Orion Summit-ի շրջանակներում 3 տարվա ընթացքում հաջողվել է հայկական ստարտափների համար ներգրավել 51․7 մլն ԱՄՆ դոլար վենչուրային ներդրումներ։ Մինչ ամռան վերջ, սակայն, այս թիվը զգալի կաճի, նշում է Orion Summit Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը։
NEWS.am Tech-ի հետ զրույցում Էմմա Առաքելյանը պատմել է, որ 2021 թվականին հաջողվել է ներգրավել 27 մլն դոլար, իսկ 2021-2022 թվականներին՝ արդեն 48 մլն։ Մոտակա ժամանակներում, սակայն, նախատեսվում են ևս մի քանի հետաքրքիր գործարքներ, որոնց մանրամասները հայտնի կդառնան առաջիկայում և որոնց արդյունքում նախագծի շրջանակներում հայկական ստարտափների համար ներդրումների չափը զգալի կաճի։
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել գլոբալ ներդրումների համար։ Սա հունիսի 19-23-ը Նյու Յորքում անցկացվող Orion Summit 2023-ի շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներից մեկն է։ Սակայն միջոցառման նպատակը, ըստ Էմմա Առաքելյանի, ոչ միայն Հայաստանում ներդրումների ներգրավումն է, այլև ցույց տալը, որ մեր երկրում կան զարգացած և հաջողակ բիզնեսներ, առկա է կապիտալ, որը կարելի է ներդրել նորարարությունների մեջ։
«Այսպես մենք ցույց կտանք, որ երկիրն ունի պոտենցյալ, և մենք բարձրացնենք երկրի ներդրումային գրավչությունը։ Խոսքը գնում է կապիտալի փոխանակման մասին։ Մենք ոչ միայն ցանկանում ենք, որ Հայաստան ներդրումներ գան, այլև երկիրը ներկայացնել որպես նորարարական, զարգացող, մեր պոտենցյալ ունեցող»,- նշեց Առաքելյանը։
Գագաթնաժողովի երկրորդ օրվա ընթացքում հետաքրքիր պանելային քննարկում է անցկացվել «Ի՞նչ է կատարվում կրիպտոարժույթների և բլոկչեյնի շուկայում» թեմայով, ինչպես նաև կլոր սեղան քննարկումներ բանկերի ներկայացուցիչների, վենչուրային կապիտալիստների մասնակցությամբ, ինչպես նաև մի քանի շրջայցեր գագաթնաժողովի մասնակիցների համար։
Հիշեցնենք, որ Orion Summit 2023-ին մասնակցում են ավելի քան 100 հյուրեր աշխարհի 7 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից և այլն։ Գագաթնաժողովին նաև մասնակցում են ավելի քան 60 հյուրեր Հայաստանից, այդ թվում՝ երեք բանկերի, հայտնի բրենդների, բիզնեսների և ստարտափների ներկայացուցիչներ։
Գագաթնաժողովի հյուրերի թվում են Նյու Յորքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, տնտեսական զարգացման մասնագետներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ։
NEWS.am Tech-ը հանդիսանում է Orion Summit 2023-ի պաշտոնական ինֆորմացիոն գործընկերը։






