Երևանում ապրիլի 5-ին կկայանա առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը:  Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը:

Ֆորումին ընդառաջ NEWS.am Tech-ն իրականացնում է հարցազրույցների շարք միջոցառման խոսնակների հետ։ Մեր զրուցակիցը Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն է։

Ինչպե՞ս եք սահմանում թվային փոխակերպումը, ու, ըստ Ձեզ, ինչո՞ւ է այն այսօր այդքան կարևոր:

Թվային փոխակերպումը, ինչպես անվանումն էլ է հուշում, կապված է փոփոխության հետ: Փոփոխություն, որը պայմանավորված է տեխնոլոգիական աննախադեպ զարգացումներով, թվային ծառայությունների շուրջ հաճախորդների վարքագծի փոփոխությամբ, երբ հաճախորդն ակնկալում է, որ կապը, հասանելիությունը, հարմարավետությունն ու արագությունն ի սկզբանե առկա են ու չեն քննարկվում: Այս ամենը առաջ է բերում նոր բիզնես մոդելներ և արագորեն նվազեցնում է արդեն իսկ կայացած բիզնես մոդելների կենսունակությունը: Հետևաբար, այս թեմայի կարևորությունն առաջնային է. դու կամ փոխակերպվում ես, վերակազմակերպվում, կամ դուրս ես մնում մրցակցությունից:

Ամերիաբանկի թվային փոխակերպման ճանապարհին մեր առանցքային ու կարևորագույն եզրահանգումներից մեկն այն է, որ սա  վերափոխվելու և կրթվելու շարունակական գործընթաց է,  որն ունի սկիզբ, սակայն չունի վերջ: Որպես Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում թվային փոխակերպման ճանապարհով ընթացող առաջատար կազմակերպություն ու ֆորումի համակազմակերպիչ՝ մենք ոգևորված ենք միջոցառման մասնակիցների ու ներկաների հետ մեր փորձառությամբ կիսվելու այս բացառիկ հնարավորությամբ:

Որո՞նք են այսօր թվային փոխակերպումը խթանող միտումներն ու տեխնոլոգիաները, և որո՞նք են ուրվագծվում ապագայի համար։

Ինչպես տեսնում ենք, արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունն արդեն հեղաշրջում են ոլորտներն ամբողջությամբ: Արհեստական բանականության սրընթաց զարգացման պայմաններում (համեմատեք ChatGPT 3-ը և 4-ը) մենք ականատեսն ենք մեծ փոփոխությունների  և նոր հնարավորությունների ի հայտ գալուն նաև տվյալների մշակման և օգտագործման ոլորտներում: Ցանկանում եմ հատուկ նշել ծրագրավորման ոլորտում նշանակալի  առաջընթացը, որի արդյունքում ծրագրավորման հարթակները հնարավորություն են տալիս ստեղծել պրոդուկտներ ու դրանք կյանքի կոչել նվազագույն կոդով կամ, առհասարակ, առանց կոդի։ Արդյունքում այդ պրոդուկտները շուկա են դուրս բերվում ժամանակի զգալի կրճատմամբ։    

Ի՞նչ խորհուրդ կտաք այն կազմակերպություններին, որոնք նոր են սկսում թվային փոխակերպման իրենց ուղին։

Տեխնոլոգիան ինքնին լուծում չէ: Տեխնոլոգիան, որպես թվային փոխակերպման հիմնարար բաղադրիչ, պարզապես հնարավորություն է: Փոխակերպում նախաձեռնողներն ու առաջ մղողները մարդիկ են, ու երբ նրանք համախմբվում են մեկ նպատակի շուրջ, որին հավատում են, նրանց ուժն անկասելի է դառնում, ներուժը՝ անսպառ: Այսպիսով, առաջարկում եմ կենտրոնանալ մարդկանց վրա, խրախուսել ձեռնարկատիրական մտածելակերպը, մարդկանց ավելի շատ ինքնավարություն տալ և զինել ռեսուրսներով, ինչպես նաև վերանայել կազմակերպության նպատակը հետևյալ հարցադրմամբ` արդյո՞ք մեր կազմակերպությունից դուրս մենք ստեղծում ենք արժեք, արդյո՞ք մեր նպատակը բավականաչափ ոգևորիչ է, որպեսզի մեր թիմին միանան լավագույն մարդիկ:

Որո՞նք են այն հիմնական կետերը, որ պատրաստվում եք շոշափել Doing Digital ֆորումի շրջանակում:

Թվային փոխակերպման ճանապարհին Ամերիաբանկը զգալի առաջընթաց է գրանցել,  և շատ բան ունենք լսարանին ներկայացնելու, ինչպես նաև` այլ գործընկերներից սովորելու: Ավելին, ֆորումին մասնակցությունը դիտարկում եմ որպես սոցիալական պատասխանատվություն՝ երկրում թվային փոխակերպման թեման հանրայնացնելու, գործընկերության ու համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու տեսանկյունից:

Մենք գիտակցում ենք, որ արագ ու անընդհատ փոփոխվող բիզնես միջավայրում թվային փոխակերպումն աճի, մրցունակության պահպանման և ճկունության հիմնական խթանն է: Ամերիաբանկը, որպես միջոցառման համակազմակերպիչ հրավիրելով Քրիս Սքիներին և այլ ճանաչված մասնագետների, նպատակ ունի բարձրաձայնել թվային փոխակերպման կարևորության մասին, հանրայնացնել և խթանել դրա տարածման արագությունը Հայաստանում։

Ի՞նչ կտա ֆորումը մասնակիցներին:

Անսպառ ոգեշնչում Քրիս Սքիների և ֆորումի մյուս խոսնակների ելույթներից, ինչպես նաև` թվային փոխակերպման թեմային անմիջական ու գործնականում հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն:

***

Միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը, իսկ ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։

Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով և տեսլականով կկիսվի շուրջ 20 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, McKinsey, Visa, Fastex, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, FAST հիմնադրամից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից, SPRING PR ու Ամերիաբանկ ընկերություններից։

Doing Digital Forum-ի խոսնակները կպատմեն, թե ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության, կխոսեն տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության ռիսկերի կառավարման ու թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների մասին։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, Metaverse-ին, NFT-ին, եկամտի հնարավոր աղբյուրներին և դրանց առնչվող ռիսկերին։

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է,  ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ,  այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափներ, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ և այլն:

Շարքի նախորդ նյութերը՝

Թվային փոխակերպման ուղին հարթ անցնելու բանալին պլանավորման մեջ է. ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիների մանտրան

Թվային փոխակերպման գործընթացում կարևոր է պաշտպանել թիմակիցներին ձախողման վախից․ Մաքսիմ Միխալյով

Մրցունակ մնալու համար ընկերությունների թվային փոխակերպումն այլընտրանք չունի. Հովհաննես Թորոյան

Ցանկացած վայրից ցանկացած պահին ներդրումներ կատարելը դարձել է թրենդային թվային փոխակերպման շնորհիվ․ Վաչիկ Գևորգյան

Վերջին տարիներին մեդիան և լրագրությունը բեկումնային փոփոխությունների կիզակետում են. Forbes-ի խմբագիր

Թվային փոխակերպումն այլևս ապագան չէ, այն մեր ներկան է․ Visa Crypto-ի տնօրեն Դիլան Քալու