Իլոն Մասկն ասել է, թե Twitter-ում որքան աշխատող է մնացել

23 հունվարի, 2023  18:13

Twitter սոցցանցի ղեկավար Իլոն Մասկն արձագանքել է տեղեկությանը, թե ընկերությունում կրճատումներից հետո մնացել է ընդամենը 1300 աշխատակից։ Ըստ միլիարդատիրոջ՝ այս ցուցանիշը հազարով պակաս է իրական թվից․ սոցցանցում, ըստ նրա, ներկայում կա մոտ 2300 աշխատող։

Այս շաբաթ CNBC հեռուստաալիքը, վկայակոչելով Twitter-ի ներքին փաստաթղթերը, հայտնել էր, որ Իլոն Մասկի ժամանումից ի վեր Twitter-ը լքել է իր 7500 աշխատակիցների մոտ 80%-ը։ Հեռուստաընկերության տվյալներով՝ ընկերությունում աշխատում է մոտ 1300 մարդ, այդ թվում՝ 550-ից պակաս լրիվ դրույքով աշխատող ինժեներ։ CNBC-ն նաև տեղեկացրել էր, թե ըստ իր տեղեկությունների՝ Twitter-ի մոտ 1400 աշխատակից դեռ գրանցված է և շարունակում է աշխատավարձ ստանալ, սակայն չի աշխատում։

Արձագանքելով հեռուստաընկերության այս տեղեկություններին՝ Մասկը Twitter-ում գրել է․

«Այս թիվը սխալ է։ Twitter-ն ունի մոտ 2300 լրիվ դրույքով աշխատող աշխատակից»։

Գործարարը հավելել է, որ նախկինի պես դեռ հարյուրավոր մարդիկ են աշխատում վստահության և անվտանգության թիմում, «ինչպես նաև մի քանի հազար կապալառուներ»։

Նոյեմբերին The Washington Post-ը գրել էր, որ Մասկը մտադիր էր աշխատանքից հեռացնել Twitter-ի աշխատակիցների 75%-ին։ Փաստացի նա արդեն մոտ 2/3-ով կրճատել է ընկերության աշխատակիցների թիվը։

Չնայած վերջերս Մասկը հայտարարել էր, որ այլևս կրճատումներ չեն լինի, ընկերությունում կրճատումները շարունակվում են։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հունվարի սկզբից Twitter-ը կրճատում է Դուբլինում և Սինգապուրում գտնվող գրասենյակների անձնակազմին և ղեկավարությանը։

Նախկին և ներկա աշխատակիցների խոսքով՝ ընկերությունը մարդկանց աշխատանքից ազատելիս չի վճարում խոստացված փոխհատուցումը։ Twitter-ի որոշ նախկին աշխատակիցներ լրատվամիջոցներին հայտնել են, որ հունվարի սկզբի դրությամբ իրենք չեն ստացել վերջնահաշվարկները, թեև աշխատանքից ազատվելուց անցել է ավելի քան երկու ամիս։ Որոշ աշխատակիցներ ավելի քիչ են ստացել, քան նրանց խոստացել էր ղեկավարությունը։

Ընդորում, աշխատակիցներն ասել են, որ փոխհատուցման մասին ծանուցումներն ուղարկվել են այնպիսի ձևաչափով, որ դրանք հայտնվել են էլփոստի սպամի թղթապանակում, որպեսզի իրենք պատահաբար ջնջեն դրանք կամ պարզապես չնկատեն։ Նախկին մի քանի ինժեներներ նույնիսկ դատի են տվել Twitter-ին։

Նշենք, որ տնտեսական հնարավոր ճգնաժամի մտավախությունների ֆոնին և ծախսերը հնարավորինս կրճատելու շրջանակում միջազգային խոշոր ՏՏ ընկերություններում զանգվածային կրճատումներ են տեղի ունենում։ Օրինակ՝ ՏՏ հսկա Google-ը կրճատում է 12,000 աշխատակցի, Microsoft-ը հայտարարել է, որ կկրճատի իր աշխատուժի մոտ 5%-ը կամ մոտ 11,000 աշխատակից, Amazon-նն աշխատանքից կազատի ավելի քան 18,000 աշխատակցի։

Կրճատումների են տեղի ունենում նաև բազմաթիվ այլ խոշոր ընկերություններում, այդ թվում՝ Meta-ում, Oracle-ում, Tesla-ում, Vimeo-ում, և նույնիսկ McDonald's-ում։ 


 
 
 
 
  • Արխիվ