Գիտնականներն ակտիվորեն ուսումնասիրում են Մարսի տերաֆորմացման (մոլորակափոխման) հնարավորությունը՝ սառը և կյանքի համար ոչ պիտանի մոլորակը ավելի հյուրընկալ աշխարհի վերածելու նպատակով։ Առաջարկվող մոտեցումներից մեկը հատուկ աերոզոլի փոշոտումն է՝ մթնոլորտի աստիճանական տաքացման համար։ Սա կարող է դառնալ առաջին քայլը երկրային կյանքի ձևերին համապատասխանող պայմանների ստեղծման ճանապարհին։
Հետազոտությունների ճանապարհային քարտեզը
Չիկագոյի համալսարանի երկրաֆիզիկական գիտությունների դոցենտ Էդվին Քայթը Կոլորադոյում անցկացվող Space Resources Roundtable-ի ժամանակ ներկայացրել է հետազոտությունների մանրամասն պլանը։ Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե տերաֆորմացման անհրաժեշտությունն ապացուցելն է, այլ օբյեկտիվորեն գնահատելը, թե ինչ կպահանջվի դրա համար, որքան դա կնստի և ինչպիսի ռիսկեր է պարունակում։
«Երկրից դուրս կայուն բնակավայրերի և կենսոլորտների ստեղծումը հսկայական գիտական ու տեխնիկական մարտահրավեր է, բայց այն ստիպված կլինենք հաղթահարել, եթե ցանկանում ենք կյանքը տարածել մեր մոլորակի սահմաններից դուրս»,- նշել է Քայթը։
Նա ընդգծել է, որ հետազոտությունների մեջ կատարվող համեմատաբար համեստ ներդրումները թույլ կտան բաց պահել կյանքը Երկրից դուրս ընդլայնելու հնարավորությունը՝ Մարսի գիտական ուսումնասիրության շարունակմանը զուգընթաց։
Հնարավոր տեխնոլոգիաները
Դիտարկվող մեթոդների թվում է պինդմարմնային ջերմոցային մեմբրանների (թաղանթների) օգտագործումը, որոնք կարող են տալ մոտակա գործնական արդյունքները բազաներում խոնավության կորզման և կյանքի ապահովման համար։ Մարսի բնական ջերմոցային էֆեկտի ուժեղացումը կարող է տաքացնել մոլորակի զգալի տարածաշրջաններ, թեև շատ մանրամասներ դեռևս պետք է մշակվեն։
Քայթն ու իր գործընկերները նաև ուսումնասիրում են ցուցադրական առաքելության հայեցակարգը. մի փոքրիկ ավտոմատ մոդուլ, որը կփոշոտի 1 կգ-ից պակաս սուբմիկրոնային արհեստական մասնիկներ և լազերի օգնությամբ կհետևի դրանց տարածմանը մոտ 500 մետր բարձրության վրա։ Տեխնոլոգիան նախ կփորձարկվի Երկրի վրա՝ NASA-ի Planetary Aeolian Laboratory եզակի լաբորատորիայում, որը նմանակում է Մարսի պայմանները։
Անհայտ գործոնները
Գիտնականներն ընդունում են, որ առայժմ բավարար տվյալներ չկան պնդելու համար, թե արդյոք Մարսը կկարողանա պահպանել կենսոլորտը։ Անհրաժեշտ են ստորգետնյա ջրային սառույցի ավելի ճշգրիտ քարտեզներ, կլիմայական ուղեծրային սարքեր, մարսյան գրունտի նմուշների վերադարձ Երկիր և միջազգային համագործակցություն։
Քայթը հույս է հայտնել, որ Չինաստանը Tianwen-3 առաքելության շրջանակներում կկիսվի մոլորակի տարբեր տարածաշրջաններից հավաքված նմուշներով։ Նա նաև հիշատակել է International Mars Ice Mapper նախագիծը, որը կարող է զգալիորեն բարելավել պատկերացումները Մարսի վրա ջրի պաշարների մասին։
Երկար ճանապարհ
Եթե աերոզոլի հետ կապված վաղ փորձերը հաջող անցնեն, դա հիմք կդառնա ավելի մասշտաբային պետական ծրագրերի համար։ Սակայն նույնիսկ լավատեսական սցենարի դեպքում կիլոմետրային մասշտաբով տաքացումը կխլի առնվազն տասը տարի, իսկ շրջակա միջավայրի լայնածավալ փոփոխությունը կպահանջի տասնամյակների կայուն ներդրումներ։
Կարճ ասած
Գիտնականները մշակում են հետազոտությունների ճանապարհային քարտեզ, որը պետք է ցույց տա՝ հնարավո՞ր է արդյոք Մարսի տերաֆորմացումը։ Առաջին քայլերից մեկը մթնոլորտի տաքացման համար աերոզոլի փոշոտումն է։ Նախագիծը չի ենթադրում տերաֆորմացման պարտադիր իրականացում, այլ միայն բաց է պահում այդ հնարավորությունը։ Իրագործման համար կպահանջվեն տասնամյակների աշխատանք, զգալի ներդրումներ և միջազգային համագործակցություն։ Առայժմ գլխավոր խնդիրն է՝ հավաքել Կարմիր մոլորակի ջրի, կլիմայի և երկրաբանության մասին պակասող տվյալները։






