Որքա՞ն է կազմում Apple-ի և ՏՏ մյուս հսկաների եկամուտը մեկ վայրկյանում

28 փետրվարի, 2024  18:21

AltIndex խորհրդատվական ընկերությունը զեկույց է պատրաստել, որում ներկայացնում է, թե որքան գումար են վաստակել տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունները ինչպես ողջ տարվա ընթացքում, այնպես էլ յուրաքանչյուր վայրկյանի հաշվարկով։

Հետազոտության տվյալներով՝ 2023-ին հինգ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների շարքում (Google, Apple, Meta, Amazon, Microsoft) Apple-ը գրանցել է ամենաբարձր ցուցանիշները։  Ըստ այդմ՝ Apple-ը 2023-ին վաստակել է ընդհանուր 96,9 միլիարդ դոլար, իսկ յուրաքանչյուր վայրկյան կորպորացիան վաստակել է 3074 դոլար։

Նշվում է, որ 2022-ի երկրորդ կիսամյակի նկատելի անկումից հետո ՏՏ առաջատար հինգ հսկաներն կայուն կերպով վերականգնվել են։ Դա հնարավոր է դարձել գործառնական ծախսերի զգալի կրճատման շնորհիվ։ Արդյունքում, մինչև 2023-ի վերջ, այս ընկերությունները գրանցել են 1,6 տրիլիոն դոլար ընդհանուր եկամուտ և 290 միլիարդ դոլար զուտ շահույթ, որի ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում Apple-ին:

Apple-ը մեկ վայրկյանում ստացած հասույթով առաջ է անցել նաև Microsoft-ից և Alphabet-ից (Google-ի մայր ընկերությունն է), որոնք վաստակել են համապատասխանաբար 2443 և 2115 դոլար: Ցուցակը եզրափակում են Meta-ն և Amazon-ը, որոնց հասույթը մեկ վայրկյանի հաշվարկով կազմում է համապատասխանաբար 942 դոլար և 636 դոլար։

Անցած տարվա ընթացքում Apple-ի բաժնետոմսերի գինը ևս աճել է՝ 390 մլրդ դոլարով։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան 2023-ի փետրվարին կազմել է 2,41 տրիլիոն դոլար, իսկ դրանից հետո այն աճել է 16%-ով՝ հասնելով 2,8 տրիլիոն դոլարի։ 


 
 
 
 
  • Արխիվ