Իլոն Մասկը Twitter-ի տնօրեն է «նշանակել» իր շանը

15 փետրվարի, 2023  12:02

Twitter-ի սեփականատեր և գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը Twitter-ում հումորային գրառում է արել՝ հրապարակելով իր շան լուսանկարը և նշելով, որ նրան սոցցանցի նոր տնօրեն է նշանակել։ Լրագրողների հարցին ի պատասխան Մասկը նաև ասել է, որ սոցհարթակի նոր տնօրենը գտնելու հարմար պահ կլինի այս տարվա վերջը, երբ սոցցանցում ամեն ինչ կայունանա։

«Twitter-ի նոր գործադիր տնօրենը ցնցող է: Շատ ավելի լավն է, քան այն մյուս տղան: Նա հիանալիորեն գլուխ է հանում թվերից: Նա նաև ոճային է»,- լուսանկարին կից գրել է գործարարը։

Լուսանկարում երևում է, թե ինչպես է Մասկի շունը՝ Ֆլոկին, նստած աշխատանքային սեղանի մոտ։ Շան հագին կա հագուստ՝ «CEO» (գլխավոր գործադիր տնօրեն - անգլ․) մակագրությամբ, իսկ սեղանին կան թղթեր, որոնց վրա շան թաթերի հետքեր կան: Ֆլոկիին Մասկը ձեռք է բերել 2021 թ․։

Elon Musk's dog .JPG (79 KB)

Հիշեցնենք, որ 2022 թ․ դեկտեմբերին Իլոն Մասկը հայտարարել էր, որ կթողնի Twitter-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, երբ գտնի այդ պաշտոնի համար «բավական հիմար ինչ-որ մեկին»։

Twitter-ի նոր տնօրեն գտնելու թեմային Մասկն անդրադարձել է նաև Դուբայում կայացած World Government Summit-ի ժամանակ, որին մասնակցել է տեսակապով։ Պատասխանելով հարցին, թե արդյոք գտել է Twitter-ի նոր գործադիր տնօրեն, նա ասել է, որ նոր տնօրեն գտնելու առումով, թերևս, 2023-ի վերջը հարմար պահ կլինի, հատկապես, որ ինքն ակնկալում է, որ մինչև տարվա վերջ սոցհարթակը կկայունանա։

«Կարծում եմ, որ ես պետք է կայունացնեմ կազմակերպությունը և պարզապես համոզվեմ, որ այն գտնվում է ֆինանսապես առողջ դիրքում, և որ այս պրոդուկտի ճանապարհային քարտեզը հստակորեն շարադրված է»,- ասել է Մասկը։

«Չգիտեմ, ենթադրում եմ, որ հավանաբար մինչև այս տարվա վերջը լավ ժամանակ կլինի գտնել մեկ ուրիշին, որը կղեկավարի ընկերությունը, քանի որ կարծում եմ, որ այն պետք է կայուն դիրքերում լինի»,- ասել է նա։

Նշենք, որ 2022-ի հոկտեմբերին Twitter-ը գնելուց հետո Մասկը աշխատանքից ազատել է ընկերության աշխատակիցների 2/3-ին (ժամանակին ընկերությունն ուներ ավելի քան 7500 աշխատակից, այժմ մնացել է մոտ 2300-ը)։ Բացի դրանից, Twitter-ի 1000 խոշոր գովազդատուների կեսից ավելին լքել է սոցհարթակը։  

CNN-ը տեղեկացրել էր, որ գովազդատուների հեռանալու հետևանքով գովազդից ստացվող ամսական եկամուտը հոկտեմբերից մինչև հունվարի 25-ը նվազել է ավելի քան 60%-ով՝ շուրջ 127 մլն դոլարից մինչև 48 մլն դոլար։ Նախկինում Twitter-ը գովազդից տարեկան ստանում էր մոտ 4.5 մլրդ դոլարի եկամուտ։

Փորձագետների կարծիքով՝ խոշոր գովազդատուների հեռանալու հիմնական պատճառը Իլոն Մասկն է, որն անձամբ է զանգահարել որոշ ընկերությունների ղեկավարների և «նախատել» նրանց ու կոնֆլիկտներ ունեցել նրանց հետ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ