision Pro-ի մասին

12 փետրվարի, 2024  17:23

Apple Vision Pro սարքի էկրանի կետայնությունը չի համապատասխանում հայտարարված 4K-ին. իրականում սարքի յուրաքանչյուր էկրան ունի 3660 x 3200 պիքսել, մինչդեռ 4K է համարվում 3840 x 2160 կետայնությունը: Այս մասին հաղորդում են iFixit-ի մասնագետները, որոնք քանդել են խառը իրականության նոր սարքը և մանրամասն ուսումնասիրել դրա բաղադրիչները:

Ըստ նրանց՝ սարքի մեկ microLED էկրանի պիքսելների ընդհանուր թիվը կազմում է 11,437,866, չնայած Apple-ի պաշտոնական գովազդային նյութերում երկու էկրանի համար էլ խոսվում է 23 միլիոն պիքսելի մասին։ Ըստ մասնագետների՝ 6,3 ք/սմ մակերեսով մատրիցայի պարագայում լուսանկարի խտությունը կազմում է 3386 ppi, ինչը նշանակում է, որ ժամանակակից iPhone-ի մեկ պիքսելի տարածքում կարող է տեղավորվել Apple Vision Pro-ի էկրանների 50 պիքսել:

Փորձագետների կարծիքով՝ չնայած հայտարարվածի համեմատ առկա շեղումներին՝ Apple Vision Pro էկրանների պարամետրերը, այդուհանդերձ, բավականին տպավորիչ են։

Apple Vision Pro-ը մասերի բաժանելու արդյունքում պարզվել է նաև, որ սարքի իրական մարտկոցի հզորությունը զգալիորեն տարբերվում է հայտարարվածից, սակայն այս դեպքում ավելի քիչ է հայտարարվել, իրականում մարտկոցի հզորությունը հայտարարվածից 20%-ով ավելի է, բայց գուցե Apple-ը միտումնավոր չի նշել իրական հզորությունը, քանի որ մարտկոցը, ծառայության ժամկետը երկարացնելու նպատակով, լիցքավորվում է ընդամենը 80%-ով:

Հիշեցնենք, որ Apple Vision Pro խառը իրականության սարքը վաճառքի է հանվել ԱՄՆ-ում 2024-ի փետրվարի 2-ին և արժե 3500 դոլար։ Այն, սակայն, դեռ հեռու է իդեալական համարվեուց: Չնայած այն հեշտ չէ կոտրել (եթե կոտրեք, ապա սարքի ամենաթանկ բաղադրիչի՝ կոր EyeSight էկրանի վերանորոգումը կարժենա 2399 դոլար, այսինքն՝ նույնքան, որքան արժե ամենաթանկ MacBook-ը), շատ օգտատերեր բողոքում են, որ վատ է սարքի պաշտպանվածությունը այն գողանալու կամ կորցնելու դեպքում։ Բացի դրանից, այն ունի բազմաթիվ թույլ կողմեր ​​և մի շարք այլ թերություններ։

Ինչպես հաղորդում է MacRumors-ը՝ վկայակոչելով ինսայդեր և Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանին, Apple Vision Pro սարքն «իդեալական» կդառնա միայն, երբ թողարկվի դրա չորրորդ սերնդի տարբերակը։ Ճիշտ է, այնքան էլ պարզ չէ, թե նա կոնկրետ ինչ նկատի ունի «իդեալական» ասելով։ Սարքի այս տարբերակն ունի թե՛ ծրագրային, թե՛ ապարատային բազմաթիվ խնդիրներ, որոնք, ըստ ամենայնի, կվերացվեն հետագա տարբերակներում։

Գուրմանի խոսքով՝ դեռ երկար ժամանակ կպահանջվի, մինչև մարդիկ կկարողանան նման սարքն օգտագործել առօրյա կյանքում այնպես, ինչպես, օրինակ՝ iPhone-ն են օգտագործում։


 
 
 
 
  • Արխիվ