FAST-ն ընդլայնում է համագործակցությունը բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ Հայաստանում գիտության զարգացման նպատակով

19 հոկտեմբերի, 2023  15:53

Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) գործընկեր վեց բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների հետ համագործակցության համաձայնագրեր է ստորագրել։

FAST-ի հեղինակած ADVANCE դրամաշնորհային ծրագիրը նպաստում է հայաստանյան և միջազգային գիտական համայնքի միջև կապերի ամրապնդրմանն ու միջազգային մրցունակ հետազոտություններում տեղացի գիտնականների ներգրավմանը՝ արտասահմանյան գիտական ղեկավարների մասնակցության շնորհիվ։ Ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ այն միավորում է միջդիսցիպլինար գիտական ճյուղերն ու մասնագետներին մեկ հետազոտական նախագծի շուրջ։

FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, հրավիրելով գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներին ստորագրելու համագործակցության փաստաթուղթը, նշել է․ «Գիտելիքն է յուրաքանչյուր ազգի ուժի, բարգավաճման ու ժամանակակից մնալու գրավականը։ Առաջընթացի համար մենք պետք է շարունակաբար լայնացնենք գիտելիքի և նորարարության սահմանները: Ահա թե ինչու է ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագիրն այդքան կարևոր․ այն առաջատար մեխանիզմ է, որը կարող է օգնել մեր ազգին գիտության միջոցով գրանցել աննախադեպ հաջողություններ ապագա տարիներին»։

ԵՊՀ-FAST.jpg (173 KB)

Սփյուռքահայ և օտարազգի ինը գիտնական ներկայումս ղեկավարում են հետազոտական նախագծերը, որոնցում ընդգրված է 60 տեղացի և միջազգային հետազոտող։ Նախագծերն իրականացվում են կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման, համակարգչային տեսողության, նյութագիտության, կենսաինֆորմատիկայի, դեղերի հայտնագործման, տվյալագիտության, ռադիոկենսաբանության, մաթեմատիկական վերլուծության ուղղություններով:

Ծրագրի շրջանակում նշանակալի դեր է հատկացվում համալսարանների ու գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցությանը: Նախագծերն իրականացվում են գործընկեր հաստատությունների՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Լ․ Ա․ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի և Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի մասնակցությամբ և օժանդակությամբ։

FAST մասնակիցներ 1.jpg (250 KB)

Երևանի պետական համալսարանը ծրագրի առաջին գործընկեր բուհն է, որը նաև հանդես է գալիս որպես նախագծերի համաֆինանսավորող։ Համատեղ իրականացվող չորս նախագծերից երկուսի դեպքում ԵՊՀ-ն հատկացրել է հիսուն տոկոսի չափով ֆինանսավորում։

«Մեքենայական ուսուցման ու կենսատեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող այդ նախագծերը նոր հնարավորություններ են բացում մեր գիտնականների առաջ՝ նրանց համար ապահովելով նորարարական ու միջազգայնորեն մրցունակ հետազոտություններ իրականացնելու և նոր ու կարևոր արդյունքներ գրանցելու ոգեշնչող միջավայր: Իմ համոզմամբ բուհերի և գործարար ոլորտի ու մասնավոր այլ կազմակերպությունների սերտ համագործակցությունն է այն ճանապարհը, որը խթանելու է մեր երկրում կրթության ու գիտության զարգացումը»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտահետազոտական կենտրոնները մի կողմից հասանելի են դարձնում իրենց ենթակառուցվածքներն ու կուտակած փորձառությունը հետազոտական թիմերի համար, մյուս կողմից՝ ստանում միջազգային համագործակցության և նոր դրամաշնորհների հնարավորություն, միջազգային գիտական ամսագրերում  համահեղինակությամբ հրապարակումներ և այլն։

FAST Մասնակիցներ.jpg (309 KB)

Մինչ օրս ծրագրի շրջանակում ներդրվել է 630,000 ԱՄՆ դոլար՝ ուղղված տեղացի հետազոտողների աշխատավարձերի, լաբորատոր օժանդակ նյութերի, գիտական ամսագրերում հոդվածներ հրապարակելու, միջազգային համաժողովներին մասնակցության, արտասահմանում համատեղ հետազոտական նախագծերում ընդգրկվելու, թիմերը ղեկավարող միջազգային գիտնականների ճամփորդական ծախսերի և դեպի Հայաստան այցելությունների, անհրաժեշտության դեպքում նաև արտոնագրի ծախսերի համար:

Հետազոտական նախագծեր ղեկավարելուց զատ, գիտական ղեկավարները Հայաստանում նաև անցկացնում են թեմատիկ դասախոսություններ, աշխատարաններ, որոնց մասնակիցների թիվն ավելի քան 550 է։

Միջոցառման ընթացքում գիտահետազոտական նախագծերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց թիմերի կատարված աշխատանքն ու գրանցած արդյունքները։

FAST Մասնակիցներ 2.jpg (249 KB)

ADVANCE ծրագիրը գործում է 2020-ից և մինչ օրս ֆինանսավորել է 60 հետազոտողների և ընդգրկել օտարերկրյա գիտական ղեկավարների ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից ու Չիլիից։ Հետազոտական նախագծերի տևողությունը 3-4 տարի է, դրամաշնորհի տարեկան ֆինանսավորումը կազմում է մինչև 125,000 դոլար յուրաքանչյուր նախագծի համար։ 2022-ին ԱՄՆ-ում կայացած FAST-ի առաջին խոշոր ընթրիք-դրամահավաքի՝ Advance Armenia Gala-ի ժամանակ հավաքված միջոցներն ուղղվել են «ADVANCE» ծրագրի ընդլայմանն ու նոր նախագծերի հայտարարմանը:

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 25 ծրագիր ավելի քան 10,000 շահառուի համար։


 
 
 
 
  • Արխիվ