Իռլանդական Disseqt AI ընկերությունը ներգրավել է 8 մլն դոլարի ներդրում՝ արհեստական բանականության համակարգերի կառավարման և վերահսկման ոլորտում իր բիզնեսն ընդլայնելու համար։ Ստարտափը մշակում է գործիքներ, որոնք թույլ են տալիս ստուգել ԱԲ գործակալների աշխատանքը՝ նախքան ընկերություններում դրանց ներդրումը, իրական ժամանակում վերահսկել դրանց գործողությունները և հայտնաբերել ներքին կանոնների ու անվտանգության պահանջների խախտումները։
Ֆինանսավորման փուլը գլխավորել է բրիտանական Gresham House Ventures ներդրումային ընկերությունը։ Դրան մասնակցել են նաև Sure Valley Ventures-ը, Delta Partners-ը, Enterprise Ireland-ը և մասնավոր ներդրողներ, որոնց թվում են OpenAI-ի, Palo Alto Networks-ի, Salesforce-ի և Meta-ի ղեկավարներ։ Ներդրողների շարքին է միացել նաև հնդիկ նախկին կրիկետիստ Ռահուլ Դրավիդը։
ԱԲ գործակալների վերահսկողությունը դառնում է շուկայի առանձին ուղղություն
Disseqt AI հարթակը նախատեսում է վերահսկողության մի քանի մակարդակ՝ հավելվածների և ԱԲ գործակալների նախնական փորձարկում գործարկումից առաջ, կորպորատիվ քաղաքականությունների կիրառում ներդրումից հետո և դրանց աշխատանքի շարունակական մշտադիտարկում։ Սահմանված կանոնները խախտող պատասխաններ կամ գործողություններ հայտնաբերելիս համակարգը կարող է արգելափակել դրանք՝ միաժամանակ պահպանելով գրառումները հետագա աուդիտի համար։
Այսպիսով, ընկերությունն առաջարկում է վերահսկողության անկախ մեխանիզմ, որը գործում է ԱԲ հավելվածի ողջ կենսափուլի ընթացքում և կախված չէ բացառապես հիմնարար մոդելների մշակողների ներդրած անվտանգության մեխանիզմներից։
Այս ուղղության ընդլայնումն արտացոլում է նաև բիզնեսում ԱԲ գործակալների ներդրման դինամիկան։ Ըստ McKinsey-ի՝ 2026 թվականի State of AI հետազոտության, որին հղում է անում Disseqt-ը, տարեկան ավելի քան 1 մլրդ դոլար հասույթ ունեցող ընկերությունների հարցվածների 40%-ը հայտնել է, որ ընդլայնում է ԱԲ գործակալների կիրառությունն իր գործունեության առնվազն մեկ ուղղությամբ։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 27%։
Բանկային գործառնություններից մինչև 80 մլն երկրպագուների հետ փոխգործակցություն
Որպես իր լուծումների պահանջվածության օրինակներ՝ Disseqt-ը ներկայացնում է մի քանի նախագիծ, այդ թվում՝ անվտանգության և տվյալների պաշտպանության նկատմամբ բարձր պահանջներ ունեցող ոլորտներում։
Դրանցից մեկի շրջանակում ընկերությունն աշխատել է միջազգային մարզական լիգայի համար երկրպագուների հետ փոխգործակցության համակարգի վրա։ Դրա համար մշակված ԱԲ գործակալը սպասարկում է շուրջ 80 մլն հոգանոց լսարան։ Disseqt-ի տվյալներով՝ իր գործիքների կիրառումից հետո անվտանգության, կողմնակալության և գաղտնիության հետ կապված ռիսկերի բացահայտման փորձարկումներում անվտանգ պատասխանների մասնաբաժինը 80%-ից հասել է 99%-ի։ Հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո կրկնակի փորձարկումներն անվտանգությանը չհամապատասխանող պատասխաններ չեն հայտնաբերել այն սցենարներում, որոնցում նախկինում խախտումներ էին արձանագրվել։
Մեկ այլ նախագիծ կապված է եվրոպական խոշոր բանկի վարկային քարտերի սպասարկման ծրագրի հետ։ Ընկերությունը չի բացահայտում ֆինանսական կազմակերպության անվանումը և ներդրման մանրամասները, սակայն նշում է, որ իր հարթակն օգտագործվում է բանկային գործընթացներում։ Բացի այդ, Disseqt-ը հայտնվել է NVIDIA Open Models AI Codefest EMEA մրցույթի հինգ հաղթողների թվում, որին մասնակցել է 500 թիմ։ Ընկերությունը ներկայացրել է պետական հատվածի համար նախատեսված լուծում, որն ուղղված է ԱԲ համակարգերի՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության ապահովմանը և տվյալների թվային ինքնիշխանության պաշտպանությանը։
Ներդրողները խաղադրույք են կատարում ԱԲ-ի նկատմամբ վստահության ենթակառուցվածքի վրա
Disseqt-ի լուծումների նկատմամբ հետաքրքրությունը կապված է շուկայի առանձին սեգմենտի՝ արհեստական բանականության անկախ վերահսկողության և հուսալիության ապահովման տեխնոլոգիաների ձևավորման հետ։
Գեներատիվ ԱԲ ներդնող ընկերություններն ավելի ու ավելի հաճախ են զգում ստուգման և կառավարման լրացուցիչ մեխանիզմների կարիք, քանի որ միայն հիմնարար մոդելների մշակողների ներդրած պաշտպանական միջոցներին ապավինելը բավարար չէ։ Սա հատկապես վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ԱԲ գործակալներին հասանելիություն են տրամադրում ֆինանսական գործառնություններին, հաճախորդների տվյալներին և ներքին կորպորատիվ համակարգերին։
Խնդրի արդիականությունն ընդգծում են այն դեպքերը, երբ ԱԲ համակարգերն իրենց պահում են ոչ այնպես, ինչպես ակնկալում են մշակողներն ու օգտատերերը։ Մասնավորապես, Disseqt-ում մատնանշում են OpenAI-ի բացահայտած երկու ներքին միջադեպ, որոնք կապված են ծրագրավորման համար նախատեսված ԱԲ գործակալների հետ․ վերջիններս թուլացրել էին անվտանգության վերահսկողության մեխանիզմները։ Դեպքերից մեկում գործակալը սխալմամբ հերքել էր, որ կատարել է համապատասխան փոփոխությունը։
Disseqt-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ապուրվա Կումարի խոսքով՝ ընկերություններն ավելի ու ավելի ակտիվորեն են ԱԲ գործակալներին փոխանցում իրական աշխատանքային առաջադրանքներ, սակայն առայժմ դրանցից ոչ բոլորը կարող են հաստատել, որ նման համակարգերը գործում են անվտանգ, արդար և ներքին պահանջներին համապատասխան։
Նա ընդգծել է, որ ներդրումների ներգրավումը թույլ կտա ընդլայնել ընկերության ներկայությունը շուկայում և իր առաջարկած ստուգման, իրական ժամանակում վերահսկողության ու աուդիտի մեխանիզմները հասանելի դարձնել ավելի մեծ թվով կորպորատիվ հաճախորդների։
Gresham House Ventures-ի գործընկեր Ռոհիտ Մաթուրը նույնպես ներդրումները կապում է ԱԲ-ի վերահսկողության ենթակառուցվածքի աճող պահանջարկի հետ։ Նրա խոսքով՝ կորպորատիվ արհեստական բանականության ներդրման ծախսերը 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ հասել են 130 մլրդ ֆունտ ստեռլինգի՝ մեկ տարի առաջվա 25 մլրդ ֆունտ ստեռլինգի դիմաց։ Ընդ որում, ներդրողի կարծիքով, նման տեխնոլոգիաների հետագա ընդլայնումն անհնար է առանց կառավարման և հուսալիության ապահովման համապատասխան մեխանիզմների։
Ներգրավված 8 մլն դոլարը Disseqt-ը մտադիր է ուղղել նոր կորպորատիվ պատվիրատուների ներգրավմանը, միջազգային ընդլայնմանը և թիմի համալրմանը, այդ թվում՝ վաճառքի, գործառնական գործունեության և մշակման ստորաբաժանումներում։ Ընկերությունը նաև նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը Մեծ Բրիտանիայում։










