Հայաստանին անհրաժեշտ է որոշել, թե արհեստական բանականության զարգացման որ մոդելն է մտադիր ընտրել, և այդ մոտեցումը համաձայնեցնել պետության, կարգավորող մարմինների ու ոլորտի մասնակիցների միջև։ Առանց հետագա ուղղության վերաբերյալ ընդհանուր պատկերացման՝ տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը կարող է առաջ անցնել անհրաժեշտ կանոնների և կարգավորման մեխանիզմների ձևավորումից։ Այս մասին հայտարարել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տարածաշրջանային տնօրեն Նատալյա Մոչուն՝ ելույթ ունենալով ինտերնետի կառավարման հայկական 11-րդ համաժողովում՝ ArmIGF2026-ում։
Նրա խոսքով՝ տարբեր երկրներ ԱԲ-ի կարգավորման տարբեր մոդելներ են ընտրում. մի մասը դրա կիրառման առանձին ոլորտների համար ավելի խիստ օրենսդրական սահմանափակումներ է սահմանում, մյուսները բաց մոտեցում են որդեգրում՝ թույլ տալով ներմուծել պատրաստի լուծումներ և ոլորտին զարգացման ավելի մեծ ազատություն տրամադրելով։ ITU-ն պետություններին որևէ մեկ տարբերակ չի առաջարկում, քանի որ ընտրությունը կախված է ազգային առաջնահերթություններից։ Սակայն Մոչուն կարևոր է համարում, որ Հայաստանն առաջին հերթին այս հարցի շուրջ համաձայնեցված դիրքորոշում ձևավորի։
«Գործնական քայլերից մեկը կլիներ այնպիսի հարթակի ձևավորումը, որը կմիավորեր պետությանն ու ոլորտի մյուս մասնակիցներին՝ որոշելու, թե երկիրն ինչ մոտեցում է ցանկանում որդեգրել հետագա զարգացման ընթացքում», - նշել է նա։
ITU-ի ներկայացուցչի կարծիքով՝ նման փոխգործակցությունը թույլ կտա որոշել, թե որ ուղղություններն են պահանջում խիստ օրենսդրական կարգավորում, իսկ որտեղ է նպատակահարմար տեխնոլոգիաների զարգացման համար ավելի ազատ պայմաններ պահպանել։ Կարևոր է, որ ընտրված մոդելը հասկանալի լինի ոչ միայն կառավարությանը, այլև կարգավորող մարմիններին, հեռահաղորդակցության օպերատորներին, ինտերնետ մատակարարներին և բիզնեսին։
ԱԲ-ի ներդրմանը երկրի պատրաստվածության գնահատում
Մոչուն նշել է, որ Հայաստանն արդեն զգալի ջանքեր է գործադրում ազգային մակարդակով թվային փոխակերպման համար։ ITU-ն այս ուղղությամբ համագործակցում է կառավարության, մասնավորապես՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և շահագրգիռ այլ կողմերի հետ։
Միաժամանակ, ԱԲ-ի հետագա զարգացման համար երկրին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի ուղղությունների՝ ապահովել համընդհանուր և լիարժեք ինտերնետ հասանելիություն մատչելի գներով, բարձրացնել ազգային ցանցերի անվտանգությունն ու դիմակայունությունը, ինչպես նաև զարգացնել թե՛ պետական ծառայողների, թե՛ ընդհանուր առմամբ բնակչության թվային հմտությունները։ Արհեստական բանականության ազգային էկոհամակարգերի ձևավորման հարցում երկրներին աջակցելու համար ITU-ն մի շարք գործնական գործիքներ է մշակել։
Դրանցից մեկը AI Readiness Framework-ն է՝ պետությունների, կազմակերպությունների և առանձին ոլորտների՝ ԱԲ-ի ներդրմանը պատրաստվածության գնահատման մեթոդաբանությունը։ Այն թույլ է տալիս բացահայտել թվային ենթակառուցվածքի, տվյալների որակի, հետազոտական գործունեության, հմտությունների, նորարարական միջավայրի և արհեստական բանականության կառավարման համակարգի ուժեղ կողմերն ու բացերը։ Նման գնահատման արդյունքները կարող են օգնել Հայաստանին որոշել ազգային ռազմավարության առաջնահերթություններն ու այն ուղղությունները, որտեղ անհրաժեշտ է լրացուցիչ միջազգային տեխնիկական աջակցություն։ Մեկ այլ գործիք է AI Readiness Enablement Tool-ը։ Այն նախատեսված է ԱԲ-ի ներդրմանը պատրաստվածության ինքնագնահատման և հատուկ ուշադրություն պահանջող ուղղությունների վերաբերյալ գործնական առաջարկություններ ստանալու համար։
Մոչուն նաև ուշադրություն է հրավիրել ԱԲ-ի ներդրման համար տեխնիկական ստանդարտների մշակման ուղղությամբ ITU-ի աշխատանքին։ Կազմակերպության տվյալների բազայում արդեն հասանելի է ավելի քան 400 ստանդարտ, որոնցից կարելի է անվճար օգտվել դրա առցանց ռեսուրսների միջոցով։ Բացի այդ, ITU-ն աջակցում է տեխնոլոգիաների փորձարկման մեխանիզմներին և կարգավորիչ փորձարարական միջավայրերի ստեղծմանը, որոնք թույլ են տալիս նոր լուծումները ստուգել վերահսկվող պայմաններում՝ նախքան դրանք կարգավորման ազգային համակարգում ներառելը։
Ուսուցումն անհրաժեշտ է ոչ միայն պետական ծառայողներին
ITU-ի աշխատանքի առանձին ուղղություններից է մարդկային ներուժի զարգացումը։ Մոչուի խոսքով՝ ուսուցումը պետք է ընդգրկի ոչ միայն պետական ծառայողներին, թվային ոլորտի գերատեսչությունների աշխատակիցներին և քաղաքականության ու կարգավորման մշակմանը մասնակցող մասնագետներին, այլև ողջ բնակչությանը։
Դրա համար կազմակերպությունն առաջարկում է օգտվել երկու կրթական հարթակից։ Առաջինը AI Skills Coalition-ն է՝ բաց միջազգային հարթակ, որը միավորում է առաջատար կազմակերպությունների հարյուրավոր դասընթացներ։ Դրանք ընդգրկում են գեներատիվ արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումն ու ԱԲ-ի կառավարումը և նախատեսված են պետական ծառայողների, կարգավորող մարմինների ներկայացուցիչների, դասավանդողների, ուսանողների ու լայն լսարանի համար։
Երկրորդը ITU Academy-ն է՝ հենց Հեռահաղորդակցության միջազգային միության կրթական հարթակը։ Մասնավորապես, այնտեղ անգլերեն և ռուսերեն հասանելի է արհեստական բանականության կառավարման հիմնական դասընթացը։ Այն անդրադառնում է ԱԲ-ի պատասխանատու կիրառմանը, պետական քաղաքականությանն ու կարգավորմանը, մարդու իրավունքներին, ինչպես նաև երկրների թվային փոխակերպման համար արհեստական բանականության օգտագործմանը։
Մոչուն նաև ներկայացրել է AI for Good Innovation Factory նախաձեռնությունը, որն ուղղված է ստարտափների և նորարարական էկոհամակարգի աջակցությանը։ Այն նախատեսում է ստարտափների համար միջազգային մրցույթներ, մենթորություն և փորձագիտական աջակցություն։






