Ինչպե՞ս ճիշտ լիցքավորել հեռախոսը և երկարացնել մարտկոցի կյանքը

11 փետրվարի, 2023  13:03

Սմարթֆոնների մարտկոցները ժամանակի ընթացքում հնանում են, դեֆորմացվում և մեկ լիցքավորմամբ հեռախոսն աստիճանաբար ավելի քիչ ժամանակ է աշխատում։ Սա, իհարկե, անխուսափելի է։ Սակայն կան որոշ կանոններ, որոնք օգնում են երկարացնել մարտկոցի կյանքը։ Եվ այսպես, փորձենք հասկանալ, թե ինչպես պետք է ճիշտ լիցքավորել սմարթֆոնը, որպեսզի մարտկոցն ավելի երկար կյանք ունենա։

Հեռախոսը լիցքավորել մասնակի

Մարտկոցների մասին առավել տարածված միֆերից մեկն այն է, որ պետք է ժամանակ առ ժամանակ ամբողջությամբ լիցքաթափել մարտկոցը և նորից լիցքավորել այն: Սա կապարի թթվային մարտկոցների դարաշրջանից մնացած միֆ է և լիթիում-իոնային մարտկոցների համար սրանից վատ բան, թերևս, դժվար է մտածել։

Խորհուրդ է տրվում լիթիում-իոնային մարտկոցներով հեռախոսները լիցքավորել ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակի։ Մասնակի լիցքավորումը կարող է դրական ազդել մարտկոցի երկարակեցության վրա: Սա հասկանալու համար, պետք է իմանալ, թե ինչպես է մարտկոցը լիցքավորվում:

Phone-Battery-Not-Holding-Charge.jpg (30 KB)

Լիթիում-իոնային մարտկոցները մշտական հոսանք են օգտագործում և աշխատում են ավելի ցածր լարման տակ, երբ արդեն մոտ են լիցքաթափմանը: Մարտկոցի լիցքավորմանը զուգահեռ այս լարումն աստիճանաբար աճում է, և երբ մարտկոցն արդեն մոտ 70%-ով լիցքավորված է, հոսանքի հոսքը նվազում է մինչև մարտկոցի լիցքավորվումն ամբողջությամբ։ Հենց այս պատճառով է, որ 70%-ից մինչև 100% լիցքավորումն ավելի դանդաղ է ընթանում, քան մինչև 70% լիցքավորվելը։

Ցածր լարման տակ աշխատելը լավ է մարտկոցի կյանքի տևողության համար։ Ավելի լավ է հեռախոսն օրվա ընթացքում մի քանի անգամ լիցքավորել մասամբ, քան մեկ անգամ ամբողջությամբ։ Հետևաբար, հեռախոսը լիցքավորելը 30%-80% միջակայքում թույլ է տալիս լարումը ավելի ցածր պահել և մի փոքր երկարացնել մարտկոցի կյանքը:

Խուսափել հեռախոսը գիշերը լիցքավորելուց

charging at night.JPG (34 KB)

Հեռախոսը գիշերը լիցքավորելը շատ տարածված սովորություն է, բայց այն խորհուրդ չի տրվում մի քանի պատճառներով (ի դեպ, այստեղ ևս հին միֆ կա, թե հեռախոսն այս դեպքում  «կգերլիցքավորվի»): Նախ՝ մարտկոցի շարունակական լրիվ լիցքավորումը կարող է մետաղական լիթիումի նստվածք առաջացնել մարտկոցում, ինչը երկարաժամկետ հեռանկարում նվազեցնում է մարտկոցի կայունությունը և հազվադեպ դեպքերում կարող է հանգեցնել ամբողջ համակարգի անսարքությունների: Երկրորդ, ինչպես վերը նշեցինք, ամբողջությամբ լիցքավորման դեպքում մարտկոցն ավելի բարձր լարման տակ է աշխատում, ինչը վատ է մարտկոցի համար։ Երրորդ և ամենակարևորը, շարունակական լիցքավորման ժամանակ էներգիայի վատնման հետևանքով առաջանում է ավելորդ ջերմություն, ինչը ևս լավ չէ մարտկոցի համար։

Ջերմությունը՝ մարտկոցի երկարակեցության թշնամի

Հեռախոսի մարտկոցի երկարակեցության և առավելագույն աշխատանքի համար ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև ջերմաստիճանը։ Բարձր լարման դեպքում բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում մարտկոցի վրա, ինչի արդյունքում այն կորցնում է իր հզորությունը շատ ավելի արագ, քան ցածր ջերմաստիճանի պարագայում։

Մարտկոցը +25- +40 աստիճանի պայմաններում կպահպանի իր հզորության մոտ 85%-96%-ը հեռախոսի օգտագործման առաջին տարուց հետո, իհարկե, խելամիտ լիցքավորման ցիկլերի դեպքում: Եթե ջերմաստիճանը պարբերաբար բարձրանա 40°C-ից և հեռախոսը լիցքավորվի մինչև 100%, ապա մեկ տարի հետո մարտկոցը կպահի իր նախկին հզորության ընդամենը 65%-ը, իսկ +60-ի դեպքում այս նույն ցուցանիշը կգրանցվի ընդամենը երեք ամսում։

Այսօր շատ տարածված է նաև արագ լիցքավորումը։ Սա խնդիր չէ մարտկոցի համար, եթե լիցքավորման ցիկլը տևում է 5-15 րոպե, այս դեպքում արագ լիցքավորումը չի հանգեցնի գերտաքացման լուրջ խնդիրների։ Իսկ ամբողջությամբ լիցքավորման համար արագ լիցքավորումը խորհուրդ չի տրվում։

Չօգտագործել հեռախոսը լիցքավորման ժամանակ
The-Best-Way-to-Charge-Your-Device.jpg (60 KB)

Խորհուրդ չի տրվում սմարթֆոնն օգտագործել լիցքավորման ժամանակ (հատկապես խաղեր խաղալ կամ տեսանյութեր դիտել), քանի որ այն խոչընդոտում է լիցքավորման ցիկլին և առաջացնում է մինի ցիկլեր, որտեղ մարտկոցի մի մասը անընդհատ լիցքավորման ցիկլի մեջ է, իսկ դրա հետևանքով այն ավելի արագ է փչանում, քան մարտկոցի մնացած մասը:

Այս խնդրից խուսափելու լավագույն միջոցը, թերևս, հեռախոսն անջատելն է լիցքավորման ժամանակ: Իսկ եթե դա հնարավոր չէ, ապա կարելի է սահմանափակվել համացանցի դիտարկմամբ (բայց տեսանյութեր չդիտել)։ 


 
 
 
 
  • Արխիվ