TESS աստղադիտակը Նեպտունի չափերի գերտաք էկզոմոլորակ է հայտնաբերել

17 հուլիսի, 2024  22:19

Աստղագետների միջազգային թիմը, օգտագործելով NASA-ի TESS (Transiting Exoplanet Survey Satellite) տիեզերական աստղադիտակը, հայտնաբերել է նոր էկզոմոլորակ՝ TOI-3261 b-ն: Այն գրեթե նույն չափերն ունի, ինչ Նեպտունը, իսկ ջերմաստիճանը գերազանցում է 1700 Կելվինը։

TOI-3261 b-ը հայտնաբերվել է TOI-3261 աստղի լույսի կորում, որը K տիպի հիմնական հաջորդականության աստղ է և գտնվում է մոտ 972 լուսատարի հեռավորության վրա: Այս տարանցիկ ազդանշանը հաստատվել է որպես մոլորակ, ինչի համար օգտագործվել են հայտնաբերման մի քանի անկախ մեթոդներ։

TOI-3261 b-ի շառավիղը Երկրի շառավղի մոտ 3,82 չափ է, ինչը մոլորակը դարձնում է ընդամենը 2%-ով փոքր Նեպտունից: Սակայն նոր հայտնաբերված էկզոմոլորակն իր չափերի համեմատ անսովոր մեծ զանգված ունի՝ Երկրի զանգվածի մոտ 30,3 չափը, ինչի արդյունքում զանգվածի խտությունը շատ բարձր է՝ 3.0 գ/սմ3:

TOI-3261 b-ն իր աստղի շուրջը պտտվում է 0,88 օրը մեկ անգամ՝ նրանից 0,017 աստղագիտական միավոր հեռավորության վրա։ Իր բնութագրերի պատճառով էկզոմոլորակը դասակարգվել է այն աստղերի դասին, որոնք գերկարճ ժամանակահատվածում են պտտվում իրենց աստղի շուրջ և ներկայումս միայն չորրորդ հայտնի այսպիսի մոլորակն է Նեպտունի չափերով։ Ավելին, իր մայր աստղին մոլորակի մոտ լինելը ենթադրում է, որ մակերևույթի վրա ջերմաստիճանը մոտ 1722 Կելվին է։

Հավաքված տվյալների հիման վրա աստղագետները ենթադրում են, որ TOI-3261 b-ն ունի գազային մթնոլորտ, որի միջուկը ենթադրաբար հարստացված է ջրով: Նրանց գնահատականներով՝ գազային մթնոլորտը կազմում է մոլորակի ընդհանուր զանգվածի մոտ 5%-ը, որը Նեպտունի չափերով հայտնի այսպիսի մոլորակների մեջ երկրորդ ամենամեծ մասնաբաժինն է:

Ինչ վերաբերում է TOI-3261 աստղին, ապա այն ունի K1,5 V սպեկտրային տիպ, ջերմաստիճանը մոտ 5070 Կելվին է և Արեգակից մոտ 13%-ով փոքր և ավելի քիչ զանգված ունի: Աստղը գնահատվում է 6,5 միլիարդ տարեկան, աստղի մեջ 1,29 անգամ ավելի շատ մետաղներ (հելիումից ծանր տարրեր) կան, քան Արեգակում:

Ամփոփելով՝ հոդվածի հեղինակները նշում են, որ TOI-3261 b-ը հիանալի թիրախ է հետագա մթնոլորտային դիտարկումների համար։ Նման հետազոտությունները կարող են իրականացվել տիեզերական աստղադիտակների միջոցով, ինչպիսին է James Webbը։


 
 
 
 
  • Արխիվ