Apple Vision Pro. Որքա՞ն հեշտ է այն կոտրելը և ինչու են շատ գնորդներ դժգոհ 3500 դոլար արժողությամբ գաջեթից

5 փետրվարի, 2024  16:17

Apple Vision Pro խառը իրականության նոր գարնիտուրան այնքան էլ փխրուն չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այնուամենայնիվ, 3500 դոլար արժողությամբ գաջեթն ունի բազմաթիվ այլ թերություններ, որոնցից շատ գնորդներ դժգոհ են:

Հե՞շտ է արդյոք կոտրել Apple Vision Pro-ն

Apple Track-ից բլոգեր Սեմ Քոլեմը Apple-ի նոր գաջեթի քրաշ-թեստ է անցկացրել և պարզել, որ այն կոտրելն ավելի դժվար է, քան կարող եք մտածել:

Սարքն առանց որևէ խնդրի կարող է դիմակայել պատերին և դռներին պատահական հարվածներին, սակայն նման հարվածներից հետո արտաքին ապակու վրա կարող են մնալ փոքր քերծվածքներ: Նույնիսկ պատին կանխամտածված հարվածներից հետո ապակին չի կոտրվել, սակայն լուսապաշտպան թաղանթը ինչ-որ պահի սկսել է շերտազատվել:

Գաջեթը նաև դիմացավ փոքր բարձրությունից գորգի վրա մի քանի անկումների, թեև բարձրախոսները բավական արագ վնասվեցին. երրորդ անկումից հետո աջ բարձրախոսը դադարեց աշխատել: Չնայած դրան, գարնիտուրան հնարավոր էր շարունակել օգտագործել: Սակայն 3-3,5 մետր բարձրությունից ընկնելուց հետո սարքի առջեւի ապակին դեռ կոտրվեց։ Հետաքրքիր է, որ նույնիսկ դրանից հետո Vision Pro-ն շարունակում էր աշխատել, քանի որ ներքին էկրանները չէին վնասվել։

Apple Vision Pro-ն վատ է պաշտպանված գողությունից և կորստից

Apple Vision Pro-ի կարևորագույն թերություններից մեկը, ըստ բազբաթիվ օգտատերերի Find My սարքի գտնվելու վայրի հետևման գործառույթի բացակայությունն է, ինչն ավելի դժվար է դարձնում սարքին հետևելը կորստի կամ գողության դեպքում՝ ի համեմատ iPhone-ի կամ Apple-ի այլ գաջեթների:

MacRumors-ի համաձայն՝ Apple-ը հաստատել է, որ Vision Pro-ի գտնվելու վայրը չի կարող դիտվել Find My հավելվածում ընկերության մեկ այլ սարքում կամ iCloud.com-ում: Find My-ի բոլոր հնարավորություններից գաջեթն աջակցում է միայն Activation Lock-ին, որը թույլ չի տալիս գողին ջնջել կամ վերակայել սարքը, եթե նա չգիտի սեփականատիրոջ Apple ID-ն և գաղտնաբառը:

Հաշվի առնելով գաջեթի բարձր գինը՝ այն կարող է շատ գրավիչ լինել գողերի համար։ Թեև շատերն այն կօգտագործեն տանը, հնարավոր է, որ որոշ օգտատերեր այն իրենց հետ տանեն ինքնաթիռներում և այլ վայրերում, որտեղ այն իրոք կարող են գողանալ:

Apple Vision Pro-ի ամենաթույլ կետը

iFixit-ի տեխնիկների թիմը, որը մասնագիտացած է էլեկտրոնիկայի վերանորոգման հնարավորության գնահատման մեջ, ապամոնտաժել է Apple Vision Pro խառը իրականության գարնիտուրան: Սարքի դիզայնը բավականին բարդ է ստացվել, ինչի պատճառով այն ապամոնտաժելն ու վերանորոգելը հեշտ չի լինի։

Բայց խնդիրը ոչ այնքան սա է, որքան այն, որ գաջեթն ունի այսպես կոչված աքիլեսյան գարշապար՝ EyeSight-ի տեսքով:

«Այս սահմռկեցուցիչ հատկանիշը ձախողման բազմաթիվ պոտենցիալ կետեր ունի: Բայց մենք պետք է արժանին մատուցենք Apple-ին. հեշտությամբ փոխարինվող բարձրախոսներն ու մարտկոցը մեծ պլյուս են վերանորոգման առումով»,- նշել է iFixit-ը:

Ինչո՞ւ են որոշ օգտատերեր վերադարձնում Apple Vision Pro-ն և պահանջում փոխհատուցում

Որոշ օգտատերեր, ովքեր գնել են Apple Vision Pro-ն ԱՄՆ-ում, արդեն հիասթափվել են գնումից և վերադարձրել են իրենց գումարը կամ մտածում են դա անել մոտ ապագայում:

Օրինակ, Reddit ֆորումի reluctantclinton մականունով օգտատերը գրել է, որ լավատես էր Apple Vision Pro-ի թողարկման հարցում, բայց գնումից հետո հիասթափվել է. նրան դուր չի եկել գաջեթի սահմանափակ տեսադաշտը թափանցիկության ռեժիմում , միջավայրի պատկերի որակը (որը Vision Pro տեսախցիկները փոխանցում են էկրանին), բացի այդ, սարքի քաշը բավականին մեծ է, ինչի պատճառով օգտատիրոջ գլուխն ու դեմքը արագ հոգնում են։

Betterjake անունով օգտատերը, իր հերթին, դժգոհել է Vision Pro-ի բարձր արժեքից, նրա մեծ քաշից, ինչպես նաեւ ժեստերի ու հայացքների կառավարման համակարգի աշխատանքից։

Այնուամենայնիվ, կան նաև շատ դրական արձագանքներ. շատ օգտատերերին դուր է գալիս էկրանների որակը և սարքի միջոցով ֆիլմեր դիտելու հետաքրքիր փորձը:

Հիշեցնենք, որ Apple Vision Pro գարնիտուրան վաճառքի են հանվել ԱՄՆ-ում փետրվարի 2-ին։ Այլ երկրներում ընկերությունը խոստացել է նոր արտադրանքը թողարկել մինչև տարեվերջ։

Սարքը աշխատում է 8 միջուկային M2 չիպով, 10 միջուկային պրոցեսորով, 16 միջուկանի նյարդային պրոցեսորով և 16 ԳԲ միասնական հիշողությամբ: Մյուս առանձնահատկությունները ներառում են մինչև 1 ՏԲ հիշողություն և բոլորովին նոր R1 չիպ, որը «մշակում է 12 տեսախցիկից, 5 սենսորից և 6 խոսափողից ստացված մուտքերը, որպեսզի բովանդակությունը հայտնվի հենց օգտատիրոջ աչքերի առջև»:


 
 
 
 
  • Արխիվ