Microsoft-ը տեսախաղերի նախագծերից մոտ 2000 աշխատակցի կազատի աշխատանքից

26 հունվարի, 2024  16:19

Microsoft ընկերությունը, որի շուկայական արժեքը վերջերս առաջին անգամ գերազանցեց 3 տրիլիոն դոլարի շեմը, հայտարարել է, որ վիդեոխաղերի իր Microsoft Gaming ստորաբաժանման 1900 աշխատակցի կազատի աշխատանքից։

Microsoft-ում աշխատողների կրճատումների նոր ալիքի մասին (նախորդ հունվարին ընկերությունն աշխատանքից ազատել էր 10,000 աշխատողի) հայտնի է դարձել Microsoft Gaming-ի գործադիր տնօրեն Ֆիլ Սպենսերի՝ աշխատակիցներին ուղղված ուղերձից, որն արդեն հայտնվել է նաև լրատվամիջոցների տրամադրության տակ։

Կրճատումնը կկազմի շուրջ 22,000 աշխատակից ունեցող Microsoft Gaming-ի ընդհանուր անձնակազմի 8%-ը։ Կրճատումն առաջին հերթին կազդի Activision Blizzard-ի վրա, որը Microsoft-ը վերջերս է գնել 68,7 միլիարդ դոլարով։ Կրճատումները չեն շրջանցի նաև Xbox-ը և ZeniMax-ը (Bethesda):

Սպենսերն ասել է, որ ազատումները ցավոտ անհրաժեշտություն են, որպեսզի Microsoft Gaming-ը և Activision Blizzard-ը կարողանան ծախսերի կենսունակ կառուցվածք ստեղծել, որը կաջակցի իրենց աճող բիզնեսին։ Նա խոստացել է, որ ամբողջական աջակցություն կտրամադրվի կրճատումներից տուժած աշխատակիցներին, ներառյալ «տեղական աշխատանքային օրենսդրությանը համապատասխան արձակման վճար»:

Սպենսերը նաև ասել է, որ Microsoft-ը «կշարունակի ներդրումներ կատարել այն ոլորտներում, որոնք աջակցում են մեր բիզնեսի աճին և տեղավորվում են մեր ռազմավարության մեջ՝ ավելի շատ խաղեր բերելու ավելի շատ խաղացողների համար ողջ աշխարհում»:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Blizzard Entertainment-ը (Activision Blizzard-ի մայր ընկերությունն է) լքում են դրա նախագահ Մայք Իբարան և համահիմնադիր Ալեն Ադհամը։


 
 
 
 
  • Արխիվ