Հնդկական ռովերը Լուսնի վրա ծծումբ, ալյումին, երկաթ, թթվածին և այլ տարրեր է հայտնաբերել

30 օգոստոսի, 2023  19:17

Լուսնի վրա հաջող վայրէջք կատարելուց մեկ շաբաթ անց հնդկական Pragyan լուսնագնացը ջրային սառույցի նշաններ փնտրելու ընթացքում Լուսնի հարավային բևեռի մոտ հայտնաբերել է ծծումբ և մի քանի այլ տարրեր: Այս մասին հայտնում է Yahoo News-ը՝ հղում անելով Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությանը (ISRO)։

Ռովերի սպեկտրոսկոպը Լուսնի մակերեսին հայտնաբերել է նաև ալյումին, երկաթ, կալցիում, քրոմ, տիտան, մանգան, թթվածին և սիլիցիում։ Սարքը «միանշանակ հաստատել է ծծմբի առկայությունը»,- հավելել են հնդկական տիեզերական գործակալությունից։

Chandrayaan-3 լուսնային առաքելության նպատակը ջրային սառույցի նշանների որոնումն է, որը կարող է խմելու ջրի աղբյուր դառնալ ապագա առաքելությունների համար և կարող է օգտագործվել հրթիռային վառելիքի արտադրության մեջ:

Pragyan-ը հետազոտական ​​աշխատանքով կզբաղվի 14 երկրային օր (մեկ լուսնային օր) և կուսումնասիրի Լուսնի մթնոլորտը և սեյսմիկ ակտիվությունը։ Երկուշաբթի լուսագնացի օպերատորները ստիպված էին կարգավորել դրա երթուղին, երբ այն մոտեցել էր 4 մ լայնությամբ խառնարանին: Ռովերը շարժվում է մոտ 10 սմ/վ արագությամբ, որպեսզի նվազագույնի հասցվի կոշտ տեղանքով ընթանալիս հարվածների և հնարավոր վնասվածքներ ստանալու հավանականությունը:

Օգոստոսի 23-ին հնդկական լուսնագնացը Լուսնի մակերեսի առաջին լուսանկարն էր ուղարկել Երկիր։ Այնուհետև Հնդկաստանը ցուցադրել էր, թե ինչպես է Pragyan սարքն իջնում Լուսնի մակերեսին։ Ավելի ուշ Pragyan-ը Երկիր էր ուղարկել առաջին գիտական ​​տվյալները, որոնք շատ առումներով փոխում են Լուսնի հարավային բևեռի մասին պատկերացումները։

Հնդկաստանի տիեզերական գործակալությունը ստեղծվել է 1962-ին։ 2014-ին երկիրն առաջին անգամ զոնդ է արձակել Մարսի ուղեծիր։ 2019-ին Chandrayaan-2 լուսնային առաքելությունն ավարտվել է անհաջողությամբ։ Հաջորդ տարի Հնդկաստանը, ԱՄՆ-ի աջակցությամբ, նախատեսում է առաջին թռիչքն իրականացնել դեպի Միջազգային տիեզերակայան։


 
 
 
 
  • Արխիվ