Երկուշաբթի օրը Մյունխենում (Գերմանիա) տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ Contemporary Amperex Technology Co., Limited ընկերությունը ներկայացրել է Tener նատրիում-իոնային էներգիայի կուտակման համակարգը: Ընկերության խոսքերով՝ սա նոր դարաշրջանի սկիզբ է նշանավորում էլեկտրացանցերի համար նախատեսված խոշորամասշտաբ մարտկոցային համակարգերի ոլորտում, որոնք ստեղծվում են առանց լիթիումի կիրառման, գրում է Carnewschina-ն:

Արդյունաբերական օբյեկտների համար նախատեսված համակարգը 25°C ջերմաստիճանում դիմանում է 15,000 լիցքավորման-պատլիցքավորման ցիկլի, ինչը համապատասխանում է 25-ից 30 տարվա հաշվարկային ծառայության ժամկետին՝ պահպանելով հզորության առնվազն 70%-ը: Սա մոտավորապես երկու անգամ գերազանցում է այսօր շահագործվող լիթիում-երկաթ-ֆոսֆատային (LFP) կայանների մեծ մասի ռեսուրսը:

Տեխնիկական բնութագրերը

Յուրաքանչյուր Tener մոդուլ ունի ավելի քան 30 ՄՎտ·ժ անվանական հզորություն՝ 42 տոննայից պակաս քաշի դեպքում, ինչը թույլ է տալիս ընդամենը 34 մոդուլից հավաքել 1 ԳՎտ·ժ հզորությամբ օբյեկտ: -20°C ջերմաստիճանում համակարգը պահպանում է հզորության ավելի քան 92%-ը՝ շնորհիվ CATL-ի դասակարգմամբ «դիպոլային լայն ջերմաստիճանային տիրույթի» տեխնոլոգիայի, իսկ +45°C-ում այն դիմանում է ավելի քան 10,000 ցիկլի՝ առանց հարկադիր հովացման և լրացուցիչ ջերմամեկուսացման:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ արդյունավետությանը: CATL-ի ներկայացուցիչների խոսքերով՝ շնորհիվ օպտիմալացված վերին օդափոխության համակարգի և հեղուկային հովացման ճարտարապետության, հաջողվել է համակարգի սեփական սպառման մակարդակը նվազեցնել մինչև 1%, ինչը երկու անգամ ցածր է արդյունաբերական միջին ցուցանիշից (2%): Աղմուկի մակարդակը կազմում է 65 դԲ, ինչը մոտ 10 դԲ-ով ցածր է, քան ավանդական սարքավորումներինը. սա համակարգն ավելի հարմար է դարձնում բնակելի թաղամասերի մոտ տեղակայման համար:

Մատակարարման շղթա և կոմերցիալիզացիա

CATL-ը հայտնել է նատրիում-իոնային մարտկոցների ամբողջական մատակարարման շղթայի ստեղծման մասին. անոդային և կաթոդային նյութերի զանգվածային արտադրությունն արդեն մեկնարկել է: Ընկերությունն ընդլայնում է արտադրական հզորությունները՝ 40 ԳՎտ·ժ արտադրություն Ֆուդինում և նախատեսվող լրացուցիչ 160 ԳՎտ·ժ Ցզինինում: Ապրիլին CATL-ը էներգիայի կուտակման համակարգերի ինտեգրատոր HyperStrong ընկերության հետ ստորագրել է 60 ԳՎտ·ժ ծավալով նատրիում-իոնային մարտկոցների մատակարարման համաձայնագիր, ինչը պատմության մեջ նատրիում-իոնային մարտկոցների ամենախոշոր պատվերն է՝ եռամյա գործընկերության շրջանակներում, գրում է Electrek.com-ը:

Չինաստանի ներքին մատակարարումները նախատեսված են 2026 թվականի սեպտեմբերին՝ մինչև տարեվերջ 1 ԳՎտ·ժ թիրախային ցուցանիշով: Համաշխարհային շուկա դուրս գալը նախատեսված է 2027 թվականին: