Apple Vision Pro-ի վերանորոգումը կարժենա այնքան, որքան ամենաթանկ MacBook-ը. ուրիշ ի՞նչ է հայտնի նոր սարքի մասին

22 հունվարի, 2024  14:20

Apple Vision Pro խառը իրականության սարքի վերանորոգումը կարժենա այնքան, որքան արժե ամենաթանկ 1 ՏԲ հիշողությամբ M3 Pro MacBook Pro-ն: Ըստ Wccftech-ի՝ ամենաթանկ բաղադրիչի՝ EyeSight կոր էկրանի վերանորոգումը կարժենա 2399 դոլար:

EyeSight-ի քերծված կամ կոտրված ապակու փոխարինումն արժե 799 դոլար: Իսկ եթե կոտրվի էկրանը, ապա այն վերանորոգելու համար պետք է վճարել 2399 դոլար։ Այդպիսի գումարի դիմաց, ինչպես արդեն նշվեց, կարելի է գնել Apple-ի ամենաթանկ նոութբուքը: Իսկ ևս 1000 դոլար վճարելու դեպքում կարելի է գնել նոր Vision Pro-ն։

Apple Vision Pro-ի գնորդներին Wccftech-ը նաև խորհուրդ է տալիս սարքի հետ նաև ձեռք բերել AppleCare+ ընդլայնված երաշխիքը, որն արժե 499 դոլար և ուժի մեջ է երկու տարի, որի ընթացքում Apple-ը պարտավորվում է տարբեր տեսակի վերանորոգման աշխատանքներ կատարել անվճար կամ մեծ զեղչով։

Հիշեցնենք, որ Apple Vision Pro-ի նախնական պատվերներն ԱՄՆ-ում սկսվել են 2024-ի հունվարի 19-ից։ Ակնկալվում է, որ նոր արտադրանքը մանրածախ վաճառքում կհայտնվի փետրվարի 2-ին։

Ի՞նչ հավելվածներ նախապես տեղադրված կլինեն Apple Vision Pro-ում

Apple Vision Pro-ն, ըստ MacRumors-ի տվյալների, կվաճառվի 25 նախապես տեղադրված հավելվածներով, որոնք կարելի է բաժանել երկու կատեգորիայի՝ օպտիմիզացված և ոչ օպտիմիզացված։ Առաջիններն առանձնանում են նրանով, որ ունեն ինտերֆեյսի հետ տարածական փոխազդեցության յուրահատուկ գործառույթներ։ Չօպտիմիզացված հավելվածները iOS-ի տարբերակների պատճեններն են:

Օպտիմալացված հավելվածների ցանկը կներառի՝

  • App Store,
  • Encounter Dinosaurs,
  • Files,
  • Freeform,
  • Keynote,
  • Mail,
  • Messages,
  • Mindfulness,
  • Music,
  • Notes,
  • Photos,
  • Safari,
  • Setting,
  • Tips։

Ոչ օպտիմիզացված կատեգորիան կներառի՝

  • Books,
  • Calendar,
  • Home,
  • Maps,
  • News,
  • Podcasts,
  • Reminders,
  • Shortcuts,
  • Stocks,
  • Voice Memos։

Հարկ է նշել, որ սարքը կարծես չի ստանա այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են iWork-ը, Pages-ը, Clock-ը, Contacs-ը, Weather-ը և Health-ը։

MacRumors-ի համաձայն՝ Apple Vision Pro-ի գործարկումից անմիջապես հետո կարող է հայտնվել նաև FaceTime հավելվածի օպտիմիզացված տարբերակը, ինչպես նաև Capture ծառայությունը՝ սարքի տեսախցիկներով լուսանկարելու և տեսագրելու համար։


 
 
 
 
  • Արխիվ