«Ես բոլոր հարցազրույցներում և գիտության հանրայնացման միջոցառումների ժամանակ տվել եմ իմ բարձր գնահատականը գիտության ֆինանսավորման աճի, նոր մրցույթների և սարքավորումների հասանելիության վերաբերյալ»։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ասոցացված անդամ Արսեն Առաքելյանը՝ մեկնաբանելով այսօրվա կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

Կառավարության նիստում 2026 թվականին գիտությանը հավելյալ 2,4 միլիարդ դրամ հատկացնելու հարցի քննարկման ժամանակ վարչապետը նախ կշտամբել է գիտնականներին, լրագրողներին ու ողջ հանրությանը, որ նրանք «ոչ մի բան չեն ասել» այն մասին, որ 2018 թվականից մինչ օրս գիտության ֆինանսավորումը եռապատկվել է։ «Բայց հանկարծ մի որևէ նախագծում 726 դրամ մի տողի առաջ պակաս լինի, նամակ, նամակ, նամակ, նամակ, հայտարարություն, ինտերվյու, նամակ, հայտարարություն, ելույթ, ցույց, բողոքի ակցիա և այլն, և այլն», - ասել է նա ու հավելել, որ տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ մեկը զենք է պահել կառավարության վրա, ու այդ սպառնալիքով է կառավարությունը ավելացրել գիտության ֆինանսավորումը։ Վարչապետը նաև նշել է, որ նամակները չի կարդալու՝ հավանաբար նկատի ունենալով վերջերս մոտ 400 գիտնականի կողմից իրեն ուղղված նամակը, որով կառավարությանը կոչ էին արել «2027 թվականի պետական բյուջեում անհրաժեշտ չափով ավելացնել գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորումը»։ Վերջում էլ վարչապետը հորդորել է գիտնականներին առևտուր անելիս պահանջել ՀԴՄ կտրոնները, եթե ուզում են, որ իրենց խնդիրները լուծվեն։

Արսեն Առաքելյանը, որը գիտնականների նամակի նախաձեռնողներից ու ստորագրողներից մեկն է, մեզ հետ զրույցում նշեց, որ «ՀԴՄ վերցնում է և կշարունակի վերցնել»։

«Բայց երևի արժեր նիստի ժամանակ ասել նաև, որ 2026 թվականի բյուջեն մոտ 7 միլիարդով կրճատվել էր 2025 թվականի համեմատ։ Այսինքն՝ այս 2.4 միլիարդը ոչ լրիվ կոմպենսացիա է, ոչ թե ավելացում։ Նաև այս ավելացման պայմաններում 2027 թվականի բյուջեն արդեն իսկ ստացվում է ավելի քիչ, քան 2026-ինը», - ասաց նա։