Հնդկական լուսնագնացը Լուսնի մակերեսի առաջին լուսանկարն է ուղարկել Երկիր

24 օգոստոսի, 2023  14:13

Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) հայտարարել է, որ Pragyan լուսնագնացը, որը Chandrayaan-3 առաքելության մաս է կազմում և օգոստոսի 23-ին հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռում, արդեն ճամփորդում է և Լուսնի մակերեսի առաջին լուսանկարն է ուղարկել Երկիր։

«Chandrayaan-3 [առաքելության] լուսնագնացը լքել է վայրէջքի վայրը, և Հնդկաստանը զբոսանք է կատարել Լուսնի վրա»,- ISRO-ի X-ի (նախկին Twitter) էջում հրապարակված գրառման մեջ։

ISRO-ը նաև հրապարակել է լուսնագնացով արված առաջին լուսանկարը։ «Վայրէջքից հետո տեսախցիկի արած պատկերը. այն ցույց է տալիս Chandrayaan-3-ի վայրէջքի վայրի մի մասը: Տեսանելի են նաև [ապարատի] ոտքը և դրան ուղեկցող ստվերը։ Chandrayaan-3-ն ընտրել է լուսնային մակերեսի համեմատաբար հարթ տարածք»,- բացատրել է ISRO-ն:

chandrayaan.JPG (56 KB)

Pragyan լուսնագնացը, որը 26 կգ է կշռում, Երկրի բնական արբանյակի մակերեսին կաշխատի մեկ լուսնային օր (14 երկրային օր):

Լուսնի վրա Chandrayaan-3 կայանի հաջող վայրէջքով Հնդկաստանը դարձել է աշխարհում չորրորդ երկիրը, որի արտադրած սարքը կարողանում է փափուկ վայրէջք կատարել Լուսնի մակերեսին: Առ այսօր դա արել են ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն և Չինաստանը։

Chandrayaan-3 առաքելությունն արձակվել է հուլիսի 14-ին Geosynchronous Satellite Launch Vehicle (GSLV) Mk III հրթիռով Սրիհարիկոտա կղզու Սաթիշ Դավան տիեզերական կենտրոնից: Փափուկ վայրէջք կատարելուց բացի, այն նպատակ ունի ուսումնասիրել Լուսնի մակերեսը և գիտական տվյալներ հավաքել:


 
 
 
 
  • Արխիվ