Իտալական լյուքս դասի Prada նորաձևության տունը շարունակել է իր անսպասելի համագործակցությունը NASA-ի և Axiom Space ընկերության հետ։ Artemis IV առաքելության համար բրենդը մշակել է հատուկ ներքնազգեստ, որը տիեզերագնացները կկրեն սկաֆանդրի տակից՝ Լուսնի մակերևույթին աշխատելու ժամանակ։

Նորույթը

Հեղուկային հովացման և օդափոխության կոստյումը (Liquid Cooling and Ventilation Garment, LCVG) մարմինը գրկող ջերմահաղորդիչ ներքնազգեստ է՝ ներկառուցված բարակ խողովակների համակարգով։ Դրանցով շրջանառվում է հովացնող հեղուկը, իսկ ավելի մեծ խողովակներն ապահովում են թթվածնի մատակարարումն ու ածխաթթու գազի հեռացումը։ Այս կառուցվածքը թույլ է տալիս արդյունավետորեն կարգավորել տիեզերագնացի մարմնի ջերմաստիճանը ծայրահեղ տատանումների պայմաններում՝ արևի տակ +120 °C-ից մինչև ստվերում մինուս 230 °C: Արտաքնապես կոստյումը հիշեցնում է ժամանակակից սպորտային հագուստ՝ V-աձև բացվածքով, բութ մատների համար նախատեսված անցքերով և տաբատի փողքերի դասական «ոտնատակերով» (стремена)։ Չի բացակայում նաև Prada-ի ֆիրմային շեշտադրումը՝ կարմիր գիծը։

Լյուքս բրենդի առաջին համագործակցությունը

NASA-ի հետ Prada-ն դարձել է առաջին նորաձևության տունը, որը մասնակցել է տիեզերական հանդերձանքի տարրերի ստեղծմանը։ 2024 թվականին ընկերությունն արդեն ներկայացրել էր AxEMU սկաֆանդրի արտաքին շերտը՝ սպիտակ կոստյում՝ թևերի և գոտկատեղի վրա կարմիր ներդիրներով, ինչպես նաև ծնկների ու արմունկների հատվածում ուժեղացված բարձիկներով։ Նոր սկաֆանդրը հարմարավետությամբ, շարժունակությամբ և լուսնային փոշուց պաշտպանվածությամբ զգալիորեն գերազանցում է Apollo դարաշրջանի մոդելներին։ «Սա պարզապես գեղեցիկ իր չէ։ Սա անվտանգության տարր է և կարևոր տեխնոլոգիա»,— ընդգծել է Axiom Space-ի գործադիր տնօրեն (CEO) Ջոնաթան Սյորթեյնը։

Ինչո՞ւ է դա անհրաժեշտ

Լուսնի հարավային բևեռը, ուր 2028 թվականին կուղևորվի Artemis IV առաքելությունը, ծայրահեղ բարդ միջավայր է։ Մշտական ստվերները, ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ու ռեգոլիթի առատությունը պահանջում են սկզբունքորեն նոր լուծումներ։ Prada-ն կիրառել է նյութերի և էրգոնոմիկայի հետ աշխատանքի իր գիտելիքները, որպեսզի կոստյումը դարձնի ավելի հարմարավետ ու արդյունավետ։ Բացի այդ, սկաֆանդրները նախատեսվում է դարձնել մոդուլային. սա թույլ կտա դրանք հարմարեցնել յուրաքանչյուր տիեզերագնացի կազմվածքին և կպարզեցնի նորոգումը։

Կարճ ասած

Prada-ն մշակել է հեղուկային հովացման և օդափոխության համակարգով նորարարական ներքնազգեստ Artemis IV առաքելության տիեզերագնացների համար։ Կոստյումը հագնվելու է նոր AxEMU սկաֆանդրի տակից և ապահովելու է հարմարավետություն Լուսնի հարավային բևեռի ծայրահեղ ջերմաստիճաններում։ Սա լյուքս դասի նորաձևության տան առաջին մասնակցությունն է NASA-ի տիեզերական հանդերձանքի տարրերի ստեղծմանը։ Նոր հանդերձանքի օգտագործմամբ տիեզերագնացների վայրէջքը պլանավորված է 2028 թվականին։