NASA-ն ներկայացրել է Լուսնի վրա մշտական բնակելի բազայի կառուցման լայնածավալ պլաններ: Նոր տվյալների համաձայն՝ բազան հսկայական տարածք կզբաղեցնի հարավային բևեռի շրջանում և կդառնա մարդկության առաջին խոշոր արտաերկրային բնակավայրը:
Այս մասին գործակալության ներկայացուցիչները հայտարարել են մամուլի ասուլիսի ժամանակ:
Բազայի մասշտաբը
«Մենք լուսնային բազան տեսնում ենք որպես հարյուրավոր քառակուսի մղոններ զբաղեցնող տարածք, որտեղ տարբեր օբյեկտներ աստիճանաբար կձևավորեն մարդու մշտական ներկայությունը Լուսնի վրա»,— հայտնել է NASA-ի «Moon Base» ծրագրի ղեկավար Կառլոս Գարսիա-Գալանը:
Բազան կառուցվելու է աստիճանաբար՝ հաջորդ տասնամյակի ընթացքում: Դրա տեղակայումը չի սահմանափակվի մեկ կետով. ենթակառուցվածքի տարբեր տարրեր բաշխվելու են տեղանքում՝ կախված առաջադրանքներից: Բնակելի մոդուլները պլանավորում են տեղադրել բարձրադիր վայրերում, որտեղ կա արևի լույսի հասանելիություն, իսկ միջուկային էներգիայի աղբյուրները՝ ավելի քան մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ ճառագայթային անվտանգության նկատառումներով:
«Երբ այս ամենը հավաքում ես մեկտեղ, ստացվում է մի բան, որն ավելի շատ նման է փոքրիկ քաղաքի»,— նշել է ծրագրի գլխավոր ճարտարապետ Նուջուդ Մերանսին:
«MoonFall» ցատկող դրոնները
Հետախուզության և բազայի սահմանների նշագծման համար NASA-ն օգտագործելու է փոքրիկ ցատկող ռոբոտներ՝ «MoonFall»: Նման ապարատների առաջին խմբաքանակը՝ բաղկացած երեքից չորս սարքից, Լուսին կմեկնի 2028 թվականին՝ «Firefly Aerospace» ընկերության վայրէջքային մոդուլով:
Այս դրոնները կկարողանան հետազոտել հարավային բևեռի դժվարանցանելի շրջանները, իսկ հեռանկարում՝ նշագծել առանցքային գիտական գոտիներն ու բազայի սահմանները:
Լուսնային նոր ամենագնացները
NASA-ն նաև խոշոր պայմանագրեր է կնքել լուսնային տրանսպորտային միջոցների (LTV) մշակման համար.
- AstroLab (Կալիֆորնիա) — 219 միլիոն դոլար,
- Lunar Outpost (Կոլորադո) — 220 միլիոն դոլար:
Այս ամենագնացները կկարողանան աշխատել ինչպես անձնակազմով, այնպես էլ լիովին ինքնավար ռեժիմով: Դրանք Լուսին կհասցվեն «Blue Origin» ընկերության «Blue Moon» վայրէջքային մոդուլի միջոցով: Ըստ պլանների՝ առնվազն մեկ նման ամենագնաց պետք է գտնվի մակերևույթին մինչև 2028 թվականի վերջին «Artemis 4» առաքելության վայրէջքի պահը:
Շինարարության գրաֆիկը և փուլերը
Բազայի կառուցումը բաժանված է երեք փուլի.
- Փուլ 1 (2026–2029). մանրամասն հետախուզում և դեպի մակերևույթ հուսալի հասանելիության ապահովում:
- Փուլ 2 (2029–2032). մեկնարկային աշխատանքային ենթակառուցվածքի ստեղծում:
- Փուլ 3 (2032 թվականից սկսած). անձնակազմերի կիսամշտական ներկայությանն անցում:
«Artemis 3»-ը (մերձերկրյա ուղեծրում կցման թեստը) պլանավորված է 2027 թվականի միջնամասին, իսկ «Artemis 4»-ը՝ անձնակազմի վայրէջքով՝ 2028 թվականի վերջին:
Մրցակցությունը և միջազգային համատեքստը
NASA-ն ընդգծում է Չինաստանից առաջ անցնելու կարևորությունը, որը նույնպես պլանավորում է իր լուսնային բազան: Գործակալության ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ-ն ցանկանում է առաջինը սահմանել Լուսնի վրա պատասխանատու վարքագծի նորմերը՝ Տիեզերքի մասին պայմանագրի շրջանակներում:
Կարճ ասած
NASA-ն պլանավորում է Լուսնի հարավային բևեռի շրջանում կառուցել ընդարձակ լուսնային բազա՝ հարավավոր քառակուսի կիլոմետրեր տարածքով: Բազան ներառելու է բաշխված ենթակառուցվածք, «MoonFall» ցատկող հետախուզական դրոններ և «AstroLab» ու «Lunar Outpost» նոր ինքնավար ամենագնացներ: Շինարարությունը բաժանված է երեք փուլի և պետք է ապահովի անցումը Լուսնի վրա մարդու մշտական ներկայությանը: Ենթակառուցվածքի առաջին առանցքային տարրերը պլանավորվում է տեղակայել 2028-2029 թվականներին՝ «Artemis» ծրագրի շրջանակներում:






