Մասկը մտադիր է ընկերություններից ամսական $1000 գանձել վերիֆիկացման ստուգանիշը պահպանելու համար․ փոխարենը Twitter-ը փրկվել է սնանկությունից

6 փետրվարի, 2023  10:34

Twitter-ն արդեն փրկվել է սնանկացումից, կամ այդպես է, համենայն դեպս, պնդում նրա սեփականատեր Իլոն Մասկը։ Այդուհանդերձ, սոցիալական ցանցն ակնհայտորեն փողի կարիք շատ ունի, և հենց այդ պատճառով էլ Մասկը որոշել է այդ գումարը գանձել ընկերությունների պաշտոնական էջերից, ընդորում՝ խոսքը բավականին մեծ գումարի մասին է։

Ոսկե ստուգանիշ 1000 դոլարով

Միլիարդատեր Մասկը ցանկանում է Twitter-ում ներկայություն ունեցող ընկերություններից ամսական 1000 դոլար գանձել (գումարած տվյալ ընկերության յուրաքանչյուր դուստր ընկերությանը պատկանող օգտահաշվի համար ամսական լրացուցիչ 50 դոլար), որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց ոսկե ստուգանիշները: Այս մասին գրել է սոցիալական մեդիայի խորհրդատու Մեթ Նավարան։ Իսկ ավելի ուշ The Information-ը հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ գները «ներկայումս ճշգրտվում են և կարող են փոխվել»։

Ինչպես նշում է Variety պարբերականը, ոսկե ստուգանիշը դեկտեմբերին հայտարարված «Twitter Blue for Business» նոր ծառայության մի մասն է, որը «նոր միջոց է բիզնեսների և նրանց դուստր ձեռնարկությունների համար Twitter-ում վերիֆիկացում ստանալու և տարբերվելու համար»: Իրենց հիմնական հաշվի ներքո «Twitter Blue for Business» ծառայության հաճախորդները կարող են ներկայացնել փոխկապակցված ընկերություններ, բիզնեսներ, ապրանքանիշեր և նույնիսկ «ֆիլմի հերոսներ», որոնք իրենց սեփական կապույտ կամ ոսկե ստուգանիշի կողքին կստանան իրենց մայր ընկերության պրոֆիլի նկարով փոքր տարբերանշան: Twitter-ը նաև ներկայացրել է պրոֆիլի նկարներ նոր՝ քառակուսի տարբերակներ բիզնեսների և ապրանքանիշերի համար, ինչպես նաև ավելացրել է մոխրագույն ստուգանիշ պետական գերատեսչությունների օգտահաշիվների համար։

Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Twitter-ը աստիճանաբար կհրաժարվի վերիֆիկացման բոլոր հնացած ստուգանիշներից, ասել է Մասկը, և ի վերջո ստուգված կարգավիճակ կունենան միայն այն անհատներն ու ձեռնարկությունները, որոնք ցանկանում են վճարել դրա համար։

Twitter-ը փրկվե՞լ է սնանկությունից

Twitter-ը ձեռք բերելուն պես Իլոն Մասկն սկսեց ակտիվորեն կրճատել ընկերության աշխատակիցների թիվը (մոտ 7500 աշխատակից կար, հիմա մնացել են 2300-ը), վաճառեց շատ գրասենյակային կահույք, ամեն կերպ կրճատեց ծախսերը։ Արդյունքում երեք ամսում, Մասկի խոսքով, հաջողվել է ընկերությունը փրկել է սնանկացումից։

«Վերջին երեք ամիսները չափազանց դժվար էին, քանի որ ստիպված էինք փրկել Twitter-ը սնանկությունից՝ միաժամանակ կատարելով պարտականություններ Tesla-ում և SpaceX-ում: Ոչ ոքի նման ցավ չէի ցանկանա: Twitter-ը նախկինի պես բախվում է դժվարությունների, բայց այժմ գնում է առանց վնասի աշխատելու ճանապարհով, եթե պահպանենք աշխատանքի այս տեմպը: Հանրային աջակցությունը շատ կարևոր է»,- Իլոն Մասկը գրել է իրեն պատկանող սոցցանցում։

Twitter-ը վերջերս կատարեց 12,5 միլիարդ դոլարի վարկային պարտավորության առաջին վճարումը: Twitter-ի պարտքի առաջին մարումը խթանեց ներդրողների վստահությունը, որ կարճաժամկետ հեռանկարում ընկերությունն ունակ է խուսափել սնանկացումից։

Հիշեցնենք, որ 2022 թ․ հոկտեմբերին Իլոն Մասկը դարձավ Twitter-ի անվանական սեփականատերը՝ ընկերությունը գնելով 44 միլիարդ դոլարով։ Սակայն նրան և մյուս պարտատերերին ևս 12,5 միլիարդ դոլար էր անհրաժեշտ ընկերության ծախսերն ամբողջությամբ ծածկելու համար, ուստի պակասող գումարը ստիպված եղան վարկ վերցնել, ընդ որում՝ բավականին բարձր տոկոսադրույքով։ Այս վարկի շրջանակում առաջին վճարումը կազմել է մոտ 300 մլն դոլար։             


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ