Երևանում ապրիլի 5-ին կկայանա առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը:
Ֆորումին ընդառաջ NEWS.am Tech-ն իրականացնում է հարցազրույցների շարք միջոցառման խոսնակների հետ։ Մեր զրուցակիցը Forbes Russia-ի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Ելենա Տոֆանյուկն է:
Տիկին Տոֆանյուկ, ինչպե՞ս եք սահմանում թվային փոխակերպումն ու, ըստ Ձեզ, ինչո՞ւ է այն այսօր այդքան կարևոր:
Թվային փոխակերպումը բեկումնային փոփոխություն բերող գործընթաց է, որին բախվում են գրեթե բոլոր ընկերություն՝ հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների զարգացման արագությունը: Այնուամենայնիվ, բեկումնային փոփոխությունը նոր բան չէ։ Դիտարկենք Studebaker-ը, որն արտադրում էր վագոններ, սայլակներ և կառքեր: Ընկերությունը կիրառեց նոր բեկումնային տեխնոլոգիաներն ու ավտոմոբիլային բիզնես մուտք գործեց 1902 թվականին՝ էլեկտրական մեքենաներով, իսկ 1904 թվականին՝ բենզինային մեքենաներով: Այնուամենայնիվ, Studebaker-ը դադարեց գոյություն ունենալ 60 տարի անց: Ահա, թե ինչու են թվային փոխակերպումն ու նոր տեխնոլոգիաներն այդքան կարևոր. բեկումը միշտ առկա է, և մենք պետք է տեսնենք և ընդունենք այն: Բայցև կարևոր է հիշել, որ թվայնացումը պետք է ծառայի բիզնես նպատակների, ինչպիսիք են արդյունավետության և գործառնական գերազանցության բարձրացումը, ոչ թե արվի միայն այն պատճառով, որ դա նորաձև է:
Որո՞նք են թվային փոխակերպումը խթանող միտումներն ու տեխնոլոգիաներն այսօր և որո՞նք են ուրվագծվում ապագայի համար։
Գարթների 2022 թվականի զեկույցն անդրադարձ է կատարում մի քանի նոր միտումների և տեխնոլոգիաների, որոնք ակնկալվում է, որ զգալի ազդեցություն կունենան բիզնեսի և հասարակության վրա առաջիկա 2-10 տարիների ընթացքում թվային փոխակերպման համատեքստում: Դրանցից մեկը հաճախորդի թվային երկվորյակն է (DToC). այն հաճախորդի դինամիկ վիրտուալ ներկայացուցիչն է, որը սովորում է ընդօրինակել և կանխատեսել վարքագիծը: DToC-ը կարող է օգտագործվել հաճախորդի փորձի բարելավման, ինչպես նաև թվայնացման նոր ապրանքների, ծառայությունների և հնարավորությունների աջակցման համար:
Երկրորդ միտումը արագացված արհեստական բանականության (ԱԲ) ավտոմատացումն է: Ինքնավար համակարգերն արագացված ԱԲ ավտոմատացման օրինակ են: Ինքնավար համակարգերը ինքնակառավարվող ֆիզիկական կամ ծրագրային համակարգեր են, որոնք կատարում են տիրույթով սահմանափակված առաջադրանքներ՝ դրսևորելով ինքնավարություն և ուսուցում: Ինքնավար համակարգերը օգտակար են, երբ ավանդական ԱԲ լուծումները չեն կարող հասնել բիզնեսի հարմարվողականության, ճկունության և շարժունության:
Վերջապես, երրորդ միտումը տեխնոլոգիաների օպտիմալացված առաքումն է, որը կենտրոնանում է թվային բիզնեսի կառուցման հիմնական բաղադրիչների վրա, ինչպիսիք են արտադրանքը, ծառայությունը կամ լուծումներ ստեղծող համայնքները և դրանց օգտագործած հարթակները:
Ի՞նչ խորհուրդ կտաք այն կազմակերպություններին, որոնք նոր են սկսում թվային փոխակերպման իրենց ուղին։
Ուշի ուշով հետևեք զարգացող տեխնոլոգիաներին, ժամանակին շրջադարձ կատարեք և հիշեք, որ մարդկային միտքը միշտ թերագնահատում է, թե որքան արագ են զարգանում տեխնոլոգիաները: Արժե հիշել Nokia և Kodak ընկերությունների պատմությունը. ընկերություններ, որոնք բաց թողեցին նոր տեխնոլոգիաները և կորցրին իրենց առաջատար դիրքն ու մասնաբաժինը շուկայում և, ի վերջո, իրենց բիզնեսը: Նոր միջավայրում հասուն ընկերություններին առնչվող մի հետաքրքիր փաստ կա. այն, ինչը նրանց անցյալում հաջող դարձրեց, ինչը կարող էր լինել նրանց հիմնական կարողությունը, դառնում է բացասական կողմ, քանի որ արդյունաբերությունը փոխվում է, իսկ որոշ ընկերություններ չեն ցանկանում փոխվել: Kodak-ը, օրինակ, շատ լավ տեղյակ էր թվային տեխնոլոգիաների ի հայտ գալու մասին: Նրանք փորձում էին փոխակերպվել, բայց անընդհատ թվում էր, որ մի քայլ հետ են մնացել։ Թերևս նրանց պայքարի պատճառներից մեկն այն էր, որ նրանք, ըստ էության, քիմիական ընկերություն էին ու նրանց ողջ տաղանդն ու ռեսուրսները քիմիական ճարտարագիտության մեջ էին:
Ի՞նչ թեմաներ եք պատրաստվում շոշափել Doing Digital Forum-ի շրջանակում:
Վերջին տարիներին մեդիան և լրագրությունը եղել են բեկումնային փոփոխությունների կիզակետում: Մենք հանդիպել ենք բազում մարտահրավերների՝ կապված սոցիալական մեդիա հարթակների, YouTube-ի և նույնիսկ Netflix-ի ի հայտ գալու հետ: Բովանդակության ստեղծումը չափազանց հեշտացել է, իսկ լրատվական բիզնեսի համար խոչընդոտները պարզապես վերացել են: Ի հայտ են եկել նոր բովանդակություն ստեղծողներ՝ պրոֆեսիոնալ լրագրողներից մինչև նրանք, ովքեր հանրությանն են ներկայանում սոցիալական մեդիա հարթակների, օրինակ Twitter-ի միջոցով: Լրատվամիջոցների արժեքային շղթան խաթարվել է, քանի որ մարդիկ այլևս չեն ցանկանում վճարել լրատվամիջոցներին տեղեկատվության համար, այն դեպքում, երբ այն հեշտությամբ կարող են ստանալ ամբոխից: Բացասական հետևանքներից մեկը փաստերի ստուգման բարդությունն է, որը հանգեցնում է կեղծ լուրերի և մանիպուլյացիաների կայծակնային տարածման:
***
Միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը, իսկ ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։
Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով և տեսլականով կկիսվի շուրջ 20 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, McKinsey, Visa, Fastex, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, FAST հիմնադրամից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից, SPRING PR ու Ամերիաբանկ ընկերություններից։
Doing Digital Forum-ի խոսնակները կպատմեն, թե ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության, կխոսեն տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության ռիսկերի կառավարման ու թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների մասին։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, Metaverse-ին, NFT-ին, եկամտի հնարավոր աղբյուրներին և դրանց առնչվող ռիսկերին։
Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ, այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափներ, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ և այլն:
Շարքի նախորդ նյութերը՝
Թվային փոխակերպման գործընթացում կարևոր է պաշտպանել թիմակիցներին ձախողման վախից․ Մաքսիմ Միխալյով
Մրցունակ մնալու համար ընկերությունների թվային փոխակերպումն այլընտրանք չունի. Հովհաննես Թորոյան






