Մրցունակ մնալու համար ընկերությունների թվային փոխակերպումն այլընտրանք չունի. Հովհաննես Թորոյան

28 մարտի, 2023  18:50

Երևանում ապրիլի 5-ին կկայանա առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը:

Ֆորումին ընդառաջ NEWS.am Tech-ը իրականացնում է հարցազրույցների շարք միջոցառման խոսնակների հետ և այս անգամ զրուցել ենք Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանի հետ։

Ինչպե՞ս եք սահմանում թվային փոխակերպումն ու, ըստ Ձեզ, ինչո՞ւ է այն այսօր այդքան կարևոր:

Թվային փոխակերպումը ենթադրում է բիզնես գործընթացների, առաջարկների և հաճախորդների հետ շփման հիմնարար փոփոխություններ։ Դա ներառում է նոր տեխնոլոգիաների կիրառում, ինչը թույլ կտա բարելավել հաճախորդի փորձառությունը, գործընթացների առավել արդյունավետ վարում և ծախսերի կրճատում: Թվային փոխակերպման համար պահանջվում են նաև կազմակերպչական մշակույթի, հմտությունների և գործընթացների մեջ փոփոխություններ` նոր տեխնոլոգիաներն արդյունավետ ներդնելու համար: Ինձ համար ներկայումս թվային փոխակերպումն այլընտրանք չունի ընկերությունների համար, որոնք ցանկանում են մրցունակ մնալ թվայնացվող միջավայրում:

Որո՞նք են թվային փոխակերպմանը խթանող միտումներն ու տեխնոլոգիաներն այսօր և որո՞նք են ուրվագծվում ապագայում։

Ես կառանձնացնեմ թվայնացման միտումները ձևավորող չորս հիմնական գործոն` տեխնոլոգիական լուծումների տարածում, հաճախորդների կարիքներ և տեխնոլոգիաների արդյունավետ կիրառում, ոլորտի կարգավորում և կիբերանվտանգություն։ Թեև տարբեր ոլորտներ ունեն այս կամ այն առաջատար տեխնոլոգիաների կիրառման տարբեր մակարդակ (ամպային տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, բանացանց (Internet of Things), բլոկչեյն և այլն), նման տարածումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ այժմ ավելի ու ավելի շատ լուծումներ իրենց բնույթով բաց և կիրառելի են։ Դա խթանում է նորարարության թափանցումն այդ տեխնոլոգիաներ, ինչպես նաև էապես կրճատում է ներդրման հետ կապված ծախսերը: Այսօր շատ ավելի հեշտ է որոշակի լուծումներ մշակել և օգտագործել դրանք սեփական հարթակում:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն կազմակերպություններին, որոնք նոր են սկսում թվային փոխակերպման իրենց ուղին։

Կարծում եմ ամենակարևորն այն է, որ ընկերությունները հստակ նպատակ սահմանեն և գիտակցեն, թե ինչու են ուզում փոխակերպվել։ Առանց հստակ նպատակի շատ հեշտ է մոլորվել այդ ճանապարհին և արդյունքում ձախողել: Հարկավոր է որոշումների կայացման մեջ լինել համարձակ և արագ, սակայն առանց ընկերության ապագան վտանգելու: Պետք է կենտրոնանալ հիմնական նպատակի վրա. փոխակերպման ճանապարհին կարող եք հանդիպել բազմաթիվ գայթակղիչ հնարավորությունների, սակայն դրանց մեծ մասն էական օգուտ չի ապահովի և պարզապես կվատնի ձեր ռեսուրսները: Պետք է ներդրում կատարել գրագետ և մշակույթի վրա հիմնված փոխակերպման մեջ: Երբեմն դա հեշտ չի լինի. ձեզ հարկավոր կլինի հիմնական անձնակազմի աջակցությունն ու վստահությունը: Ուրիշների հաջողությունների ուղին ընդօրինակելը միշտ չէ, որ լավ բանաձև է արագ ձեռքբերումների համար:

Ի՞նչ թեմաներ եք պատրաստվում շոշափել Doing Digital Forum-ի շրջանակում:

Քրիս Սքիները, լինելով ֆորումի հիմնական բանախոսն ու մեկնաբանը, վարելու է քննարկումները` անդրադառնալով ներկայիս առավել արդիական թեմաներին: Ինչի մասին որ խոսվի` լինի դա տեսլականի և ռազմավարության մշակումը, կոնկրետ տեխնոլոգիաների և դրանց կիրառման դեպքերի վերլուծությունը, մշակույթի և առաջնորդության կարևորությունը, համագործակցության և փորձի փոխանակման ազդեցությունը թվային փոխակերպման գործընթացի վրա, վստահ եմ, որ մասնակիցը շատ հետաքրքիր մասնագիտական կարծիքներ կլսի և հեռանկարներ կբացահայտի:

Ի՞նչ կտա ֆորումը մասնակիցներին:

Քանի որ ֆորումին ներկա են գտնվելու ֆինանսատեխնոլոգիական ոլորտի առավել հայտնի ներկայացուցիչները, մասնակիցները հնարավորություն կունենան անմիջական դերակատարներից լսելու, թե ինչպիսին է լինելու ֆինանսական համակարգի ապագան: Բացի այդ, պանելային քննարկումների այլ հեղինակավոր մասնակիցներ կներկայացնեն իրենց մասնագիտական փորձը, և ներկաները կարող են եզրակացնել, թե ինչն է հաջողվել, ինչը՝ ոչ, որոնք են այն խնդիրները, որոնք հարկավոր է ուշադրության կենտրոնում պահել թվային փոխակերպման ընթացքում և այլն: Մասնակիցները կարող են նաև համագործակցության նոր հնարավորություններ բացահայտել, և, ինչպես արդեն նշեցի, կարծում եմ` հենց դա է թվային փոխակերպման հիմնական շարժիչ ուժերից մեկը:

***

Միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը, իսկ ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։

Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով և տեսլականով կկիսվի շուրջ 20 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից, McKinsey, Forbes, Visa, Hexens, Fastex, Apricot Capital, Revytech, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, FAST հիմնադրամից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից, SPRING PR ու Ամերիաբանկ ընկերություններից։

Doing Digital Forum-ի խոսնակները կպատմեն, թե ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության, կխոսեն տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության ռիսկերի կառավարման ու թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների մասին։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, Metaverse-ին, NFT-ին, եկամտի հնարավոր աղբյուրներին և դրանց առնչվող ռիսկերին։

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է,  ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ,  այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափներ, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ և այլն:

Շարքի նախորդ նյութերը՝

Թվային փոխակերպման ուղին հարթ անցնելու բանալին պլանավորման մեջ է. ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիների մանտրան

Թվային փոխակերպման գործընթացում կարևոր է պաշտպանել թիմակիցներին ձախողման վախից․ Մաքսիմ Միխալյով


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ