Թվային փոխակերպման գործընթացում կարևոր է պաշտպանել թիմակիցներին ձախողման վախից․ Մաքսիմ Միխալյով

27 մարտի, 2023  20:07

Երևանում ապրիլի 5-ին կկայանա առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը:  Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը:

Ֆորումին ընդառաջ NEWS.am Tech-ը իրականացնում է հարցազրույցների շարք միջոցառման խոսնակների հետ: Մեր զրուցակիցը թվային փոխակերպման և պրոդուկտի կառավարման փորձագետ, Skolkovo բիզնես դպրոցի ծրագրերի գծով տնօրեն, ICDT Global-ի համահիմնադիր Մաքսիմ Միխալյովն է։

Պարոն Միխալյով, ինչպե՞ս եք սահմանում թվային փոխակերպումն ու, ըստ Ձեզ, ինչո՞ւ է այն այսօր այդքան կարևոր:

Թվային փոխակերպումը վերաբերում է ոչ միայն սեփական գործառնություններում տեխնոլոգիաների կիրառմանը, այլև ողջ կազմակերպության մշակույթի և ավելի ճկուն, նորարար և հաճախորդակենտրոն գործելաոճի որդեգրմանը։

Այն այսօր շատ կարևոր է տարբեր ոլորտների համար, քանի որ հնարավորություն է տալիս ընկերություններին բավարարել հաճախորդների նորանոր սպասելիքները, բարձրացնել արդյունավետությունն ու կայացնել տվյալների վրա հիմնված որոշումներ: Թվային փոխակերպման հիմնական առանձնահատկությունը գոյություն ունեցող բիզնես մոդելները փոխելու կամ զարգացնելու հնարավորությունն է: Որդեգրելով նոր տեխնոլոգիաներն ու նորարարական մոտեցումները՝ ընկերությունները կարող են վերաիմաստավորել ավանդական գործընթացները, ստեղծել եկամտի նոր հոսքեր և գերազանցել մրցակիցներին։

Փոփոխությունների այս դարաշրջանում հաջողության հասնելու համար բիզնեսները պետք է արագ ադապատացվեն ու ճկուն լինեն։ Թվային փոխակերպումը խթանում է շարունակական նորարարության մշակույթը, ինչն էլ իր հերթին կազմակերպություններին մշտական փոփոխության պայմաններում մղում է զարգացման և ի հայտ եկող հնարավորությունների կապիտալիզացման։

Որո՞նք են թվային փոխակերպումը խթանող միտումներն ու տեխնոլոգիաներն այսօր և որո՞նք են ուրվագծվում ապագայի համար։

Թվայինին անցումը խթանող կարևոր միտումներն ու տեխնոլոգիաներն են արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը, որոնք թույլ են տալիս կազմակերպություններին ավտոմատացնել որոշումների կայացման գործընթացը, վերլուծել մեծ ծավալի տվյալներ և դուրս բերել արժեքավոր մոտեցումներ բիզնեսի բարելավման համար: Մեկ այլ կարևոր ուղղություն է Իրերի ինտերնետը (IoT), որը միացված սարքերի միջոցով հնարավոր է դարձնում իրական ժամանակում տվյալների հավաքագրում, մոնիտորինգ և վերլուծություն՝ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը տարբեր ոլորտներում: Եվ վերջապես, ակնկալվում է, որ 5G տեխնոլոգիան կհեղափոխի հաղորդակցության ոլորտն ու տվյալների փոխանցման արագությունը՝ հնարավորություններ ստեղծելով այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են ինքնավար մեքենաները։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն կազմակերպություններին, որոնք նոր են սկսում թվային փոխակերպման իրենց ուղին։

Առաջնորդվելով մեր փորձով՝ պետք է նշեմ, որ թվային փոխակերպման մասին անհրաժեշտ է մտածել չորս դիտանկյունից՝ բիզնես մոդելի, ակտիվների, կազմակերպության և մշակույթի: Իմ համոզմամբ՝ թվային փոխակերպումը ընկերության կարողությունն է մատուցելու ավելի լավ ծառայություններ իր հաճախորդներին ու երաշխավորելու եկամտի հավելյալ հոսքեր իր բաժնետերերի համար՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներն ու տվյալները: Այդ իսկ պատճառով թվային փոխակերպման ուղին սկսվում է բիզնես մոդելի փոփոխություններով։

Հաջորդ քայլով պետք է դիտարկել բիզնես մոդելը գործի դնող բոլոր եղանակները, որոնք կհամատեղեն թվային ծառայությունները, տվյալներն ու տարբեր գործընթացները, և այն, թե ինչպես ձեր ընկերությունը պետք է նպաստի փոփոխությունների իրականացմանը։ Եվ վերջապես, անհրաժեշտ է հոգ տանել սեփական աշխատակիցների մտածելակերպի, հաղորդակցման պրոտոկոլների և սովորությունների մասին․ սա այն է, ինչ մենք անվանում ենք «մշակույթ»։ Բիզնեսում ամեն ինչ անում են մարդիկ (և մարդկանց համար), այնպես որ պետք է ստեղծել մշակույթ, որը կոգեշնչի թիմին գնալ փոփոխության ուղիով, և պաշտպանել նրանց ձախողման վախից։

Ի՞նչ թեմաներ եք պատրաստվում շոշափել Doing Digital Forum-ի շրջանակում:

Իմ ելույթի առանցքում կլինեն թվային փոխակերպման չորս ասպեկտները՝ բիզնես մոդելը, տեխնոլոգիական ակտիվները, կազմակերպությունն ու մշակույթը։ Կարծում եմ՝ թվային փոխակերպման վերաբերյալ այս չորս կետերը թույլ են տալիս ընկերությանն ավելի արդյունավետ կերպով նախաձեռնել փոփոխություններն ու ավելի շատ օգուտ քաղել թվային տեխնոլոգիաների օգտագործումից:

Ի՞նչ կտա ֆորումը մասնակիցներին:

Doing Digital Forum-ը հրաշալի հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց թվային հմտություններն ու գիտելիքները: Հուսով եմ՝ փոխակերպման ուղին հաջողությամբ անցած բիզնեսների ներկայացուցիչներն ու ոլորտի փորձագետները կկիսվեն հաջողված օրինակներով։ Սա նաև լավ առիթ է թվային փոխակերպումն առաջնորդող ղեկավարների և մասնագետների հետ կապեր հաստատելու, կիսվելու փորձով, և հնարավոր համագործակցություններ քննարկելու տեսանկյունից։

***

Միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը, իսկ ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։

Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով և տեսլականով կկիսվի շուրջ 20 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից, McKinsey, Forbes, Visa, Hexens, Fastex, Apricot Capital, Revytech, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, FAST հիմնադրամից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից, SPRING PR ու Ամերիաբանկ ընկերություններից։

Doing Digital Forum-ի խոսնակները կպատմեն, թե ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության, կխոսեն տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության ռիսկերի կառավարման ու թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների մասին։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, Metaverse-ին, NFT-ին, եկամտի հնարավոր աղբյուրներին և դրանց առնչվող ռիսկերին։

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է,  ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ,  այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափներ, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ և այլն:

Շարքի նախորդ նյութերը՝

Թվային փոխակերպման ուղին հարթ անցնելու բանալին պլանավորման մեջ է. ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիների մանտրան


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ