“S-yunik” վենչուրային հիմնադրամն ակտիվորեն ներդրումներ է կատարում հայկական ռազմաարդյունաբերական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում։ Այս մասին այսօր հայկական առաջին ռազմաարդյունաբերական RISE-2026 ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումների ժամանակ հայտնել է հիմնադրամի կառավարող գործընկեր Ադամ Քաբլանյանը (ֆոտոռեպորտաժ)։
Ոչ թե բարեգործություն, այլ իրական ներդրումային արտադրանք
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հիմնադրամն արդեն ներդրումներ է կատարել պաշտպանական ուղղվածություն ունեցող 14 ընկերություններում։ Դրանցից երեքն արդեն դուրս են եկել շահույթի մակարդակի և մշակել են եզակի տեխնոլոգիաներ, որոնց անալոգները աշխարհում դեռևս գոյություն չունեն։
«Պատերազմի պատճառով մեր շատ մասնագետներ արմատապես փոխեցին իրենց գործունեության ուղղությունը։ Մենք աշխատանքի վեկտորն ամբողջությամբ վերակողմնորոշեցինք դեպի պաշտպանական ոլորտ»,- պատմել է Քաբլանյանը։
Նա նշել է, որ այս հատված կապիտալի ներգրավումը լուրջ ջանքեր է պահանջել։ Քաբլանյանը, շուրջ 250 գործարարների հետ միասին, համոզել է մոտ 70 ներդրողների միջոցներ ներդնել պաշտպանական տեխնոլոգիաներում։
«Սա բարեգործություն չէ։ Սա իրական ներդրումային արտադրանք է, որը պետք է շահույթ բերի։ Ես չեմ կարող երաշխիքներ տալ, բայց անում եմ հնարավոր ամեն բան, որպեսզի արդյունք լինի»,- ընդգծել է Քաբլանյանը։
Ներդրումների առաջնահերթությունները
Քաբլանյանը, ով Սիլիկոնյան հովտում աշխատանքի ավելի քան 40 տարվա փորձ ունի, հայտարարել է, որ ստարտափները գնահատելիս իր հիմնադրամն առաջին հերթին նայում է կառավարչական թիմին։
«Ընկերության արժեքի 80%-ը ղեկավարն ու մենեջմենթն են։ Նույնիսկ փառահեղ տեխնոլոգիայի առկայության դեպքում, առանց ուժեղ թիմի ոչինչ չի ստացվի։ Իսկ եթե թիմն ուժեղ է, այն կկարողանա առաջ մղել նույնիսկ միջին տեխնոլոգիան»,- պարզաբանել է նա։
Հիմնադրամը նախապատվությունը տալիս է այն հիմնադիրներին, ովքեր դրսևորում են ճկունություն, որոշումների կայացման արագություն, կիրք նախագծի հանդեպ և ոլորտի խորը ըմբռնում։ Շատ երիտասարդ հայ ինժեներներ, նրա դիտարկումներով, մանկուց զբաղվել են դրոններով, արհեստական բանականությամբ և ծրագրավորմամբ, ինչը նրանց լուրջ առավելություն է տալիս։
Իրատեսական սպասումներ
Քաբլանյանը նշել է, որ հիմնադրամն արդեն հասել է նկատելի հաջողությունների, սակայն իրապես խոշոր արդյունքներ սպասվում են առաջիկա հինգ տարիներին։
«Սա նոր սեկտոր է մեզ համար։ Լուրջ բան ստեղծելու համար անհրաժեշտ է նվազագույնը 10 տարի։ Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք»,- ասել է նա։
Հատուկ կարևորություն նա տվել է արտադրանքի պետական փորձարկումներին։ Թեև այդ գործընթացը կարող է տևել կես տարի և ավելի, Քաբլանյանն այն համարում է կրիտիկական նշանակության՝ իրական պատվիրատուներից հետադարձ կապ ստանալու և արտադրանքը լրամշակելու համար։
«Առանց դրա ստարտափն այդպես էլ մնում է գաղափարի մակարդակում։ Մեր պորտֆելային ընկերություններն արդեն հաջողությամբ անցնում են այս փուլը»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ RISE-ը Հայաստանում անցկացվող առաջին ռազմարդյունաբերական, նորարարական, ինժեներական ցուցահանդեսն է։ Միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է NEWS.am Tech-ը։






