Microsoft-ն Apple-ից խլել է աշխարհի ամենաթանկ ընկերության տիտղոսը

12 հունվարի, 2024  10:21

Microsoft-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ հանրային ընկերությունը՝ առաջ անցնելով Apple-ից: Windows-ը ստեղծած ընկերության բաժնետոմսերը հինգշաբթի թանկացել են 1%-ով, ինչի շնորհիվ դրա շուկայական արժեքն աճել է մինչև 2,875 տրիլիոն դոլար, մինչդեռ Apple-ի բաժնետոմսերը, ընդհակառակը, նվազել են գրեթե 1%-ով՝ գնահատվելով 2,871 տրիլիոն դոլար:

Microsoft-ի հաջողությանը նպաստել է արհեստական ​բանականության շուկայում բումը, որը պայմանավորված է OpenAI ընկերության (Microsoft-ը մեծ ներդրումներ է OpenAI-ում) ստեղծած ChatGPT չատբոտի հսկայական տարածվածությամբ։ 2022-ի վերջին իր մեկնարկից ի վեր ChatGPT-ն շարունակ աճում է առ այսօր: Ավելին, Microsoft-ը դարձել է այս նախագծի հիմնական շահառուներից մեկը։

Apple-ն ինչ-որ առումով դուրս մնաց արհեստական ​բանականության ոլորտի մրցակցությունից։ Բացի այդ, ընկերության կապիտալիզացիայի վրա բացասաբար են ազդել iPhone-ի վաճառքի նվազման հետ կապված մտահոգությունները, հատկապես Չինաստանում, ինչը հանգեցրել է Wall Street-ի որոշ վերլուծաբանների կողմից ընկերության բաժնետոմսերի հեռանկարների գնահատականի նվազմանը:

Apple-ի և Microsoft-ի մրցակցությունը սկիզբ է առել 1980-ականներից, երբ Apple-ը մեղադրեց Windows արտադրողին իր MacOS-ի շատ տարրեր գողանալու մեջ: 1990-ականների սկզբին Apple-ը պարտվեց Windows-ի դեմ հեղինակային իրավունքի հայցում, ինչը ճանապարհ հարթեց Microsoft-ի համար՝ տասնյակ տարիներ շարունակ առաջնորդը լինելու համակարգիչների ծրագրային ապահովման շուկայում:

iPhone-ի հաջողությունը Apple-ին թույլ տվեց 2010-ին շուկայական արժեքով վերջնականապես առաջ անցնել Microsoft-ից, դիրք, որը նա պահպանեց մի քանի տարի: Microsoft-ը կարճ ժամանակով առաջատարն էր Apple-ից 2020 և 2021 թվականներին COVID-19 համաճարակի ժամանակ՝ շնորհիվ ամպային հաշվարկների ոլորտում իր ամուր դիրքի, հեռավար աշխատանքի բումի պայմաններում, մինչդեռ Apple-ը պայքարում էր iPhone-ի արտադրության հետ կապված խնդիրները վերացնելու համար։ Այնուամենայնիվ, ամեն անգամ Apple-ը վերականգնում էր առաջին տեղը շուկայական արժեքով խոշորագույն ընկերությունների վարկանիշում։

Մինչ Microsoft-ը կենտրոնացել է արհեստական բանականության տեխնոլոգիան իր արտադրանքներում ներառելու վրա, Apple-ը հույսեր է կապում հաջորդ ամիս իր խառը իրականության Vision Pro սարքի թողարկման հետ՝ նոր հնարավորություններով «տարածական հաշվարկների» նոր դարաշրջան սկսելու համար:


 
 
 
 
  • Արխիվ