Երևանում ապրիլի 5-ին կկայանա առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը:  Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը:

Ֆորումին ընդառաջ NEWS.am Tech-ն իրականացնում է հարցազրույցների շարք միջոցառման խոսնակների հետ։ Մեր զրուցակիցը Կենտրոնական Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Visa Crypto-ի տնօրեն Դիլան Քալուն է։

Պարոն Քալու, ինչպե՞ս եք սահմանում թվային փոխակերպումն ու, ըստ Ձեզ, ինչո՞ւ է այն այսօր այդքան կարևոր:

Թվային փոխակերպումը մտածելակերպի ու ռազմավարության, համապատասխան օրենսդրության և կանոնակարգերի, բիզնես մշակույթի և կրթության փոփոխությունն՝  թվայինին արագ անցնելու պատրաստակամության հետ զուգորդված: Թվային փոխակերպումը պահանջում է նոր բիզնես մոդելներ, լուծումներ և ապրանքներ, և կապված է նոր սարքավորումների և ծրագրային ենթակառուցվածքի զարգացման հետ՝ տվյալների կենտրոններից և ամպային տեխնոլոգիաներից մինչև համապատասխան գործիքներ և հմտություններ: Անհրաժեշտ է անդրադառնալ նաև հասարակության թվային գրագիտությանն ու թվային ծառայությունների տարածմանը։ Ընդհանուր առմամբ, թվային փոխակերպումն այլևս ապագա չէ, որին պետք է ձգտի ցանկացած ընկերություն, կառավարություն կամ հաստատություն. այն մեր այսօրն է: Մենք պարզապես ունենք որոշ շուկաներ, որոնք ավելի արագ են շարժվում, իսկ որոշները՝ շատ ավելի դանդաղ: Բայց բոլորն էլ ունեն նույն նպատակակետը:

Այս ճամփորդության ամենակարևոր ասպեկտներից մեկը իսկապես անկանխիկ և առանց թղթի տնտեսությունն է, որը շարունակում է զարգանալ աշխարհի գրեթե բոլոր կողմերում՝ կապված օրենսդրության, կրթության, բիզնես արտադրանքների, տեխնոլոգիաների և համապատասխան ենթակառուցվածքների հետ: Visa-ն ոչ միայն ունի իր պատկերացումները ապագայի մասին, այլև հանդիսանում է անկանխիկ տնտեսության առաջխաղացման հնարավորություն՝ լինելով վճարումներ կատարելու և ստանալու լավագույն միջոցը։

Խոսելով թվային վճարումների մասին՝ չափազանցություն չի լինի ասել, որ COVID-19 համավարակը վերափոխեց համաշխարհային տնտեսությունը և ստիպեց բիզնեսներին ամբողջ աշխարհում գիտակցել, որ թվայնացումը անհրաժեշտ ու պարտադիր է: Ամբողջ աշխարհում Visa-ի կողմից հարցման մասնակցած փոքր ու միջին ձեռնարկությունների 90 տոկոսը հայտնել է, որ առցանց ներկայությունն է ապահովել իրենց գոյատևումը համավարակի պայմաններում: Բայց նույնիսկ COVID19-ի նահանջից հետո հաճախորդները մտադիր չեն հրաժարվել իրենց թվային սովորություններից և նախընտրում են առցանց գնումներն ու էլեկտրոնային վճարումները, քան դեմ առ դեմ հաղորդակցությունն ու դրամապանակում կանխիկ գումար պահելը։ Ապահովելով հաճախորդների լավագույն փորձը, բարելավելով բիզնեսի արդյունավետությունը և խնայելով ծախսերը՝ թվային փոխակերպումը կարող է մեծ օգուտներ բերել բիզնեսներին բոլոր ոլորտներում այսօր և ապագայում։

Որո՞նք են թվային փոխակերպումը խթանող միտումներն ու տեխնոլոգիաներն այսօր և որո՞նք են ուրվագծվում ապագայի համար։

Ես կկենտրոնանամ թվային վճարումների ոլորտի միտումների վրա, որոնք խթանում են թվային փոխակերպումը ոչ միայն բիզնեսում, այլև կառավարություններում՝ էլեկտրոնային ծառայությունների տեսքով, անգամ կոնտենտ ստեղծողների ու քաղաքացիական հատվածի գործունեության մեջ։ Խոսքը թվային դրամապանակների և այն մասին է, թե ինչպես են մարդիկ այժմ վճարումներ կատարում՝ օգտագործելով սմարթֆոններ, ժամացույցներ և այլ գաջեթներ։ Այս մեթոդներին ավելանում են նոր հնարավորություններ՝ թոքենիզացիան ու կենսաչափական տվյալները, որոնք էլեկտրոնային առևտրում վճարումները դարձնում են ավելի պարզ, արագ և անվտանգ:

Երկրորդ, փողի արագ շարժն է և իրական ժամանակում վճարումները, որոնք պահանջարկված են ինչպես բիզնեսի, այնպես էլ սպառողների կողմից: Մեր Visa Direct հարթակը բազմաթիվ լուծումների և ապրանքների հիմք է հանդիսանում։

Մյուս միտումն այն է, որ ֆինանսները դառնում են ներկառուցված ծառայություններ, տրամադրվում են բանկերի և ֆինթեք ընկերությունների կողմից՝ Visa-ի միջոցով: Առևտրականների և ծառայություններ մատուցողների շրջանում դիտարկվում է ֆինանսական ծառայությունների և վճարումների պահանջարկի աճ։ Կարևոր զարգացում է նաև մեծ տվյալների վրա հիմնված մարքեթինգային արշավների իրականացումը։ Մենք խոսում ենք նաև հանրային և պետական ծառայությունների թվայնացման մասին, երբ թվային վճարումները ներդրված են էլեկտրոնային ծառայությունների էկոհամակարգերի և այսպես կոչված «սուպեր հավելվածների» մեջ։

Շարունակելով «սուպեր հավելվածների» թեման՝ մենք առաջ ենք գնացել դեպի մետավերս, թվային ակտիվներ, ինչպիսիք են NFT և թվային արժույթները, որոնք հիմնված են բլոկչեյն տեխնոլոգիայի վրա: Visa-ն համագործակցում է շուկայի բազմաթիվ խաղացողների հետ՝ իր իրավասությունները և տասնամյակների փորձը բերելու, մատչելի և անվտանգ վճարման համակարգեր զարգացնելու համար: Եվ, իհարկե, մեկ այլ կարևոր միտում է վճարումների անվտանգության ապահովումը, որը Visa-ի գործունեության հիմնարար ասպեկտներից է: Մենք վերջին հինգ տարվա ընթացքում շուրջ 9 միլիարդ դոլար ենք ներդրել տեխնոլոգիաների զարգացման վրա, որոնք օգնում են պայքարել խարդախության դեմ և ներգրավել ենք արհեստական բանականության լուծումներ՝ խարդախությունների դեմ պայքարում:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն կազմակերպություններին, որոնք նոր են սկսում թվային փոխակերպման իրենց ուղին։

Առաջին բանը, որ կուզենայի շեշտադրել այն է, որ ցանկացած փոքր բիզնես, խոշոր ընկերություն կամ որևէ այլ կազմակերպություն, պետք է ունենա թվային փոխակերպման հստակ ռազմավարություն։ Ցանկացած կազմակերպություն պետք է սահմանի մարդկային, ֆինանսական և տեխնոլոգիական ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են իրենց գործառնության համար: Այսպիսով, փոխակերպման գործընթացի կարևոր մաս է թվային վճարային համակարգերը կիրառել իմանալն ու դրանցից առավելագույն օգուտ քաղելը։

Ապագան հիմա է. վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ սպառողների 41 տոկոսը մտադիր է առաջիկա երկու տարվա ընթացքում անցնել միայն թվային վճարումների ու անկանխիկ գործարքների: Հետևաբար, թվային փոխակերպման ճամփորդության հիմնական ուղղորդող լույսը պետք է լինի հաճախորդը: Նրանց կարիքները ճանաչելն ու իմանալը, թե ինչպես բարելավել նրանց փորձառությունը, կենսական նշանակություն ունի: Կարծում եմ՝ փոքր ու միջին բիզնեսները պետք է ընդլայնեն իրենց թվային առաջարկները՝ ապահովելով էլեկտրոնային վճարումների հասանելիություն POS տերմինալների միջոցով՝ հիմնված Visa «tap-to-phone» տեխնոլոգիայի վրա:

Ի՞նչ թեմաներ եք պատրաստվում շոշափել Doing Digital Forum-ի շրջանակում:

Ֆորումի ընթացքում ես կխոսեմ ապագայի դրամի, թվային արժույթների և այն մասին, թե ինչ պետք է իմանան բիզնեսներն այս միտումների մասին: Իմ ելույթի առանցքում կլինի նաև այն հարցերի քննարկումը, թե ինչպես կարող ենք վճարումներն էլ ավելի արագ և հուսալի դարձնել, ինչպես ապահովել անխափան աշխատանք՝ կապ ստեղծելով ավանդական վճարային քարտերի, ֆինանսական հաստատությունների և շուկայում գործող կրիպտո խաղացողների հետ: Ես նաև կփոխանցեմ Visa-ի տեսլականը, թե ինչպես կարող է դրամային համակարգը հիմնվել նոր տեխնոլոգիաների և նորարարությունների վրա: Իմ ելույթի ընթացքում ես մտադիր եմ անդրադառնալ նաև կրիպտոարժույթներին ու Կենտրոնական բանկի թվային արժույթներին (CBDC): Մենք բոլորս այս նոր տեխնոլոգիաների զարգացման վաղ փուլում ենք, բայց, անկասկած, ապագայում դրանք կազդեն բազմաթիվ ոլորտների վրա:

Ի՞նչ կտա ֆորումը մասնակիցներին։

Կարծում եմ` ֆորումը հիանալի հնարավորություն է բոլորի համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ համաշխարհային մակարդակում թվային փոխակերպման օրակարգի մասին և խորացնել իրենց գիտելիքը, թե ինչպես են բանկային, տեխնոլոգիական, ֆինթեք և կրիպտո էկոհամակարգերը զարգանում և ձևավորում ապագան ամբողջ աշխարհում: Թվային վերափոխման ցանկացած օրակարգի հետևում մարդիկ են, ովքեր ունեն տեսլական, ինչը վերածվում է ռազմավարության և հետագայում իրագործվում: Հավատացած եմ՝ Doing Digital Forum-ը կլինի կարևոր իրադարձություն, որը նշանակալի հետք կթողնի Հայաստանում ոլորտի հետագա աճի վրա ու այդ գործընթացում Visa-ն վճռորոշ դեր կունենա: Վստահ եմ նաև, որ միջոցառումը հիանալի հարթակ կլինի տարբեր ոլորտների ներկայացուցիչների  հետ մտքեր փոխանակելու, կապեր ու հետագա համագործակցություն հաստատելու տեսանկյունից։

***

Միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը, իսկ ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։

Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով և տեսլականով կկիսվի շուրջ 20 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, McKinsey, Visa, Fastex, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, FAST հիմնադրամից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից, SPRING PR ու Ամերիաբանկ ընկերություններից։

Doing Digital Forum-ի խոսնակները կպատմեն, թե ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության, կխոսեն տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության ռիսկերի կառավարման ու թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների մասին։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, Metaverse-ին, NFT-ին, եկամտի հնարավոր աղբյուրներին և դրանց առնչվող ռիսկերին։

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է,  ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ,  այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափներ, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ և այլն:

Շարքի նախորդ նյութերը՝

Թվային փոխակերպման ուղին հարթ անցնելու բանալին պլանավորման մեջ է. ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիների մանտրան

Թվային փոխակերպման գործընթացում կարևոր է պաշտպանել թիմակիցներին ձախողման վախից․ Մաքսիմ Միխալյով

Մրցունակ մնալու համար ընկերությունների թվային փոխակերպումն այլընտրանք չունի. Հովհաննես Թորոյան

Ցանկացած վայրից ցանկացած պահին ներդրումներ կատարելը դարձել է թրենդային թվային փոխակերպման շնորհիվ․ Վաչիկ Գևորգյան

Վերջին տարիներին մեդիան և լրագրությունը բեկումնային փոփոխությունների կիզակետում են. Forbes-ի խմբագիր