Skype-ում վտանգավոր խոցելիություն են գտել

29 օգոստոսի, 2023  20:14

Skype-ի բջջային տարբերակում խոցելիություն է հայտնաբերվել, որը չարագործներին թույլ է տալիս իմանալ օգտատիրոջ IP հասցեն։ Այս մասին հայտնում է 404 Media պորտալը՝ հղում անելով կիբեռանվտանգության ոլորտի Յոսի կեղծանունով հայտնի հետազոտողին։

Ըստ Յոսիի՝ հաքերը կարող է իմանալ օգտատիրոջ գտնվելու վայրը՝ նրան հաղորդագրություն ուղարկելով ցանկացած հղումով։ Երբ օգտատերը բացի այդ հաղորդագրությունը, նրա IP հասցեն կփոխանցվի հաքերի սերվերին:

Յոսին այս մեթոդը ցուցադրել է 404 Media-ի լրագրողի օրինակով, որին նա կարողացել է նույնականացնել  նույնիսկ այն ժամանակ, երբ լրագրողն օգտվելիս է եղել VPN ծառայությունից, որը թաքցնում է օգտատիրոջ IP հասցեն:

Յոսին պնդում է, որ օգոստոսի 12-ին խնդրի մասին հայտնել է Skype-ի սեփականատեր Microsoft ընկերությանը, որը, սակայն, դրան լուրջ չի վերաբերվել: Այն ժամանակ Microsoft-ը հայտարարել է, որ IP հասցեի բացահայտումը անվտանգության խոցելիություն չի համարվում։

Միայն այն բանից հետո, երբ 404 Media-ն մեկնաբանության խնդրանքով դիմել է Microsoft-ին, ընկերությունը խոստացել է խոցելիությունը շտկել ապագա թարմացման շրջանակում։ Սակայն Microsoft-ը կոնկրետ ժամկետներ չի նշել։  

Skype-ը գործարկվել է 2003-ի աշնանը։ 2011-ի մայիսին Microsoft-ն այս ընկերությունը ձեռք բերեց 8,5 միլիարդ դոլարով: Մինչ այդ Skype-ն ուներ ավելի քան 650 միլիոն օգտատեր: Statista-ի տվյալներով՝ 2024-ին Skype-ը կունենա ավելի քան 2,27 միլիարդ օգտատեր։

 


 
 
 
 
  • Արխիվ