Microsoft-ը մեղադրվում է անչափահասների տվյալները գաղտնի հավաքելու մեջ

5 հունիսի, 2024  22:20

Ավստրիական NOYB (None Of Your Business) իրավապաշտպան կազմակերպությունը երկու բողոք է ներկայացրել Microsoft-ի դեմ՝ կապված ընկերության Microsoft 365 Education ծրագրային փաթեթի շահագործման և երեխաների տվյալների գաղտնիության հետ: Կազմակերպությունը նախկինում բողոքներ է ներկայացրել OpenAI, Meta, Spotify և տեխնոլոգիական այլ ընկերությունների աշխատանքի վերաբերյալ։

Ըստ NOYB՝ Microsoft 365 Education ծրագիրը «տեղադրում է cookie ֆայլեր, որոնք, համաձայն Microsoft-ի սեփական փաստաթղթերի, օգտագործվում են օգտատերերի վարքագիծը վերլուծելու, դիտարկչի տվյալները հավաքելու և գովազդի համար»՝ առանց դպրոցի իմացության: Microsoft-ը, վստահեցնում են իրավապաշտպանները, բավական անորոշ է բացատրում, թե ինչ է անում դպրոցականների տվյալների հետ և հնարավոր է արդյոք, որը ընկերությունը գաղտնի հետևի երեխաներին:

«Տվյալների հոսքերի մեր վերլուծությունը շատ մտահոգիչ է: Microsoft 365 Education-ը, ըստ երևույթին, հետևում է օգտատերերին՝ անկախ նրանց տարիքից: Այս գործողությունները, հավանաբար, կազդեն ԵՄ և Եվրոպական տնտեսական տարածքի հարյուր հազարավոր դպրոցների և ուսանողների վրա: Իշխանությունները պետք է վերջապես քայլեր ձեռնարկեն և արդյունավետորեն ապահովեն անչափահասների իրավունքների հարգումը»,- ասել է NOYB-ի տվյալների պաշտպանության հարցերում մասնագիտացած իրավաբան Ֆելիքս Միկոլաշը:

Իրավապաշտպանները վստահեցնում են, որ Microsoft-ը Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) պարտականությունները տեղափոխում է դպրոցներ և նրանց մուտք չի տրամադրում գաղտնիության կամ տվյալների հավաքման իր քաղաքականությանը, ոչ էլ որևէ բացատրություն է տալիս դրա վերաբերյալ:  

«Microsoft-ը պահում է իր ծրագրային ապահովման մեջ պահվող բոլոր հիմնական տվյալների մշակման մասին տեղեկությունը, սակայն մատնացույց է անում դպրոցներին, երբ խոսքը վերաբերում է իրավունքների պաշտպանությանը: Դպրոցները զրկված են թափանցիկության և տեղեկությունների մշակման պարտավորությունները կատարելու հնարավորությունից»,-ասել է NOYB-ի մեկ այլ իրավաբան Մաարտյե դե Գրաֆը:

GDPR-ը խիստ չափանիշներ է սահմանում անչափահասների տվյալների պաշտպանության համար՝ կենտրոնանալով անհատի լրացուցիչ պաշտպանության, թափանցիկության և հաշվետվողականության վրա: Կանոնակարգերի խախտումը ենթադրում է տուգանք մինչև 20 միլիոն եվրո կամ ընկերության նախորդ տարվա համաշխարհային շրջանառության 4%-ի չափով։


 
 
 
 
  • Արխիվ